Թինա Աֆյան Բրեյովա. «Հայ ոգին ստեղծված է արվեստի համար»

ԵՐԵՎԱՆ-ԼՈՆԴՈՆ – 1993 թվականին Սլովակիայում ծնված Թինա Աֆյան Բրեյովան մրցանակների արժանացած բեմական շարժման ռեժիսոր, կատարող, պարադիր եւ պարուսույց է: Ուսանելով Բրյուսելի P.A.R.T.S. արդի պարի դպրոցում եւ Պրահայի Դունկան կենտրոնի կոնսերվատորիայում՝ նա ստեղծել է բազմաճյուղ ինքնատիպ կարիերա պարի, թատրոնի, կինոյի եւ կրկեսի հատման կետերում: Որպես կատարող Թինան համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների եւ կոլեկտիվների՝ Մարինա Աբրամովիչի, Ալեքսանդր Վանտուրնհաութի, Ռոբերտո Օլիվանի, Թոմաս Ռիքվեարթի, Միլան Տոմաշիկի, Վիլի Դորների, անգլիական «Գեքո» թատրոնի, չեխական Լա Պուտիկա կրկեսի եւ այլոց հետ: Կինոյի եւ երաժշտական տեսահոլովակների ոլորտում նա համագործակցել է Փոլ Թոմաս Անդերսոնի, Թոմ Յորքի, Դամիեն Ժալեի, Սայմոն Ռիշելի, Էմմա Ֆարնել-Ուոթսոնի, Ջո Քոնորի, Էմիլ Ռաֆայելի եւ Ռան Լիի հետ: Աշխատել է նաեւ հոլիվուդյան «Ուորներ բրադերս» եւ «Յունիվերսըլ փիքչըրս» կինոստուդիաների բեմական շարժման բաժիններում:

Որպես անկախ խորեոգրաֆ՝ Թինան ճանաչման է արժանացել իր «Շալախո» մենաներկայացմամբ եւ «Կապույտ մեգ» զուգապարով: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ազդեցությամբ նրա «Ռուինա» զուգապարը ներկայացվել է Եվրոպայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի տարբեր երկրներում: Նա պարբերաբար հրավիրվում է որպես շարժման բեմադրիչ եւ պարադիր՝ տարբեր բեմադրություններում համադրելով ֆիզիկական կատարումը, դրամատուրգիան եւ միջգիտակարգային ստեղծագործությունը:

Այժմ Թինայի հետազոտությունը կենտրոնացած է արհեստական բանականության, ձայնի եւ ներգրավող կատարողական արվեստի փոխհարաբերության վրա: Այն զարգանում է արհեստական բանականության մասնագետ Քոլաս Ֆիշմանի եւ ձայնային դիզայներ Լորան Դելֆորժի հետ համագործակցությամբ: Թինան նաեւ «Գործողության առանցք» (Axis of Action) միջգիտակարգային ուսուցման եւ կատարողական մեթոդաբանության հիմնադիրն է, որը շարունակաբար զարգացնում եւ դասավանդում է միջազգային մակարդակով:

2020 թվականից Թինան դասավանդում է Լոնդոնի Արդի պարի դպրոցում: 2023-ին նա միացել է Պարային մագիստրոսական ծրագրի դասախոսական թիմին, որը Միացյալ Թագավորության առաջատար հետբուհական պարարվեստի ծրագրերից մեկն է:

Հարգելի՛ Թինա, դուք աշխատել եք պարի, թատրոնի, կրկեսի, երաժշտական տեսահոլովակների եւ խոշոր կինոարտադրությունների ոլորտներում: Ինչպե՞ս է շարժման բեմադրության նկատմամբ ձեր մոտեցումը փոխվում կենդանի կատարումների եւ կինեմատոգրաֆիական միջավայրի միջեւ:

-Շատ լավ հարց է: Նախ կասեի, որ շարժման բեմադրմանը մոտենում եմ պարուհու տեսանկյունից: Նույն կերպ, ինչպես դերասանները, որոնք զբաղվում են նաեւ ռեժիսուրայով, գործընթացին ինչ-որ ուրիշ մի բան են բերում, քան միայն ռեժիսուրայով զբաղվածները, ես այս աշխատանքին մոտենում եմ որպես մասնագետ պարուհի: Ես ունեմ մարմնավորված գիտելիք եւ աշխատում եմ այն նույն լեզվով, որով հաղորդակցվում եմ իմ համագործակից կատարողների հետ:

Կենդանի աշխատանքի եւ կինոյի կադրը բոլորովին տարբեր է, սակայն էությունը՝ լիովին ներկա լինելու անհրաժեշտությունը, մնում է նույնը: Տեսախցիկի դեպքում դուք խորեոգրաֆիա եք ստեղծում այն ամենի համար, ինչ տեսնելու է օբյեկտիվը: Ուստի իմ աշխատանքը փոխվում է. սենյակում էներգիան դեպի դուրս ուղղորդելու փոխարեն ես այն ուղղորդում եմ դեպի կադրը, որը հետագայում դիտվելու է: Բայց այն հարցը, որ միշտ տալիս եմ ինքս ինձ, նույնն է՝ ի՞նչ պետք է հաղորդի այս շարժումը:

Համագործակցելով այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Մարինա Աբրամովիչը եւ Փոլ Թոմաս Անդերսոնը, այս միջգիտակարգային համագործակցություններից ի՞նչ եք սովորել մարդկային մարմնի արտահայտչական հնարավորությունների մասին:

-Օ՜: Այս հարցն ինձ ստիպում է մտածել այն մասին, որ ես միշտ սիրել եմ աշխատանքի շատ լայն շրջանակ, եւ երբ հետադարձ հայացք եմ նետում անցած ճանապարհիս, հասկանում եմ, որ իսկապես աշխատել եմ ամենատարբեր ժանրերում: Փոլ Թոմաս Անդերսոնի հետ «Անիմա» ֆիլմում աշխատելը (որը կարելի է դիտել «Նեթֆլիքսով») բոլորովին այլ էր, քան Մարինա Աբրամովիչի հետ Արվեստի թագավորական ակադեմիայում աշխատելը: «Անիմայում» ես միայն մի փոքր դեր ունեի Դամիեն Ժալեի ստեղծած խորեոգրաֆիայի շրջանակում. իրականում դա պատահական հանդիպման արդյունք էր: Բայց ինչ հիմնականում սովորեցի՝ դիտելով Թոմ Յորքին եւ տեսնելով, թե ի՜նչ հազվագյուտ պրոֆեսիոնալ է նա, այս երկու աշխատանքների միջեւ եղած ընդհանրությունն էր՝ դիմացկունությունը: Երբ մեկը մյուսի հետեւից կրկնօրինակներ եք նկարահանում, պետք է շարունակեք աշխատել նույն նվիրվածությամբ, ինչպես Մարինայի աշխատանքի դեպքում. այն կատարելիս պետք է ամբողջությա՛մբ նվիրվել դրան:

Որպես «Գործողության առանցքի» հիմնադիր եւ Լոնդոնի Արդի պարի դպրոցի դասախոս՝ ո՛ր սկզբունքներն եք համարում ամենակարեւորը՝ պարողների եւ շարժման ռեժիսորների հաջորդ սերնդին պատրաստելու համար:

-Սա հենց այն հարցն է, որ մենք ինքներս մեզ տալիս էինք, երբ ստեղծում էինք պարի մագիստրոսական դասընթացը: Եվ ես բախտավոր եմ, քանի որ «Գործողության առանցքն» ինձ տանում է բազմաթիվ տարբեր երկրներ, փառատոներ եւ հաստատություններ՝ հնարավորություն տալով տեսնել այս ոլորտում ի հայտ եկող միտումները: Իսկ տեսնում ենք, որ պարողներն ավելի հազվադեպ են երկար տարիներ աշխատում որեւէ թատրոնում կամ ընկերությունում. իրականում նրանց մեծ մասն այսօր ազատ ստեղծագործողներ են: Շատ մրցակցային ոլորտում գոյատեւելու եւ հաջողության հասնելու համար նրանք պետք է լինեն բազմակողմանի եւ չվախենան փորձարկել տարբեր ոճեր ու աշխատանքաեղանակներ: Նրանք պետք է բաց պահեն իրենց միտքը:

Ձեր ճանաչված «Ռուինա» զուգապարը ներշնչված է Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից: Ի՞նչն առաջին հերթին ձեզ գրավեց այս թեմայի մեջ, եւ ինչպե՞ս կարողացաք այդպիսի խորը պատմական ողբերգությունը առանց բառերի վերածել շարժման:

-Սկսենք այն բանից, որ ես պարզապես փորձեցի. նման ողբերգությունը հնարավոր չէ իսկապես վերարտադրել: Զուգապարն ավելի քիչ էր հիմնված բուն երկրաշարժի եւ ավելի շատ՝ այն ամենի վրա, ինչը թողել էր իր հետեւից. տարածքներ, որոնք երբեմնի լի էին կյանքով, իսկ այժմ ավերված ու դատարկ էին: Ինձ գրավեց ոչ թե բուն իրադարձությունը, այլ դրա հետեւանքը: Բախտավոր էի՝ աշխատելով երկու փայլուն պարողների հետ եւ հիմնականում կենտրոնացա փոխկախվածության գաղափարի վրա: Մենք ցանկանում էինք ստեղծել այնպիսի շարժումներ, որոնք հնարավոր չէին լինի, եթե մյուս մարդը ներկա չլիներ:

Դուք հայ-չեխական ընտանիքից եք: Ձեր մայրը՝ Գայանե Աֆյան Բրեյովան, հայտնի ռեստորանատեր, խոհարարական գրքերի հեղինակ եւ հեռուստահաղորդավար է, որը հայտնի է Մոսկվայում եւ Պրահայում հայ ավանդական խոհարարական ժառանգությունը տարածելու գործունեությամբ: Ինչպե՞ս է ձեր բազմամշակութային միջավայրը ձեւավորել ձեր գեղարվեստական ինքնությունը:

-Կարծում եմ՝ արվեստն իր էությամբ անձնական է: Յուրաքանչյուր մշակույթ, որին առնչվել եմ, նույնիսկ այն մշակույթները, որոնք պարզապես դրանց մեջ ապրելու միջոցով են ինձ ձեւավորել, իմ ինքնության մի մասն են: Ես ապրել եմ յոթ երկրում, այնպես որ ճանապարհիս բազմաթիվ ազդեցություններ եմ կրել:

Մայրս, որ ծնունդով Երեւանից է, միշտ ջատագովել է հայ մշակույթը, եւ այն արտահայտելու իր միջոցը խոհանոցն է. այդ առումով նա եզակի է: Երբ Չինաստանում ապրելուց հետո վերադարձա նրա մոտ, նա տոլմա պատրաստեց, եւ ես լաց եղա: Խոհանոցը հիշողություն է, եւ այն հիշողության ամենապարզունակ ձեւերից մեկն է:

Հայրս միշտ չեխերեն էր խոսում մեզ հետ, եւ այն, հավանաբար, այսօր իմ ամենաուժեղ լեզուն է: Լեզուն ձեւավորում է աշխարհը հասկանալու մեր եղանակը, իսկ ռուսերեն, կոտրված հայերեն, անգլերեն ու չեխերեն խոսելն ազդում է իմ մտածողության եւ, դրանով իսկ՝ իմ արվեստի վրա:

Վերջերս Հայաստանում ժամանակակից պարի ոլորտը բավական աշխուժացել է: Ինչպիսի՞ն էր ձեր փորձառությունը անցած օգոստոսի 3-4-ին Երեւանում կայացած վարպետության դասի ընթացքում:

-Ես շատ ուրախ էի Երեւանում դասավանդելու համար: Պետք է խոստովանեմ, որ դեռեւս բավականաչափ լավ չեմ ճանաչում այդտեղի արդի պարի ասպարեզը. կցանկանայի ավելի լավ ճանաչել, այնպես որ, երբ ժամանակ ունենաք, խնդրում եմ՝ ազատ զգացեք ինձ լուսավորելու այդ հարցում:

Վարպետության դասը հնարավորություն էր ոլորտը հասկանալու՝ անմիջականորեն ստուդիայում գտնվելով: Իմ հիմնական մասնագիտացումը արհեստավարժ մակարդակով դասավանդելն է՝ աշխատելով իրենց մասնագիտության մեջ կայացած պարողների հետ: Նման մակարդակի պրոֆեսիոնալիզմով ոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ են ներդրումներ մշակույթի մեջ եւ դրա անկեղծ գնահատանք: Միայն այդ դեպքում ծնողները, երեխաները եւ չափահաս պարողները կհավատան, որ սա այնպիսի կարիերա է, որին արժե նվիրվել:
Ես ակնկալում էի հանդիպել խարիզմատիկ եւ գեղեցիկ մարդկանց, եւ այդպես էլ եղավ. հայ ոգին ստեղծվա՛ծ է արվեստի համար: Ես իսկապես հույս ունեմ, որ ավելի շատ հայ պարողների կտեսնենք, որոնք իրենց հետքը կթողնեն թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում…

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ

Leave a Comment