ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր ծրագիրը։ 2026-31 թթ․ ռազմավարական փաստաթղթով Հայաստանը թևակոխում է Չորրոդ հանրապետություն՝ Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն արդեն հիմնադրված է, բայց ճանապարհին մի քանի կարևոր քայլեր կան, որոնք դեռ պետք է արվեն։ Դրանցից մեկը, ըստ վարչապետի, Սահմանադրության փոփոխությունն է, որի տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։ Բայց այս փուլում արդեն պարզ է, թե ինչպես է լուծվելու նախաբանում «Անկախության հռչակագրին» հղում անելու հարցը։
Գործադիրն առաջիկա հինգ տարիներին Հայաստանի անվտանգային համակարգը պատկերացնում է առանց ՀԱՊԿ–ի։ Եթե կառավարության նախորդ ծրագրում ՀԱՊԿ-ը հստակ նշված էր որպես այդ համակարգի կարևորագույն օղակ, ապա առաջիկա 5 տարիներին կառույցի հետ Հայաստանի գործակցությունը ներկայացված չէ անգամ որպես առանձին ուղղություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ Հայաստանն իրեն հետաքրքրող ոչ մի հարցի պատասխան ՀԱՊԿ-ից այդպես էլ չի ստացել․
«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքը չենք ակտիվացնելու։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ–ին հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»։
Արձագանքելով Հայաստանի վարչապետի հայտարարություններին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես ասվում է, «գնդակը թողել է» Հայաստանի դաշտում՝ ընդգծելով, որ Հայաստանն ազատ է համապատասխան որոշում ընդունելու և կազմակերպությունից դուրս գալու հարցում։
Հայաստանն իր անվտանգային նոր համակարգը չի կապում որևէ կառույցի հետ։ Նոր կոնցեպտի հիմքում խաղաղության օրակարգն է։ Խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ հուսալի և գործուն երաշխիքը՝ հայտարարում է Փաշինյանը՝ այդ օրակարգը հռչակելով համապետական։ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը և ինստիտուցիոնլացումը կառավարության առաջնային անելիքն է․
«Խաղաղությունը անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում ԼՂ հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում` Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա` հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի»։
Նույն սկզբունքը գործելու է նաև հայ–թուրքական հարաբերություններում։ «Վերջ պետք է տանք Հայոց ցեղասպանության զենքայնացմանը, այդ կրակոցից մենք ենք զոհվել ու զոհվելու»,— Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության որդեգրած այս սկզբունքը ամրագրվելու է նաև ՀՀ փոխվող սահմանադրության մեջ։ Մայր օրենքի նոր տեքստը կհրապարակվի մի քանի ամիս հետո, սակայն արդեն հիմա վարչապետը հաստատում է՝ հղում «Անկախության հռչակագրին» չի լինելու։ Նա հիշեցրեց, որ վերջին ընտրություններին քաղաքացիները, իրենց ձայնը տալով «Քաղաքացիական պայմանագրին», հավանություն են տվել նաև կուսակցության՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու որոշմանը․
«Մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության և որոշման մասին։ Նոր սահմանադրության մեջ «Անկախության հռչակագրին» հղում անելը կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի` վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չենք կարող»։
Վարչապետ Փաշինյանի այս, նաև այն հայտարարությունները, որոնք առնչվում են նաև անկլավներին ու հատկապես Տիգրանաշենի ճակատագրին, սուր քննարկումների և մեղադրանքների պատճառ դարձան։ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանին, օրինակ, չի գոհացնում կառավարության ամբողջ ծրագիրն ու «Չորրորդ հանրապետության» հիմքում դրված սկզբունքները․
«Իրականում այս կառավարության ծրագիրը ՀՀ պետականության փլուզման ծրագիրն է։ Ծրագիրը փորձ չի անում լուծում գտնելու։ Կտրուկ դրել է հարցերը, ինչը վտանգներ է պարունակում մեր ժողովրդին տնտեսական, քաղաքական, ռազմական անվտանգության առումով»։
Արտախորհրդարանական ընդդիմությունը կոչ է անում համախմբվելու հատկապես Սահմանադրությունից «Անկախության հռչակագրին» հղումը հանելու մտադրության դեմ պայքարելու համար։ Այդ պայքարի բանաձևը ներկայացրել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, որին 1990-ին վստահվել էր ներկայացնել «Անկախության մասին հռչակագիրը»։
«Առաջին թեման, որ Հայաստանի հասարակությունը կարող է համախմբել հռչակագրի պաշտպանությունն է։ Պետք է լինի համազգային շարժման թեմա, հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բազմակուսակցական, Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների համատեղ խնդիրը։ Այն կուսակցությունները, որոնք իրար հետ չունեն, որոնք իրար ատում են, որոնք իրար քննադատում են, որոնք իրար հետ մրցակցում են, այս խնդրի շուրջ պետք է համագործակցեն»։
Վերադառնալով կառավարության ծրագրով սահմանված առաջնային անելիքներին, նշենք, որ դրանցից մեկը TRIPP–ի իրագործումն է, որը բխում է կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից․
«Այն անցնելու է Նռնաձոր–Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով` խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագրով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ, և հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես արևելքից արևմուտք»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայաստանի տարածքում TRIPP–ի շինարարությունը կսկսվի 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին։ Թեմայի մասին խոսել է նաև Ադրբեջանի նախագահը, որը շարունակում է TRIPP-ը որակել որպես «Զանգեզուրի միջանցք»։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի հատվածում նախագիծը կավարտվի հաջորդ տարի։ Աշխատանքները սկսվել են նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։
TRIPP-ի շինարարությանն առնչվող չլուծված հիմնական խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև է՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ի կառավարման հարցի շուրջ։ Այս խնդրի պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային երկաթուղային ցանցին միանալու հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ, հետևաբար ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետը հերթական անգամ դիմեց Ռուսաստանին․
«ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի 3-րդ երկրի»։
Հայկական երկաթուղու Երասխ–Ախուրիկ հատվածը մրցակցային լավ վիճակի բերելու համար Հայաստանը Ռուսաստանին հորդորում է խնդրի լուծման բարեկամական ուղի ընտրել։ Միաժամանակ կառավարության ծրագրում գրված է, մեջբերում․ «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի ՀՀ միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»։
Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ Կրեմլն այս առաջարկը դեռևս անպատասխան է թողել։