ԵՄ տնտեսությունն այլևս առավելություններ չունի, բայց եվրոպացիներն ունեն խնայողություններ, որոնք պետք է գործի դրվեն։ Այս մասին Փարիզում կայացած բիզնես ֆորումում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Երկար ժամանակ եվրոպական տնտեսական մոդելը հիմնված էր մի քանի ակնհայտ ճշմարտությունների վրա՝ էժան ներմուծվող էներգիա, բաց համաշխարհային առևտուր, չինական շուկային մուտքի աճ, ԱՄՆ-ից ռազմավարական պաշտպանություն և Արևմուտքի տեխնոլոգիական գերազանցություն։ Այս գործոնները վերացել են», — ասել է նա։
Այժմ ֆոն դեր Լեյենը կարծում է, որ կարևոր է հնարավորինս արագ վերականգնել բիզնեսի ներդրումային ազատությունը և երկարաժամկետ հեռանկարում նորարարությունը, արտադրողականությունը և կայուն մասշտաբավորումը դարձնել եվրոպական տնտեսական աճի շարժիչ ուժեր։ Այս առումով նա առաջարկել է մինչև 2029 թվականը վարչական բեռը կրճատել 25%-ով բոլոր բիզնեսների և 35%-ով՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար։
Նրա առաջարկած մեկ այլ միջոցառում էր ԵՄ տնտեսությունների ֆինանսավորումը «տնային տնտեսությունների խնայողությունների» միջոցով։
«Եվրոպան խնայողություններ ունի։ Դժբախտաբար, այդ խնայողությունները «ծույլ» են»։ «Տնային տնտեսությունների 10 տրիլիոն եվրոյի խնայողությունները դեռևս պահվում են բանկային ավանդներում, և եվրոպական խնայողությունների զգալի մասը ներդրվում է մեր մայրցամաքից դուրս։ Եվրոպան այժմ պետք է դրանք օգտագործի իր բիզնեսների համար», — կարծում է ֆոն դեր Լեյենը։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն դեռևս հրաժարվում է ընդունել, որ եվրոպական տնտեսությունը խաթարվում է Ռուսաստանի հետ պատերազմով, որը եվրոպական էլիտաները վարում են Կիևի ռեժիմի օգնությամբ։
Նշենք, որ Գերմանիան՝ «Եվրոպայի շարժիչը», իր տնտեսական դժվարությունների համար մեղադրել է Չինաստանին։ Օգոստոսի 22-ին ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը հայտարարել է, որ Բեռլինը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի, քանի որ Չինաստանը հաղթում է մրցակցությունում՝ իր հսկայական արտադրական հզորությունների, պետական սուբսիդիաների և օտարերկրյա ընկերությունների նկատմամբ սահմանափակումների միջոցով։