Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի աջակցի շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում, եթե նա առաջադրվի, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին՝ Ռաբատում։
«Եթե ՖԻՖԱ-ի գործող նախագահը որոշի առաջադրվել ևս մեկ ժամկետով, ՈՒԵՖԱ-ն կմիավորի ուժերը իր գործընկեր կոնֆեդերացիաների հետ՝ իր անդամ ասոցիացիաներին առաջարկելու հավաստի այլընտրանք, որը հավատարիմ կմնա ազնվության, հաշվետվողականության, զարգացման և իրական ինստիտուցիոնալ փոփոխությունների սկզբունքներին», – ասվում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ինֆանտինոն ցանկանում էր ստեղծել մի ընկերություն, որը կհսկեր կազմակերպության տղամարդկանց և կանանց առաջատար մրցումները։ Նա կարծում էր, որ FIFA Forward Enterprise-ի ստեղծումը կբարձրացնի ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եկամուտները և կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ամբողջ աշխարհում։ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ այս ծրագիրը կարող էր բերել 4.2 միլիարդ դոլար։ Նախաձեռնությունը լայնորեն քննադատվել և դատապարտվել է պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։