Գյումրիում թանգարանների բակերը վերածվել են ջազ երաժշտության բաց հարթակների

Գյումրիում մեկնարկել է «HAY-AT JAZZ.հայը ջազում,ջազը՝ բակում» ամենամյա փառատոնը: Օգոստոսի 28-31-ը հայկական ջազի լավագույն խմբերն իրենց կատարումներով հանդիսատեսին կներկայանան  թանգարանների բակերում: Յուրօրինակ ձևաչափով այդ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «ԱՅ-լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի և Գյումրիի համայնքապետարանի  համագործակցությամբ:

Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» կամ ժողովրդի շրջանում ավելի հայտնի՝ «Ձիթողցյանների» թանգարանի բակում  միահյուսվել էին ջազի հնչյուններն ու 19-րդ դարի ալեքպոլյան յուրօրինակ ճարտարապետությունը: Գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը մշակութային միջավայրում ունկնդրում էին աֆրիկյան ու եվրոպական երաժշտական ոճերի սինթեզից առաջացած երաժշտական արվեստի՝ ջազի ազատություն խորհրդանշող մեղեդիները: Արդեն յոթերորդ անգամ  անցկացվող «HAY-AT JAZZ»-ը երաժշտական այդ ժանրի բոլոր սիրահարներին կմեկտեղի  գյումրվա թանգարանների բակերում , ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

«Ձևաչափն ավանդական է և անփոփոխ: Դարձյալ շրջելու ենք Գյումրու թանգարանների բակերով և, այսօրվանից սկսած՝ չորս օր, Գյումրու թանգարանների բակերը վերածվելու են ջազ համերգների հարթակների:Ի նչպես ավանդաբար, այս տարի ևս փառատոնի մեկնարն ազդարարվում է «Ձիթողցյանների» տնից, որից հետո կլինենք, համապատասխանաբար, Շիրազի և ԱՎ.Իսահակյանի հուշատուն թանգարանների բակերում, կավարտենք փառատոնն այս տարի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում» :

Մինչև մեկնարկը, փառատոնը շրջել է Եղեգնաձորում, Գորիսում, Դիլիջանում և Վանաձորում։  Այս կերպ կազմակերպիչները ձգտում են այս փառատոնը  հասանելի դարձնել նաև մյուս մարզերի հանդիսատեսին ու նպաստել մշակույթի ապակենտրոնացմանը, ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Փառատոնը ապացուցում է, որ սպասված է ամեն տարի, որովհետև տեսնում եք՝ սահմանված տեղերից ավելի մի քանի հարյուր մարդ կա հրապարակում, ինչը գալիս է ապացուցելու, որ էս մարզերում մշակութային միջոցառումները  իրական տոն են դառնում բնակիչների համար և պետությունը պիտի ամեն ինչ անի, որպեսզի կարողանանք մենք ապակենտրոն մշակութային քաղաքականություն վարենք և մայրաքաղաքից դուրս նույնպես կարողանանք մեր լավագույն կոլեկտիվներին, ինքնազբաղ արտիստներին, անհատ կատարողներին հնարավորություն տանք ներկայանալու իրենց հանդիսատեսին»:

Իսկ երաժիշտներն ասում են, որ հանդիսատեսի հետ համերգասրահներից դուրս շփումը յուրօրինակ էներգիա է տալիս իրենց: Թանգարանային միջավայրում նվագելը թավջութակահար Արտյոմ Մանուկյանի համար անասելի ազատության է վերածվում: Չկան սահմաններ, բաժանարար գծեր, ինչը մտերմիկ մթնոլորտ է ստեղծում  արտիստի և արվեստասեր  մարդկանց միջև, ասում է երաժիշտը:

«Երաժշտությունը պետք է նախ՝ հնչի ամեն տեղ, էտ շատ լավ է, որ սենց առիթներ է եղել, որովհետև ժամանակին չկար էս ամեն ինչը, որովհետև, համ մարդկանց է մտերմացնում, համ արտիստին մարդկանց հետ, համ շանս է տալիս ինչ որ մի տեղից դուրս գալու և ուրիշ տեղ նվագելու, ուրիշ աուդենցիա ունենալու, ուրիշ հարաբերություններ ունենալու մարդկանց հետ: Ես Գյումրիում նվագում եմ դեռ մանուկ հասակից ու շատ եմ սիրում էստեղ նվագել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Գյումրիի հանդիսատեղը սպեցիֆիկ հանդիսատես է,  և իմ կյանքի առաջին շրջակայությունը եղել է Գյումրիում»:

Ջազը իմպրովիզացիոն երաժշտություն է, որը տվյալ պահին, հենց բեմում ստեղծագործելու հնարավորություն է տալիս արվեստագետին: Ջազային արվեստում իր ուրույն տեղն ունի նաև հայկական ջազային մոտիվներով ստեղծված երաժշտությունը։ Առանց սիրելու ջազ նվագել հնարավոր չէ, ասում է դաշնակահար Սամվել Գասպարյանը:

«Դե ջազը, իհարկե, պետք է սիրել, ջազը առանց սիրելու չի լինի, դա յուրահատուկ ոճերից է, որ տալիս է ազատություն երաժիշտներին,լ սողին: Դե ջազը, ինքը մեծամասամբ իմպրովիզացիոն երաժշտություն է, դա լրիվ ուրիշ ֆորմատ է, այսինքն՝ ստեղծում ես մի բան տեղում ,որը որ, անգլերեն ասած՝  էդիտ անել հնարավոր չէ:Ի սկ ինչ վերաբերում է Գյումրի գալուն և մշակութային կյանքին, դե իհարկե, շատ ողջունելի է դա, մենք միշտ սիրով ենք այստեղ գալիս , մասնակցում տարբեր համերգներին, այնպես որ՝ մեր համար հաճելի է միշտ այստեղ լինելը, նվագել, ելույթ ունենալը Գյումրու հանդիսատեսի համար»:

Փառատոնն անվճար է։ Դա ջազի սիրահարներինհնարավորություն է տալիս առօրյա հոգսերից կտրվելով վայելել սիրած մեղեդիները: Գյումրիի ամառային ջերմ ու տաք օրերը կեզրափակվեն ջազային երաժշտությամբ, բազմագույն աշունը նույնպես խոստանում է լինել նույնքան հարուստ մշակույթով ու արվեստով: Սեպտեմբերին 161-րդ անգամ հանդիսատեսի առջև դռները կբացի Գյումրու Դրամատիկական թատրոնը՝ նոր ներկայացումներով ու անակնկալներով :

Leave a Comment