Սիրիահայ արվեստագիտուհի Ստեֆանի Սանոսյանն իր արվեստի մասին

Քուվեյթի «CP Magazine» էլեկտրոնային հանդեսը սեպտեմբերի 2-ին հրապարակել է հարցազրույց սիրիահայ արվեստագետ Ստեֆանի Սանոսյանի հետ՝ «Երկու աշխարհների միջեւ պատկանելիության արվեստը» խորագրով: Սանոսյանը ծնվել եւ մեծացել է Հալեպում, այժմ բնակվում է Դուբայում: Ըստ հարցազրույցի՝ Սանոսյանի համար արվեստը պարզապես ստեղծագործելու միջոց չէ, այլ պատմություններ, հիշողություններ եւ մշակութային ժառանգություն հավաքելու, պահպանելու ու վերաիմաստավորելու ձեւ: Նրա մանկության՝ Հալեպի գունեղ, համայնքային եւ բազմամշակութային միջավայրի հիշողությունները շարունակում են կարեւոր դեր ունենալ նրա արվեստում: Սիրիական եւ հայկական մշակույթների համադրությունը նրան տվել է ինքնության բազմաշերտության գիտակցում, եւ նա իր աշխատանքներում չի փորձում այդ բարդությունը պարզեցնել: Նրա ստեղծագործական ճանապարհը ներառում է թվային կոլաժներ, խառը տեխնիկա, ինստալացիաներ եւ ձեռագործ աշխատանքներ: Ստեֆանի Սանոսյանը նախկինում Սիրիայի բնապատկերներում տեղադրում էր հանրահայտ մարդկանց ու նորաձեւության կերպարներ՝ փորձելով ցույց տալ Սիրիան պատերազմից եւ ավերածություններից դուրս՝ որպես մշակույթի, ստեղծագործության եւ առօրյա կյանքի երկիր: Հետագայում կարեւոր դեր է ստացել սքեյթբորդը, որն, ըստ արվեստագետի, դարձել է իր «տեսողական լեզուն»՝ արեւմտյան մշակութային առարկան համադրելով սեփական մշակութային պատմությունների հետ:

Սանոսյանն իր արվեստի հիմնական թեմաներից է համարում սիրիահայ ներգաղթյալի անցած ուղու փաստագրումն ու հիշողության պահպանումը: Ստեղծագործական առումով նա իրեն առավել հարմարավետ է զգում հենց մշակույթների միջեւ եղած տարածքում, այնտեղ՝ որտեղ տարբեր գաղափարներ կարող են հանդիպել: Նրա ցանկությունն է, որ իր արվեստը մարդկանց քաջություն տա արտահայտելու այն, ինչից վախենում են, եւ շարունակելու հարցեր տալու եւ աշխարհը բացահայտելու գործընթացը:

Ա. Բ.

Leave a Comment