ՀԷՑ-ը կարող է անցնել պետությանը․ կառավարությունը նախատեսում է բաժնետոմսերի օտարում

Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ և դրանք օրենքով սահմանված կարգով օտարել։ Նախագծի հիմնավորմամբ՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի բաշխման համակարգի ռազմավարական նշանակությամբ և դրա անխափան ու կայուն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ՀԷՑ) Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է էլեկտրաէներգիայի բաշխում՝ ապահովելով բնակչության, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման համակարգերի, կապի և տնտեսության բնականոն աշխատանքը։ Էլեկտրամատակարարման խափանումը անմիջական ազդեցություն ունի ազգային անվտանգության, առողջապահության և հասարակական կայունության վրա։

ՀԷՑի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէայլ հանրային նշանակության ենթակառուցվածքի կառավարումորը ենթակա է խիստ պետական վերահսկողության։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցումը ցույց է տվել, որ պետությունը գնահատել է հնարավոր խախտումները որպես այնպիսիք, որոնք կարող են վնասել հարյուր հազարավոր բաժանորդների շահերը։ Հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։

 «էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ  հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ անձի բաժնետերերին (մասնակիցներին) առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկը ներկայացվել է դեռևս 17022026 թվականին, որի վերաբերյալ սահմանված ժամկետում բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել, առաջարկը ստացվել է 22052026թ-ին։

Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի՝ 2025 թվականին նոյեմբերի 17-ին ընդունված №377-Ա որոշմամբ դադարեցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման թիվ 0092 լիցենզիայի գոծողությունը՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

«Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) հայցադիմում է ներկայացրել Վարչական Դատարան ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 17.11.2025 թվականի №377-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Կառավարության կողմից բաժնետիրոջը բաժնետոմսերը գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարելու առաջարկություն անելու, այդ օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարվելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որը թիվ ՎԴ/21695/05/25 վարչական գործով 27.03.2026թ.-ին կայացված վճռի համաձայն՝ մերժվել է: Սույն գործի շրջանակում Ընկերության կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունները ևս մերժվել են:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը, 17022026թ. թիվ ԴԽ/211/5614-2026 գրությամբ Կառավարության անունից Ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մյուս բաժնետիրոջը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» Ընկերությանը, առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով օտարել  «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը։ Վերը նշված գրությամբ Ընկերությանն առաջարկվել է պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի ավարտը, այն է՝ սույն թվականի փետրվարի 21-ը։ Նշված ժամկետում պատասխան չներկայացնելը կդիտարկվի որպես Կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում։

ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3948/05/26 վարչական գործով 2026 թվականի ապրիլի 18-ի վճռի համաձայն՝ «Տաշիր Կապիտալ»  ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության բավարարվել է և ճանաչվել է ՀՀ կառավարության առաջարկության հիման վրա վերջինիս հետ համաձայնեցված կարգով «Տաշիր Կապիտալ»  ՓԲԸ 70% բաժնեմասի՝ հայցվորի կողմից օտարվելու հնարավորության իրավահարաբերության առկայությունը մինչև 25.05.2026 թվականն ընկած ժամանակահատվածը: Նշված գործի շրջանակում Դատարանի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարավել է:

Վերոնշյալի արդյունքում Ընկերությունը հնարավորություն է ունեցել քննարկել առաջարկը մինչև 25.05.2026 թվականն ընկած ժամանակահատվածը:

«Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ կառավարության՝ Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, սակայն թիվ ՎԴ/11316/05/26 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի որոշմամբ ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Ընկերությունը Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով ընկերության բաժնետոմսերը օտարելու եռամսյա ժամկետի ընթացքում չի իրացրել գույքը կամավոր տնօրինելու օրենքով նախատեսված իր իրավունքը։

         Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են։ Դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը։ Նման ոլորտներում պետության վերահսկողության ուժեղացումը հաճախ հիմնավորվում է հանրային անվտանգության և կայունության նկատառումներով։

         Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության գերակա շահի նպատակով՝ օրենքով սահմանված դեպքերում և համաչափության սկզբունքով։ Եթե պետական մարմինը հիմնավորում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առկա խնդիրները վտանգում են հանրային շահը, ապա միջամտությունը կարող է իրավաչափ համարվել։

         Էլեկտրաէներգիայի մատակարարումը չի կարող դադարել նույնիսկ կառավարման ճգնաժամի դեպքում։ Հետևաբար պետությունը պարտավոր է առաջնահերթ ապահովել համակարգի անխափան աշխատանքը՝ անկախ մասնավոր ընկերության վիճակից կամ սեփականատիրոջ փոփոխությունից։

         ՀՀ Սահմանադրական դատարանը 2026 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ, անդրադառնալով «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածով նախատեսված կանխարգելիչ միջոցառումներին, արձանագրել է, որ դրանք նպատակ են հետապնդում, մասնավորապես, կանխել լիցենզիա ունեցող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը, ապահովել հարուցված վարչական վարույթի անխոչընդոտ և բնականոն ընթացքը, ինչպես նաև էներգետիկ համակարգի կայունությունը և գործառութային ամբողջականությունը, էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը։

         Սահմանադրական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նշված կանխարգելիչ միջոցառումները կիրառվում են վարչական վարույթի շրջանակներում՝ իրավախախտումների բնույթով և գործի կոնկրետ հանգամանքներով պայմանավորված, և դրանց կիրառումը հանդիսանում է սեփականության իրավունքի տարր համարվող օգտագործման (կառավարման) իրավազորությունը ժամանակավորապես սահմանափակող միջամտություն՝ առանց այդ իրավունքի էությունը խաթարելու։

         Անդրադառնալով ժամանակավոր կառավարչի ինստիտուտին՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները, իսկ լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց լիազորություններն իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։

         Միաժամանակ Սահմանադրական դատարանը նշել է, որ նման կարգավորման նպատակն է համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ կանխել լիցենզիա ունեցող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումները, ապահովել վարչական վարույթի անխոչընդոտ ընթացքը, ինչն էլ վերջնարդյունքում միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և անխափան գործունեության շարունակականության երաշխավորմանը։

         Վերոգրյալից հետևում է, որ ժամանակավոր կառավարչի ինստիտուտը, իր իրավական բնույթով և Սահմանադրական դատարանի կողմից դրա համար մատնանշված նպատակներով, ուղղված է նախևառաջ առկա ռիսկերի կանխարգելմանը, վարչական վարույթի բնականոն իրականացման ապահովմանը և էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն ու անխափան գործունեության շարունակականության երաշխավորմանը։ Միաժամանակ այդ միջոցը կիրառվում է վարչական վարույթի շրջանակներում և ունի ժամանակավոր բնույթ։

         Հետևաբար, ժամանակավոր կառավարման կիրառումը, ապահովելով էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն գործունեության շարունակականությունը, ինքնին չի հանդիսանում այդ համակարգի երկարաժամկետ և կայուն կառավարման վերջնական իրավական լուծում։ Հաշվի առնելով էլեկտրաէներգետիկական համակարգի ռազմավարական նշանակությունը, դրա կայունության, հուսալիության և անխափան գործունեության ապահովման հանրային անհրաժեշտությունը՝ առաջանում է այնպիսի մշտական և կայուն իրավական ու կազմակերպական լուծման անհրաժեշտություն, որը կապահովի նշված հանրային նպատակների իրականացումը նաև ժամանակավոր կառավարման միջոցի դադարեցումից հետո։

         Այս համատեքստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և օրենքով սահմանված կարգով դրանց օտարումը դիտարկվում են որպես նշված հանրային նպատակների երկարաժամկետ և կայուն ապահովմանն ուղղված միջոց։

Առաջարկվող կարգավորման բնույթը

         ՀՀ Սահմանադրության, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի համակարգային վերլուծությունից բխում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտը հանդիսանում է բնական մենաշնորհի բնագավառ և ենթակա է պետական հատուկ վերահսկողության՝ սպառողների իրավունքների, էներգետիկ անվտանգության և ծառայությունների անընդհատության ապահովման նպատակով։

         Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։

         «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե անձը հրաժարվում է իր գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ անձի բաժնետերերին (մասնակիցներին) առաջարկում է իր հետ համաձայնեցված կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող` իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը: Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես բացառիկ միջոց, բաժնետոմսերը (բաժնեմասերը), գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել օրենքով՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով՝ պահպանելով համաչափության, իրավաչափության և անհրաժեշտության սկզբունքները։ Տվյալ դեպքում հանրության գերակա շահը դրսևորվում է հանրապետության բնակչության կենսական ծառայությունների անխափան ապահովման, էներգետիկ անվտանգության պահպանման և հանրային կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։

         Ուստի, հաշվի առնելով ՀԷՑ-ի կողմից իրականացվող գործունեության բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար։

Ակնկալվող արդյունքը.

         Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը, իրենց բնույթով, հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Ուստի սույն որոշման ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ:

Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում կարող են նախատեսվել եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում՝ պայմանավորված օտարվող սեփականության դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու, օտարման գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված անհրաժեշտ ծախսերով։

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված մարմինները կամ անձինք.

         Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը առկա չէ:

Leave a Comment