Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է։ Այցի մասին ՀՀ քաղաքացիները իմացան հենց մեկնելու օրը՝ սեպտեմբերի 9-ին։ Վարչապետն ինքն էր այդ մասին հայտնել սոցցանցում՝ ինքնաթիռից։ Նիկոլ Փաշինյանը Փարիզ մեկնելու երկու նպատակի մասին է հաղորդել՝ մասնակցություն Միջազգային տիեզերական գագաթնաժողովին և հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնում սովորական ուղևորատար չվերթով։ Դա հասկանալի է դառնում հենց նրա հրապարակած տեսանյութից․
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում հենց այն փաստի վրա, որ այցը անսպասելի էր, համենայնդեպս ՀՀ քաղաքացիների համար։ Նա չի բացառում, որ սա, այսպես ասած, «կանխարգելիչ» քայլ է մոսկովյան հանդիպումների օրակարգին ընդառաջ։ Ըստ վերլուծաբանի՝ Պուտինի խոսնակի խոսքերից արդեն կարելի է կոնկրետ ենթադրություններ անել․
«Պեսկովը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կլինի Պուտին-Փաշինյան հանդիպում ու դրանից հետո ասաց, որ կքննարկվի հանրաքվեի հետ կապված հարցը ու դրանից հետո միայն առևտրի հարցերը կքննարկեն։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ Ռուսաստանը ոչ մի բան չի փոխում իր դիրքորոշման մեջ, Մոսկվա գնալը արդյունք չի տա, նույնիսկ, եթե ինքը գնա։ Ու դա է պատճառը, որ հենց հիմա մեկնեց Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա` Մակրոնի հետ հանդիպելու համար։ Դրական եմ համարում, եթե Մակրոնի հետ հանդիպումը նվիրված լինի հենց նոր իրավիճակի, երբ Ռուսաստանը ոչ մի այլ բան չի ուզում լսել ու Հայաստանի առջև փակ է պահում շուկան»։
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը համոզված է, որ ԵՄ և մասնավորապես Ֆրանսիայի շուկան հետաքրքիր առաջարկներ կարող են ունենալ Հայաստանի արտադրողների համար։ Ֆրանսիա հասած հայկական ծիրանի առաջին խմբաքանակի օրինակով դեսպանը պատմում է հայ արտադրողների առաջնային անորոշություններն ու ռիսկերը հաղթահարելու մասին․
«Բնականաբար Եվրամիության, Ֆրանսիայի շուկան բավականաչափ մեծ և գնողունակ շուկա է, բայց շատ խիտ է և այնտեղ «նիշա» գտնելու համար որոշակի գիտելիք, քաջություն, ռիսկ, անորոշություններ կան։ Այդ անգամը, որ ծիրանը հասավ Ֆրանսիա, այդ մի անորոշության շեմը անցանք, թե ինչպես է հնարավոր առաջին քայլը անել։ Մի քանի խնդիրներ կան։ Ճանաչելիության խնդիրը առաջինն է։ Մեր ծիրանը օվալաձև է, դեղին և համով, իսկ իսպանական ծիրանը ավելի կլոր և կարմիր է։ Որոշակի հարցեր կային՝ արդյո՞ք սա ծիրան է իսկական։ Այդ դիվերսիֆիկացիայի համար մեզ պետք են նոր լոգիստիկ լուծումներ, ճանապարհներ, սերտիֆիկատներ, այսինքն` թղթաբանություն։ ԵՄ-ն ստանդարտների մասին է»։
Հայաստանի վարչապետի այցի մյուս առիթը Միջազգային տիեզերական գագաթնաժողովն է։ Փարիզում այն առաջին անգամ է անցկացվում։ Իսկ նախաձեռնողը հենց Ֆրանսիայի նախագահն է։ Գագաթնաժողովի քննարկումների առանցքում տիեզերական անվտանգության հարցերն են, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաները։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ։
Reuters-ի փոխանցմամբ, սակայն, գագաթնաժողովը բոյկոտել են ամերիկյան տեխնոլոգիական հսկաները, օրինակ՝ Իլոն Մասկի SpaceX-ը և Ջեֆ Բեզոսի Blue Origin-ը: Չեն մասնակցում նաև մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին: Ֆրանսիան առաջ է մղում տիեզերքում Եվրոպայի ինքնավարության մեծացման գաղափարը, մինչդեռ Գերմանիան ավելի քիչ է հակված «դռները փակելու» ամերիկյան SpaceX-ի առջև, ինչպես նաև տարբերվող մոտեցում ունի Իլոն Մասկի Starlink-ին հակազդելու հարցում:
Ուշագրավ է, որ Փարիզի անվտանգային գլոբալ հավակնությունները և քաղաքականության փոփոխությունը նկատելի է անգամ Երևանի դեպքում։ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպանի նշանակումը հենց դա է վկայում։ Նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն Հայաստանում հասցրել է իր հավատարմագրերը հանձնել Հայաստանի նախագահին, հանդիպել արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարի հետ ու առաջին հանդիպումն անցկացնել դեսպանության թիմի հետ։ Սակայն, մինչև նրա Հայաստան գալը, հայտնի դարձավ, որ Էսկյուդիեն մասնագիտացած է ռազմավարական հարցերի, անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտներում։ Ըստ ֆրանսիական աղբյուրների՝ նա որոշ ժամանակ եղել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի կաբինետի դիվանագիտական խորհրդականը։ Իսկ այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Ֆլորիան Էսկյուդիեի նշանակումը պարզապես հերթական դիվանագիտական փոփոխությունը չէ։ Նրա կենսագրությունն ու նշանակման համատեքստը հիմք են տալիս ենթադրելու, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների անվտանգային բաղադրիչը նոր դեսպանի օրոք կարող է ավելի խորանալ։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հաստատում է, որ Հայաստան-Ֆրանսիա միջպետական և ռազմավարական գործընկերությունը նոր թափ ստացավ մայիսի 5-ին, երբ Մակրոնը Հայաստանում էր․
«Այսօրվա միջազգային հարաբերություններում դա նշանակում է, որ որոշ ստրատեգիական նշանակության ոլորտներում երկու երկրները կարևորում են միմյանց հետ համագործակցությունը։ Փաստաթղթում մի 9-10 ոլորտ ունենք, մոտ 40-ից ավելի հանձնառություններ։ Բավականաչափ ծավալուն փաստաթուղթ է։ Քաղաքական կոմպոնենտից զատ շատ էական է նաև ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտի համագործակցությունը, որը մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման կարևոր գործիքներից մեկն է։ Նաև կուզեի նշել տնտեսական ոլորտը»։
Դեսպան Խաչատրյանի կարծիքով, սակայն, ամենակարևորն այն է, որ ռազմավարական գործընկերությունները ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի են, այլ հանուն ինչ-որ բանի։