Ճանապարհային նշանը կա, բեռնատարների երթևեկության նկատմամբ վերահսկողությունը՝ ոչ․ Ձորաղբյուրի բնակիչները ահազանգում են

Տեսանյութը նկարահանվել է 2026 թվականի մայիսի 22-ին։

 

«Առավոտյան դեռ լույսը չբացված՝ առաջին բեռնատարի ձայնից ենք արթնանում։ Հետո՝ մեկը մյուսի հետևից, ամբողջ օրը․ պատուհանները դղրդում են, փոշին նստում է բակերում, երեխաներին վախենում ենք փողոց թողնել։ Նշանը կախված է գլխներիս վերևում, բայց ոչ ոք չի կանգնեցնում», – Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի բնակիչներից մեկը, որի անունը խմբագրությանը հայտնի է։

Նկարագրվածը մեկ օրվա պատմություն չէ։ Ամիսներ շարունակ այս փողոցով երթևեկում են բազալտի խոշոր քարեր, մանրացված արտադրանք և բետոնի հումք տեղափոխող ծանրաքարշ բեռնատարներ։ Ճանապարհին տեղադրված է եղել մինչև 8 տոննա թույլատրելի զանգված սահմանող նշան, որը վերջերս փոխարինվել է 2.5 տոննա սահմանափակող նշանով, սակայն, բնակիչների տրամադրած տեսանյութերի համաձայն, երթևեկությունը շարունակվում է։

Խնդիրը միայն ճանապարհի մաշվածությունը չէ։ Եթե ճանապարհին իսկապես գործում է 8 տոննա սահմանափակում, ապա բնական հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու դրա պահպանման համար, արդյո՞ք որևէ պետական մարմին վերահսկում է սահմանափակման պահպանումը, տրվե՞լ են արդյոք բացառություններ կամ հատուկ թույլտվություններ, և եթե ոչ, ապա ինչպե՞ս են ծանրաքարշ մեքենաները երկար ժամանակ օգտագործել այդ ճանապարհը։

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Iravaban.net-ը միաժամանակ հարցումներ է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, Ջրվեժի համայնքապետարան և Ներքին գործերի նախարարություն՝ փորձելով վերականգնել ամբողջական պատկերը։ Ստացված պատասխանները, սակայն չեն տալիս բոլոր հարցերի պատասխանները։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ եթե տեղեկության տրամադրումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, տեղեկություն տնօրինողը կարող է պատասխանի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 30 օր, սակայն պարտավոր է հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով երկարաձգման պատճառները։ Խմբագրությանը նման ծանուցում չի ուղարկվել։ Փոխարենը Ջրվեժի համայնքապետարանից պատասխանը ստացվել է միայն շուրջ մեկուկես ամիս անց։

Ինչ ընկերություն է սա, ու՞մ է պատկանում

Մինչ պետական մարմինների պատասխաններին անդրադառնալը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ընկերության մասին է խոսքը և ինչ տեղեկություններ են առկա դրա վերաբերյալ պետական ռեգիստրում։

«ԴՌԱԳՍՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետական գրանցում է ստացել 2007 թվականի ապրիլի 4-ին և գործում է անժամկետ։ Պետական միասնական գրանցամատյանի տվյալներով՝ ընկերության իրավաբանական հասցեն գտնվում է Երևան քաղաքում, գործունեության դադարեցման կամ լուծարման վերաբերյալ որևէ գրառում առկա չէ։

Ընկերության կանոնադրական կապիտալը վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Եթե 2007 թվականին այն կազմել է ընդամենը 50 հազար դրամ, ապա հետագայում մի քանի անգամ ավելացվել է՝ հասնելով 674 միլիոն 79 հազար 500 դրամի։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության բաժնեմասերի 81 տոկոսը պատկանում է Դավիթ Սեդրակյանին։

Դավիթ Սեդրակյանը եղել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, հանդիսացել է Երևանի ավագանու անդամ (ՀՀԿ խմբակցություն)։ 2014-2017 թվականներին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 2021 թվականի հունիսին «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, սակայն նույն թվականի հոկտեմբերին վայր է դրել մանդատը։

Ընկերության բաժնեմասերի 19 տոկոսը պատկանում է Արթուր Գևորգյանին։ Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը։ Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն Գևորգյանը անհատ ձեռնարկատեր է։

Ուշադրության է արժանի նաև մեկ այլ հանգամանք։ Պետական ռեգիստրում առկա է գրառում, համաձայն որի՝ 2023 թվականի օգոստոսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կիրառվել է սահմանափակում, որով արգելվել է Դավիթ Սեդրակյանին տնօրինել իրեն պատկանող 81 տոկոս բաժնեմասը։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է բաժնեմասի տնօրինման հետ կապված պետական գրանցումների կատարմանը։

Ռեգիստրի տվյալները ցույց են տալիս նաև, որ 2019 թվականին «ԴՌԱԳՍՄԱՆ»-ից առանձնացման եղանակով ստեղծվել է մեկ այլ իրավաբանական անձ՝ «ԴՌԱԳՍՄԱՆ ՍԹՈՐ» ՍՊԸ-ն, որը գրանցված է որպես իրավահաջորդ։

Ընկերության գործունեությունը և պետական կառույցների պատասխանները

Փորձեցինք պարզել, թե արդյոք «ԴՌԱԳՍՄԱՆ»-ն իրավական հիմքեր ունեցել է նշված տարածքում գործունեություն իրականացնելու համար, հարցում ուղարկեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, խնդրելով հայտնել, թե տվյալ ճանապարհը համայնքային, թե՞ հանրապետական նշանակության ճանապարհ է, ո՞ր մարմինն է պատասխանատու դրա ծանրաբեռնվածության սահմանափակումների համար, նախարարությանը հայտնի՞ են արդյոք ծանրաքարշ մեքենաների երթևեկության հետ կապված խնդիրները, իրականացվե՞լ են ուսումնասիրություններ, տրվե՞լ են հատուկ թույլտվություններ և արդյոք նախարարությունը որևէ համաձայնություն կամ դիրքորոշում է հայտնել «ԴՌԱԳՍՄԱՆ»-ի կողմից իրականացվող բեռնափոխադրումների վերաբերյալ։

Ի պատասխան նախարարությունը հայտնեց, որ «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ-ն 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ստացել էր ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն՝ երկու տարի ինը ամիս ժամկետով, սակայն մինչև այդ ժամկետի ավարտը՝ 2026 թվականի փետրվարի 19-ին, ընկերությունը նախարարություն է ներկայացրել թույլտվությունից հրաժարվելու հավաստագիր։ Այսինքն՝ մեր հարցման ներկայացման պահին ընկերությունն արդեն հրաժարվել էր երկրաբանական ուսումնասիրության այդ իրավունքից։

Նույն պատասխանում նախարարությունը հայտնել էր նաև, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի ճանապարհը համայնքային նշանակության ճանապարհ է, որի տնօրինողը հենց համայնքն է։

Եթե ճանապարհը համայնքային նշանակության է, ապա անհրաժեշտ էր պարզել՝ արդյոք համայնքը երբևէ թույլտվություն տվել է ծանրաքարշ մեքենաների երթևեկության համար, իրականացրել է ճանապարհի տեխնիկական վիճակի գնահատում, ստացել է բնակիչների բողոքներ, կամ համայնքային միջոցներով վերացրել է ծանր մեքենաների շահագործման հետևանքով առաջացած վնասները։

Հարցում ուղարկեցինք Ջրվեժի համայնքապետարան՝ խնդրելով տրամադրել համապատասխան տեղեկատվությունը և, առկայության դեպքում, նաև վարչական ակտերի կամ թույլտվությունների պատճենները։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե տեղեկության տրամադրումը հնարավոր չէ իրականացնել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, և անհրաժեշտ է այն երկարաձգել մինչև մեկ ամիս, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է հնգօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին՝ նշելով երկարաձգման պատճառները։

Խմբագրությանը նման ծանուցում Ջրվեժի համայնքապետարանից չի ուղարկվել։ Փոխարենը, հարցումից շուրջ մեկուկես ամիս անց ուղարկվեց պատասխանը, որում նշվում էր, որ դեպքի վերաբերյալ ստացվել են դիմում-բողոքներ, հարցի կարգավորման կապակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում, որի արդյունքում որոշվել է որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործել Մայակովսկի բնակավայրում գտնվող գրունտային ճանապարհը և մեքենաների երթևեկությունը կազմակերպել այդ ճանապարհով։

Համայնքապետարանը հայտնել էր, որ որևէ թույլտվություն ծանրաքարշ մեքենաների երթևեկության համար չի տրվել, չէր պատասխանել՝  արդյոք համայնքի միջոցներով կատարվել են ճանապարհի վերանորոգման աշխատանքներ ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած վնասների պատճառով։

Հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և խնդրեցինք հայտնել՝ արդյոք արձանագրվել են խախտումներ «ԴՌԱԳՍՄԱՆ» ընկերության կամ դրա հետ փոխկապակցված փոխադրողների կողմից շահագործվող մեքենաների մասով, ինչպես նաև՝ ինչ վերահսկողական մեխանիզմներ են կիրառվում ծանրաքարշ մեքենաների երթևեկությունը վերահսկելու համար։

Տեսչական մարմինը հայտնել էր, որ մասնագետների կողմից ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացվում է համապատասխան տրանսպորտային միջոցների կշռման միջոցով։ Ինչպես նաև նշել էր որ համայնքում կիրականացվեն վերահսկողական գործառույթներ ծանրաքարշ տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ։

Ի պատասխան խախտումներ վերաբերյալ հարցին, նշվել էր , որ թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների շրջանակներում, ընդգծելով, որ տվյալ իրավախախտման սուբյեկտը ոչ թե իրավաբանական անձն է, այլ տրանսպորտային միջոցի վարորդը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.3-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների շահագործման համար։ 

Այդ հիմնավորմամբ Տեսչական մարմինը նշել էր, որ իրավասու չէ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք արձանագրվել են խախտումներ հենց «ԴՌԱԳՍՄԱՆ» ընկերության կամ դրա հետ առնչվող փոխադրողների կողմից շահագործվող մեքենաների վերաբերյալ, ուստի այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն։

Պարեկային ծառայությունից հայտնեցին, որ էկոլոգիայի աշխատակիցների հետ համատեղ պարբերաբար վերահսկվում են բեռնատար մեքենաների տեղաշարժը։ Քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա, ինչպես նաև Պարեկային ծառայողների նախաձեռնությամբ նշված ժամանակահատվածում իրականացվել է վերահսկողություն։ Արդյունքում բեռնատար ավտոմեքենաները շահագործող վարորդների նկատմամբ կազմվել է 29 արձանագրություն։

Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի շուրջ ստեղծված իրավիճակը միայն ճանապարհի ֆիզիկական վնասվածքի մասին չէ։ Հարցը վերաբերում է նաև համայնքային ենթակառուցվածքների պահպանությանը, ճանապարհային սահմանափակումների իրական կիրառմանը և այն վերահսկող մեխանիզմներին, որոնք պետք է կանխեն բնակավայրերի ներսում ծանրաքարշ տրանսպորտի անկանոն երթևեկությունը։

Չնայած համայնքապետարանի պնդմանը, որ ծանրաքարշ մեքենաների երթևեկության համար որևէ թույլտվություն չի տրամադրվել, այդ մեքենաները երկար ժամանակ փաստացի օգտագործել են բնակավայրի ճանապարհը՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունը։

Մյուս կողմից, վերահսկող մարմինների ներկայացրած տվյալները վկայում են, որ խնդիրը միայն բնակիչների անհանգստությունը չէ․ արձանագրվել են իրավախախտումներ, և բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել է 29 վարչական արձանագրություն, սակայն խնդիրը չի լուծվել։

 

Տեսանյութը նկարահանվել է 2026 թվականի օգոստոսի 8-ին։

 

Հոդվածի հրապարակման պահին, բնակիչներից ստացված տեղեկությունների համաձայն, Ճանապարհահատվածը վերանորոգվել է,  տեղադրված նշանը փոխվել է, նախկին 8տ սահմանափակման փոխարեն սահմանելով մինչև 2․5 տոննա։ Կատարված փոփոխություններից հետո էլ բեռնատարների շարժը չի դադարել, թեև տեսչական մարմինը նշել էր որ տարածքում կիրականացվեն վերահսկողական աշխատանքներ։ Լուսանկարում երևացող տրանսպորտային միջոցը ըստ երևույթին գերազանցում է սահմանված 2․5 տոննա զանգվածը։

Քաշի սահմանափակման նշանը նախկինում և հիմա։

Ինչու՞ է նման իրավիճակ ձևավորվել և շարունակվել այն դեպքում, երբ ճանապարհին առկա է եղել ծանրության սահմանափակման նշան, իսկ ճանապարհը գտնվում է համայնքային կառավարման ներքո։

Այսպիսով, ձևավորվել է մի իրավիճակ, երբ խնդրին այս կամ այն չափով առնչվել են առնվազն հինգ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Ջրվեժի համայնքապետարանը, Կոտայքի մարզպետարանը և Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը, սակայն դրանցից և ոչ մեկի միջամտությունը՝ ո՛չ մարզպետարանում կայացած քննարկումն ու այլընտրանքային ճանապարհի մասին որոշումը, ո՛չ կազմված 29 վարչական արձանագրությունը, ո՛չ էլ նշանի փոխարինումը 8 տոննայից 2.5 տոննա սահմանափակմամբ, առ այսօր չի հանգեցրել խախտումների փաստացի դադարեցմանը. բնակիչների տրամադրած տեսանյութերը վկայում են, որ ծանրաքարշ բեռնատարների երթևեկությունը շարունակվում է։ Երբ ճանապարհը համայնքային կառավարման ներքո է, նշանը՝ տեղադրված, թույլտվությունները՝ չտրված, իսկ արձանագրությունները՝ կազմված, բայց իրավիճակը մնում է նույնը, խնդիրն այլևս առանձին վարորդների կամ մեկ ընկերության հարցը չէ. այն վերաբերում է պատասխանատու մարմինների միջև համակարգված գործողությունների և վերահսկողության շարունակականության բացակայությանը, որի պայմաններում շարունակական իրավախախտումները չեն վերացվում, իսկ բնակչության հանգիստն ու անվտանգությունը մնում են չապահովված։

Iravaban.net-ը շարունակելու է հետևել խնդրի զարգացմանը՝ պարզելու, թե արդյոք ծանրաքարշ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է Ամառանոցային փողոցում, արդյոք նախատեսվում են ճանապարհի վերականգնման աշխատանքներ, և ինչ քայլեր են ձեռնարկելու պատասխանատու մարմինները՝ նման իրավիճակների կրկնությունը բացառելու համար։

Խմբագրությունը օգոստոսի 16-ին մեկնաբանության հարցում է ուղարկել «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ-ին. հոդվածի հրապարակման պահին պատասխան չի ստացվել: Խմբագրությունը պատրաստ է հրապարակել «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև բոլոր պետական մարմինների լրացուցիչ պարզաբանումները, եթե դրանք ներկայացվեն հրապարակումից հետո։

Օֆելյա Արսենյան

Leave a Comment