Երիցս արդարացի էր ՀՀ Երկրորդ նախագահը, որ ընդամենը մի քանի օր առաջ, այսինքն հերթական անգամ ձերբակալվելուց եւ հանդերձ ընտանյոք պետական կողոպուտի ենթարկվելու նախօրեին հայտարարում էր, դիպուկ ձեւակերպմամբ, որ Հայաստանը, որպես պետություն մի առանձին կշիռ ունի (նա օգտագործեց «կատեգորիա» բառը), իսկ առանց Սփյուռքի՝ մեկ այլ:
Այդ հայտարարությունը պատասխան էր վարչապետ Փաշինյանի ու նրա համակուսակիցների, կառավարության կազմում թե խորրդարանում արտասանած խոսքերի, թե Սփյուռքը թուլացնում է Հայաստանը եւ, հետեւաբար, անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել եւ օրենսդրական փոփոխություններ կատարել՝ «զսպելու համար սփյուռքահայերի քաղաքական գործունեութունը Հայաստանում»:
Թե ի՞նչ եւ ո՞ւմ գործունեության մասին է Փաշինյանի ու նրա ձայնակիցների խոսքը, առավել եւս՝ ԱԱԾ նորընծա տնօրենին սփյուռքահայության դեմ գործելու հանձնարարություն տալու հիմքը, դժվար, նույնիսկ անկարելի է ասել: Կարելի է միայն ենթադրություններ անել: Որո՞նք են սփյուռքահայերի «մեղքերը»:
Ի պաշտպանություն Հայ եկեղեցու սփյուռքահայության միահամուռ, նույնիսկ ոչ առաքելական, անգամ՝ ոչ հայ քրիստոնյաների բարոյական եւ սկզբունքային նեցակցությա՞նը:
Արցախի հանձնման եւ արցախահայության թողլքումը, նույնիսկ երիտասարդ արցախահայերին Փաշինյանի ուղղած հակամարդկային հանդիմանանքը՝ «Դուք ինչո՞ւ եք կենդանի» քննադատե՞լը:
Դրսում՝ տարբեր երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց՝ իբր օրինական արգելքների ու սեղմումների կիրառումը բողոքարկե՞լը:
Կեղծ եւ շինծու դատավարությունից հետո Բաքվի բանտերում տառապող արցախյան պետական ղեկավարության նկատմամբ ՀՀ պաշտոնական մարմինների անտարբերությունը քննադատող սփյուռքահայերի «համարձակությո՞ւնը»:
Ցեղասպանության փաստերը ուրանալու, նույնիսկ այդ փաստերի հիշատակումը արգելելու պետական շրջանակների ամոթալի կեցվածքի քննադատությո՞ւնը աշխարհի չորս անկյուններից:
Անկարայի, առավել եւս Բաքվի պահանջներին զիջելու, նրանց սողացող ագրեսիային ընդառաջ քայլ կատարելու վարչապետական ընդառաջումը դատապարտելու համարձակությո՞ւնը:
Ախր, ո՞վ ասաց, որ վերեւում թվարկված ու դեռ չթվարկված բազմաթիվ հարցեր, անշնորհք բնորոշումերով եւ ուշունցներով համեմված, Հայաստանում ապրող, Սփյուռքի եւ սփյուռքահայերի հետ ոչ մի առնչություն չունեցող հազարավոր ընտանիքներում եւ գրասենյակներում կրկնվում են ամեն օր ու ժամ, հետեւաբար արդար չէ սփյուռքահայերին անջատել հայրենական մեծամասնությունից ու պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարության ընթացքում Սփյուռքի եւ սփյուռքահայերի հետ համագործակցության, հայրենաշեն ու հայաշեն բազմաթիվ գործեր է արել, իսկ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեծ խնամքով եւ բծախնդրորեն շարունակել է դրանք, մինչ Առաջին՝ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հակառակ որոշ անհարթությունների, հիմք է դրել արգասաբեր այդ հարաբերություններին. Հայաստան-Արցախ-Սփյուռք Առաջին համաժողով, Համահայկական հիմնադրամի եւ այլ ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծում:
Գիտենք, երկրի գործող վարչապետը սովորություն ունի իր ձախորդ գործողությունների համար մեղավորներ, քավության նոխազներ փնտրել, մեղքն ու մեղքերը ուրիշների վրա բարդել:
Այս անգամ դա նրան չի՛ հաջողվելու:
Ոչ ոք այլեւս չի հավատում նրան:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ