Կրեմլում զարմանում են, Երևանում մտադիր են շարունակել․ ե՞րբ կսպառվի երկաթուղու թնջուկը լուծելու ժամանակը

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Վաշինգտոն են գործուղվում Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ՝ TRIPP զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով։ Ամերիկյան կողմի հետ շարունակվող բանակցություններին զուգահեռ հայկական կողմը դեռևս ունի մեկ այլ խնդիր, որը լուծման կարիք ունի։ Խոսքը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիային առնչվող իրավիճակի մասին է, որի շուրջ հայ-ռուսական հեռակա բանավեճը խիստ զգայուն է դարձել։

TRIPP-ի կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ հայ-ամերիկյան  բանակցություններին զուգահեռ դեռ անորոշ և խիստ զգայուն է մնում Հայաստանի տարածքով անցնող մոտ 42 կիլոմետրանոց հատվածի հարցը․ հայկական երկաթուղու ռուսական կառավարման թնջուկի լուծումը դեռ տեսանելի չէ։ Ավելին՝ Հայաստանի առաջարկները Ռուսաստանին առայժմ զարմացնում են։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև կանոնավոր շփումներ են տեղի ունենում, և կարող է քննարկվել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայի տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղուն առնչվող իրավիճակը։

Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է, որ հայ-ռուսական տարբեր մակարդակի հանդիպումներում քննարկվել է հայկական երկաթուղու ռուսական կառավարումը որևէ երրորդ կողմին փոխանցելու առաջարկը։ Օրերս ԱԺ–ում Հայաստանի վարչապետի հրապարակային հայտարարությունն այդ թեմայով առաջինը չէր ։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ առաջարկը ներկայացրել էր դեռ 2025 թվականի դեկտեմբերի վերջինՍանկտ Պետերբուրգում կայացած առանձնազրույցի և հանդիպման ժամանակ։ Այս հարցը շարունակել է մնալ հայ-ռուսական բանակցությունների օրակարգում նաև հետագա շփումների, այդ թվում՝ 2026 թ. հունիսի 1-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում։ Օրերս խորհրդարանում վարչապետ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստանը կրկին դիմել է ռուս գործընկերներին՝ խնդրելով վաճառել երկաթուղու կոնցեսիան երրորդ երկրին, հակառակ դեպքում Հայաստանը կկանգնի միջազգային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ:

Իրավիճակը, երբ Արևմուտքը հրաժարվում է TRIPP–ի շրջանակում գործ ունենալ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի հետ, Կրեմլն անվանում է շանտաժ՝ ուղղված Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն։  

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի վերլուծությամբ՝ Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր պահանջը՝ հաշվի առնելով վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունները դեէսկալացնելու Հայաստանի ջանքերն ու Ռուսաստանի արձագանքը։    

«Ոչ ոք շանտաժ չի անում։ Ավելին ասեմ՝ Հարավային Կովկասից իրեն հանեց Ռուսաստանը՝ Պուտինը, երբ դավաճանեց Ղարաբաղի հայերին։ Առանձին դեպքերում ես տեսնում եմ՝ մերոնք փորձում են լղոզել, փափկացնել ձևակերպումները, որ Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, շանս լինի վերականգնել հարաբերությունները։ Չե՛նք վերականգնի, քանի որ Ռուսաստանը դա չի ուզում։ Ուրեմն ասել ճշմարտությունը պետք է կոշտ ձևով»։

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է Ռուսաստանի հետ համբերատար և «առանց նյարդի» աշխատելու պատրաստակամությունն ու ձգտումը։ Հայաստանի վարչապետի ներկայացմամբ՝ հայկական երկաթուղու հարցը լուծելու ժամանակ դեռ կա։

«Հարցը հրատապ է, բայց այնպես չէ, որ մենք ժամանակ չունենք, վերջ։ Գիտեք, որ պրոցեսներ ենք սկսել Ախուրիկի և Երասխի հատվածում, Գյումրիում և Արարատում ամբողջացնելու, վերականգնման աշխատանքներ անելու։ Դա կտևի ինչ-որ ժամանակ, և այդ ընթացքում մենք շարունակում ենք աշխատել։ Շատ ակտիվ աշխատանք, քննարկումներ է տեղի ունենում»։   

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը երրորդ կողմին փոխանցելու առաջարկը քննարկելիս, ի դեպ, հաճախ նշվում է Ղազախստանի անունը։ Սա հետաքրքիր է այն համատեքստում, որ զուգահեռաբար Աստանայի հետ քննարկվում է TRIPP-ին Ղազախստանի հնարավոր մասնակցության հարցը։ Տեղեկությունը հաստատել է Հայաստանի վարչապետը․  

«Բայց  ես ուզում եմ հիշեցնել, որ TRIPP-ում ներդրումային մասնակցությունը հստակ սահմանված է, որ երրորդ կողմերը կարող են ներգրավվել Հայաստանի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ Հիմա տարբեր երկրներ ցուցաբերում են հետաքրքրություն։ Բնականաբար, մենք ցուցաբերված հետաքրքրությունը ողջունում ենք, բայց պետք է նաև քննարկենք արդեն կոնկրետության մեջ։ Պետք է հասկանալ՝ ով ինչ ներդրումային ծրագիր է առաջարկում և ընտրել լավագույնը»։

Առաջիկա օրերին Վաշինգտոնում հայկական և ամերիկյան կողմերը բանակցելու են TRIPP–ի զարգացման ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունից պաշտոնյաներ են գործուղվելու Վաշինգտոն։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շրջանակում մինչև այս պահը կողմերը  աշխատանքային և փորձագիտական 4 փոխայցելություններ են ունեցել։ Քննարկումների առանցքում եղել են տարանցիկ ենթակառուցվածքների տեխնիկական, իրավական և կառավարչական հարցեր:

Leave a Comment