ՀՀ դատախազության ներկայացրած հայցերով ապօրինի գույքի բռնագանձման ընդհանուր պահանջների չափը կազմում է մի քանի հարյուր միլիարդ դրամ։ Միայն 2025 թվականին դատարան է ներկայացվել 36 մլրդ դրամի հայցագիր։ Իսկ առանձին խոշոր հայցերով պահանջները հասնում են տասնյակ միլիարդների:
Այս գործերում, որպես կանոն, շրջանառվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների անունները։ «Ունեզրկվելու» մասին զանգը այս անգամ հնչեց կառավարությունից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ ազդակներ է ուղարկել գործարար աշխարհին, այդ թվում՝ այն գործարարին, որի անունը ավանդաբար կապում են վարչապետի ընտանիքի հետ։
Պատկերավոր ասած՝ «օլիգարխազերծելու» մտադրություններն ու համապատասխան զգուշացումը Հայաստանի վարչապետն ուղղեց առանց բացառության բոլոր գործարարներին։ Նա հայտարարեց, որ դատարանի առաջ կանգնող նախկին պաշտոնյաներն ու խոշոր գործարարները շանս ունեցել են, եթե ժամանակին խոստովանեին հափշտակություններն ու դրանց զգալի մասը ինքնակամ վերադարձնեին պետությանը։ Որոշ մարդկանց համար Փաշինյանը այժմ այդ շանսը կորսված է համարում՝ հաստատելով, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի գործը պետք է օրինակ ծառայի մյուսների համար։
ԱԱԾ գործողությունների դատապարտումներին ի պատասխան Հայաստանի վարչապետը հայտարարել է․ «Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեն, և ես ընդհակառակը, կարծում եմ այդ տեսարանը տեսնելով, թող բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, տեսնեն, որ ինչպես ասել եմ՝ որևէ մեկը չպետք է պլստա։ Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել։ Այո, նրանք պետք է ունեզրկվեն բառի բուն իմաստով»։
Ընդդիմադիր դաշտում դեռ կա այն համոզմունքը, որ նախկին պաշտոնյաներին և գործարարներին առնչվող քրեական գործերի հիմքում քաղաքական պատճառներն են։
Այդպես է կարծում, օրինակ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը․ «Ես համոզված եմ, որ կան ցուցակներ, կան կոնկրետ մարդիկ, նույնիսկ կա պնալավորում, թե ում, որ դեպքում, ինչ ձևով պետք է կալանավորեն և փորձեն քաղաքական խաղից դուրս բերել»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը իրատեսական չի համարում Ծառուկյանի դեպքում՝ միայն կենսաթոշակով ապրելու մասին վարչապետ Փաշինյանի հրապարակային զգուշացումները։
«Գագիկ Ծառուկյանը տասնամյակներ շարունակ աշխատել, ստեղծել, արարել է Հայաստանում։ Ունի գույք, ունի կապիտալ և Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները, վստահաբար, իրականություն չեն դառնալու»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսպիսի զգուշացումներին ի պատասխան ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն սնանկացնել հնարավոր չէ։ Նույն պնդումն է անում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որի հայրն ու եղբայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը նույնպես կալանավայրում են։
Վարչապետի զգուշացումները պատգամավոր Քոչարյանը իրավաչափ չի համարում․ «Ո՞վ ես, որ որոշես` ով ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել-չվերցնել։ Այդ գործերով կա դատական պրոցես։ Դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը»։
Այս փուլում շատերը սկսել են հիշել նաև այն գործարարներին, որոնք լոյալ էին և՛ նախկին, և՛ ներկա իշխանություններին։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մատնանշում են նաև իշխանությանը հարող գործարարների, որոնց ձեռնարկությունների բացմանը վարչապետը մասնակցել է։
Փաշինյանը, սակայն, պատասխանում է․ «Ես «սրտի օլիգարխ» չունեմ։ Ես Գագիկ Ծառուկյանի գործարանի բացմանն էլ եմ գնացել, դա ոչ մի բան չի վկայում։ Նարեկ Նալբանդյանի գործարանի բացմանն էլ եմ գնացել, ինչքան գործարան կա բացվող, գնում եմ, և դա ոչ մի բան չի նշանակում»։
Այնուամենայնիվ, շատերը գործարար Նարեկ Նալբանդյանին են կապում գործող իշխանության հետ՝ ավանդաբար պատկերացնելով, որ «նախկինների» բիզնեսները փոխանցվում են հենց նրան։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթայանը հենց դա է ակնարկում․ «Ես, ընդհանրապես, չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»։
Այդ գործարարի համար նույնպես «կարմիր կոճակ» վառվեց և կառավարությունից զգուշացում հնչեց։ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր ընտանիքի անդամներին նյարդայնացնում է, երբ փորձում են այդ գործարարի անունը կապել իրենց հետ։ Իրավապահ համակարգին անգամ համապատասխան հանձնարարություն է տրվել։
«Մամուլում հրապարակումներ են եղել, թե գնացել, մարզերում խանութներ են ձեռք բերել` ասելով, որ վարչապետի տիկնոջ հանձնարարությամբ է։ Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում` Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ` մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով։ Ինձ համար զարմանալի է, օրինակ, ամեն անգամ, երբ որ այդպիսի հրապարակում է լինում, ինչո՞ւ չի հերքում ինքը։ Սա մեզ ներվայնացնում է ահավոր ձևով»։
Փաշինյանի հայտարարությունից հետո հրապարակումով հանդես եկավ նաև գործարար Նարեկ Նալբանդյանը։ Նա հայտարարեց, որ իր անունը և իր բիզնեսները շահարկում են տարբեր շրջանակներ։ Նալբանդյանը նշեց, որ բազմիցս հերքել է այդ տեղեկությունները և ևս մեկ անգամ հստակ հայտարարում է՝ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանությունների, ո՛չ էլ որևէ քաղակական ուժի հետ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը փոխանցվել է Նարեկ Նալբանդյանին, սակայն, վարչապետն իր ճեպազրույցի ժամանակ հերքեց դա՝ հայտարարելով, որ գործարանը դեռևս մնում է պետության կառավարման ներքո։