Սաուդյան Արաբիան սկսել է նախապատրաստվել եմենցի հութիների հետ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ իր նավերի, օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո, հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբանների և սաուդյան աղբյուրների։
Թերթի գնահատմամբ՝ իրավիճակը կարող է «նոր ճակատ» բացել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունում։
Սաուդցի պաշտոնյան, անանունության պայմանով, հայտարարել է, որ Էր Ռիադը նախապատվությունը տալիս է խաղաղությանը, սակայն պատրաստ է պատերազմի և պաշտպանվելու է «ցանկացած անհրաժեշտ միջոցով»։ Նրա խոսքով՝ եթե հարձակումները շարունակվեն, թագավորությունը պատրաստ է ավիահարվածներ հասցնել՝ Եմենի կառավարական ուժերին աջակցելու համար։
Հութիների քաղաքական ներկայացուցիչ Մուհամմադ ալ-Բուհայթին հայտարարել է, որ իրենք «գործնականում արդեն պատերազմի մեջ են Սաուդյան Արաբիայի հետ» և խոստացել է, որ լայնամասշտաբ բախման դեպքում «կոչնչացնեն թագավորության բոլոր նավթային և կենսական նշանակության օբյեկտները»։
ՄԱԿ-ի՝ Եմենի հարցերով հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգն իր հերթին զգուշացրել է, որ Եմենն այսօր կանգնած է լայնամասշտաբ հակամարտության վերսկսման առավել լուրջ ռիսկի առջև, քան 2022 թվականի զինադադարից ի վեր որևէ այլ պահի։
Հութիները Եմենում գործող, Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժումն են։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո հութիները վերսկսել են հրթիռային հարձակումներն ու գործողությունները Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։
Հուլիսի 20-ին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակման մասին՝ սպառնալով թիրախավորել թագավորության հետ կապված նավերը։ Օգոստոսին հութիները մի շարք հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի հետ կապված նավերի և նավթային ենթակառուցվածքների դեմ։
