9–րդ գումարման Ազգային ժողովը շուրջ մեկ ամիս ձևավորված է, պատգամավորները զբաղված են օրենսդրական աշխատանքով։ Սակայն նրանցից մեկի՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի դեպքում պատգամավորական նոր կարգավիճակը իրավական մի շարք հարցեր է առաջացրել։ Սարգսյանը նախորդ գումարման ընթացքում անցնում էր քրեական գործով, հիմա նորից ընտրված պատգամավոր է։ Այս երկու հանգամանքների համադրությունը իշխանությունը և ընդդիմությունը տարբեր կերպ են մեկնաբանում։
«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը նորից պատգամավոր է, բայց շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Նրա պաշտպանները պնդում են՝ 9-րդ գումարման խորհրդարանում պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրան անազատության մեջ պահելու իրավական հիմք այլևս չկա։ Դատարանը, սակայն, այս փաստարկը չի ընդունում․ հուլիսի վերջին տնային կալանքը երկարաձգել է ևս մեկ ամսով։
Նոր մանդատը փոխո՞ւմ է Սարգսյանի իրավական կարգավիճակը, թե՞ ոչ։ Հարցը խորհրդարանի օրակարգ չի հասել, բայց ԱԺ միջանցքներում դրա շուրջ տարբեր տեսակետներ են հնչում։
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ գործող օրենսդրության մեջ չկա դրույթ, որը Սարգսյանին կպարտադրի հրաժարվելու մանդատից․

«Օրենքում հստակ նման բան չկա գրված, իսկ մեկնաբանելու գործառույթը Սահմանադրական դատարանինն է։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ այդտեղ կա խնդրահարույց կետ կա, պետք է դիմի Սահմանադրական դատարան և ստանա վերջինիս մեկնաբանությունը»։
Իշխող ուժի ներկայացուցչի գնահատմամբ՝ այս փուլում մանդատը պահելու կամ դրանից հրաժարվելու որոշումը հենց Սարգսյանինն է կամ նրա քաղաքական ուժինը։ Քրեական գործի վերջնական ելքը նույնպես կարող է հանգուցալուծել իրավիճակը․
«Եթե դատարանը կորոշի, որ մեղավոր է, և դատավճիռ կկայացվի, այդ փաստի բերումով նա պատգամավորական մանդատից կզրկվի»:
Նույն իրավիճակն ընդդիմությունն այլ կերպ է մեկնաբանում։
Դատարանը հուլիսի 23-ին մերժել էր Արթուր Սարգսյանին տնային կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հղում էր արել Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձը չի կարող պահվել անազատության մեջ։ Դատարանը, սակայն, համարել էր, որ այդ նախադեպը Սարգսյանի դեպքում կիրառելի չէ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իրավիճակը դիտարկում է իրավունքների խախտման համատեքստում։

Նրա խոսքով՝ Սարգսյանը նախորդ գումարման ընթացքում զրկվել է անձեռնմխելիությունից, սակայն դրանից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կրկին ստացել է քաղաքացիների քվեն և նոր մանդատ․
«Եթե Արթուր Սարգսյանին 8-րդ գումարման վերջում դատախազի միջնորդությամբ Ազգային ժողովի մեծամասնությունը զրկեց անձեռնմխելիությունից, հետագայում Արթուր Սարգսյանը նաև ժողովրդի ձայնով, ընտրողների ձայնով նորից օժտվեց առաջնային մանդատով»:
Գալստյանի պնդմամբ՝ նոր մանդատը իրավական նոր իրավիճակ է ստեղծում․ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը կրկին պետք է խորհրդարան գար։
«Հայաստան» խմբակցությունում այս պատմությունը սկսում են ոչ թե քրեական գործից, այլ գումարումներից․ 8-րդն ավարտվել է, 9-րդը՝ սկսվել։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյան․ «Ես՝ որպես պատգամավոր, ստացել եմ վերջնահաշվարկ․ այս հիմնարկությունը՝ այս հիմնարկի հաշվապահությունը ասել է՝ քո պատգամավորությունը՝ 8-րդ գումարման, վերջացել է, սկսվում է նորը»։
Խմբակցությունում դատարանի որոշման մեջ, իրավականից բացի, նաև քաղաքական ենթատեքստ են տեսնում։
Իշխանությունը մինչդեռ ընդգծում է գործի հենց իրավական բովանդակությունը։ Արթուր Սարգսյանն անցնում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքարի» գործով և մեղադրվում է իշխանությունը յուրացնելու ու ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։