Չեք պատկերացնի, թե ինչ եմ զգում ես, անկախության առաջին շրջանից սկսյալ մեր քաղաքական կյանքին քննախույզ հետեւողս, իրենից ինչ-որ բան ներկայացնող բոլոր քաղաքականներին, նրանց շնչել-արտաշնչելն իմացողս` տարին-տարվա վրա, խորհրդարան առ խորհրդարան հերթական քաղաքական ուժերին ուսումնասիրելիս: Ինչպես է աշխատում քաղաքական կյանքի իմացության հնաբնակիս սրված բնազդը քաղաքականների ձայնի վերուվարից, ժեստերից ու հայացքից` խոսքի, պահվածքի, վարքագծի անկեղծ-կեղծը, ֆալշի աստիճանը որոշելիս, հայրենասիրախառը բառակույտի մեջ հայրենասիրության իրական պարունակության հարգը որոշելիս:
Այդպես էլ անկատար մնացին անկախության հետ ինձ պատած անհագ երազանքները` ունենալ այնպիսի երկիր, որտեղ ամեն ինչ ենթակա կլինի օրենքին այն աստիճան, որ օրենք շրջանցել հնարավոր չլինի պարզապես, որ օրենք շրջանցելով օրինականություն հաստատելու հարայ-հրոց նույնպես չլինի: Որտեղ գոնե միջին վիճակագրական նպատակ ձեւավորված կլինի` այդպիսի երկրի կառուցումը գերադաս նպատակ ունենալու, ու կիսով չափ գոնե այդպիսի նպատակին համարժեք էլիտա ունենալու:
Քանզի ամեն քաղաքական ուժ, որ իշխանության էր գալիս անկախությունից ի վեր ցայսօր, երբեմն դանդաղ, երբեմն մեծ արագությամբ զրոյացնում էր երազանքս, ամեն իշխանություն եւ նրանց մերձ շրջանակները կամ հենց սկզբից, կամ ընթացքում վերածվում էին ֆինանսատնտեսական մոնստերների` իրենց շրջապատով, մտերիմներով ամեն ինչ իրենցով անելով, իրենց ու իրենց սերունդների ապահովմամբ միայն զբաղվելով, սա’ իրենց գերխնդիրը, մնացած բոլոր պետական խնդիրները դրան կից դարձնելով:
Եւ դա երբեք չփոխվեց շատերի դեպքում`«հայրենիք-ազգային» բառերի կույտերով, որպես քողածածկույթով, խաբվածները քաղաքական ուժերի ներսում եւ նրանցից դուրս չհաշված:
Ի սկզբանե պատրանքներ չունեի, բայց պատմական անցյալն ու գոյատեւելու հրամայականը գոնե ինչ-որ տոկոս երկիր պահող իրական շերտ պիտի առաջացներ, որը համեմատաբար առողջ կլիներ մշտապես ժառանգաբար իրար փոխանցվող քվոտային պսեւդոէլիտայի հիվանդություններից, արտաքին պարտադրանքների հանդեպ` ավելի դիմակայուն, հարստանալու գայթակղության հանդեպ` ավելի սառնասիրտ, քանզի երկիր չպահողի հարստությունն անգամ իրենը չի կարող լինել:Բայց կյանքն անընդհատ նորոգում էր եւ նորոգում է հիասթափություններս, երկրի եւ ունեցվածքի միջեւ ընտրության դիլեման մեր «էլիտայի» դեպքում երկրորդի օգտին լուծվելով:
Այդպես ես դիտել եմ ՀՀՇ-ն, Ծառուկյանի շուրջ ստեղծված կոնգլոմերատը` քաղաքական ուժ անվամբ, ՀՀԿ-ն` երկու-երեք նվիրյալների բացառությա’մբ հենց վերն ասված օրինաչափությունը հաստատող, արհեստականորեն ստեղծված ՕԵԿ-ը, մանր-մունր արհեստական կուսակցությունները, ապա եւ`«Քաղաքացիական պայմանագիրը», այժմ էլ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված կոնգլոմերատը, ու բոլոր, բոլո’ր դեպքերում դրանք ինքնաբուխ, կոնկրետ նպատակ դրած, երկրի խնդիրների լուծման մոտիվացիա ունեցող խենթերի միավորներ չեն եղել, այլ իշխանություն ունենալու սեւեռում ունեցողների, անպայման արտաքին ստվերային դերակատարներով, գլխավոր շարժիչ ֆինանսներով, անպայման փրկչական սոուսով: Հենց հիմա զննեք, թե խորհրդարան անցած իշխող եւ ընդդիմադիր ուժերի մեջ քանի պապայի բալիկ, հարս ու թոռ կա:
Ու բնական է, որ այդպիսի քաղաքական ուժերով պիտի ունենայինք այսպիսի Հայաստան, որտեղ ամեն նոր խորհրդարան նախորդի արտապատկերն է` քվոտային ժառանգներով, ֆինանսական մոնստերների թաքնված կամ երեւացող դերակատարմամբ, անկախության առաջին ժամանակից գծված քաղաքական կարկասի, ասես Հայաստանում այդ մի երկու հարյուր գերդաստանից այն կողմ ոչ կարող է արժանի մարդ ծնվել, ոչ էլ ծնվում է:
Ու այս անգամ էլ ներկա խորհրդարանում` իրար գլխին որպես քաղաքական մահակ օրենքն ու իրավունքը հարկի-անհարկի թափահարելու իմիտացիան, անձերի քմահաճույքներից ու ցանկություններից կախված, ինստիտուցիոնալությունից անհասանելի հեռու, իրարից մոտեցումներով շատ չտարբերվող / իշխանություն, թե ընդդիմություն/, վեջին քսանօրյա պահվածքը աննկարագրելի հոգնեցնում է բոլորին:
Ու երբեմն մարդ չի ուզում դառնալ խաղարկվող սխեմայի խաղալիքն ու լուրջ-լուրջ վերլուծել խաղը`կառավարության հնգամյա ծրագիր, անկլավների մասին լրիվ անիմաստ-վտանգավոր, նույնիսկ անթույլատրելի խոսույթ, Քոչարյանի ընտանիքի հանդեպ անվերջ նորոգվող դատական քաշքշուկ, նզովք ու անեծք, սպառնալիքներ եւ քողազերծումներ: Թիվ մեկ օրակարգն այժմ Քոչարյանների ընտանիքի հանդեպ իրավական քաշքշուկն է, փաստոեն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, օրվա իշխանության օրակարգն երկրի համար այս դժվար ժամանակում դա՞ է:
Իրար ու երկիրը նվաստացնող ինչ ասես` չես լսի ու տեսնի խորհրդարանում. էլ ալիեւյան սահմանադրության պարտադրանք, էլ Նախջիվան, էլ` Տիգրանաշեն չկա-Քյարքի է, ու մերը չէ, էլ Հայաստանի չորրորդ Հանրապետություն, էլ սեղանների դմբդմբոց, էլ կաթողիկոսի դատափետում, էլ պերֆորմանսերի բեմադրում: Մեկ-մեկ այնպես ինքնամոռաց են մերկացնում միմյանց ու երկիրը, որ ուզում ես բղավել`ա’յ ընդդիմութուն, ա’յ իշխանություն, մի քիչ դիվանագետ եղեք ու երկրի հետ կապված ամեն ինչ ԱԺ-ում մի փռեք արեւի տակ չորանալու, ամեն ինչի մասին չի կարելի խոսել բարձրաձայն, մի քիչ խորամանկ եղեք հրեաների պես, մի քիչ թաքցրեք հեռանկարը, դրա մասին մի խոսեք, բայց գործեք, իրար ոչնչացնելու համար միմյանց ու երկրի քամակը մի’ մերկացրեք: Ո’չ Ռուսաստանի բերանը լեզու ու ձեռքը զենք դրեք` միյանց բոբոացնելու համար, ոչ Արեւմուտքի, դուք այս ի’նչ միամիտներ եք:
Ինչ ասես` չես լսի.
- Որ կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ Հայաստանի Հանրապետություն,այ տնաշեննե’ր, Հայաստանի Հանրապետություն մեկն է` պատմության տարբեր դրվագներով, ու վերջ.
- Որ Նախջիվան է` որպես ֆորա քոչվորին. սա բոլորովին չի կարելի` Նախիջեւանը որ Նախիջեւան էր` արքաների որսատեղի կամ Նոյի առաջին իջեւան, այդ քոչվորները յուրտերում, եսիմ որ կորած-չքարտեզագրված բնակատեղիում որպես ազգ չոչում էին կամ անգամ չէին էլ ծնվել:
- Որ կարելի է ցեղասպանության գործիքներից հրաժարվել կամ Հայոց ցեղասպանությունը նկարագրել ինչ-որ խանի ու Գրիգոր Զոհրապի շուրջ թոթով պատմությամբ:
- Օրենքներն ու Սահմանադրությունն այնպես ծռմռել, որ դրանք հարմարեցվեն սեփական քաղաքական նպատակներին:
- Որ խափանման միջոցի տարատեսակներ կիրառելու, առանց կալանքի քննություն անցկացնելու համար խելք, արհեստավարժություն, հմտություն պետք չի` միանգամից կալանում-ծեր կնոջն ու դստրերին տանում-փակում ես, որ մեղադրանք կառուցելու միակ իմացածդ մեթոդն աշխատեցնես…
- Որ եկեղեցու գործերին պետությունը պիտի խառնվի, որքան էլ հակասահմանադրական լինի դա…
Ուզում ես գոռալ, ասել, թե այս ինչո ՞վ եք զբաղված, երկրի տնտեսական, անվտանգային խնդիրները կարգի բերե’ք, հետո որ ժամանակ մնա` նոր իրար բզկտեք: Բայց ի՞նչ ասես, եթե լսել չեն ուզում, ասողին լսող է պետք: Ու մերոնք գոռալու-աղմկելու են,առանց նայելու, թե ով է անթույլատրելի կերպով խառնվում մեր երկրի ներքին գործերին` Լավրովը, թե՞ Արեւմտյան երկրների դեսպանները, մինչեւ երկիրը վարի տան:
Կներեք այս ոչ քաղաքական վերլուծության համար: Կներեք, որ լուրջ-լուրջ չպատմեցի, թե ոնց են հին իշխանությունն ու նոր ընդդիմությունն իրար հետ լուրջ-լուրջ հանձնաժողովի նախագահների հարց քննարկում, ընտրում կամ չընտրում: Ու ինչպես է Նարեկ Կարապետյանը` «Ուժեղ Հայաստանի» նախընտրական եւ հետընտրական հակադարձ օրակարգերի վերաբերյալ մեր հարցի պատասխանը գցում ընտրողի գրպանը: Բայց դեռ կհասցնենք`ամեն ինչ առջեւում է, քաղաքական աշունը` քթներիս տակ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.