Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած տնտեսական պատերազմը, ինչպես Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված բոլոր նախորդ սահմանափակումներն ու պատժամիջոցները, դատապարտված է ձախողման։ Իսկ սպառնալիքներն ինքնին հիշեցնում են հին սյուժեով ֆիլմ, որում նոր դերասաններ են ներգրավված։ Այս կարծիքն է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցում իր էջում հիշեցրել է Թեհրանին ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերի սպառնալիքների մասին, այդ թվում՝ 14 տարի առաջ սահմանված «պատմության մեջ ամենակործանարար պատժամիջոցների», 8 տարի առաջ Իրանի նկատմամբ կիրառված «առավելագույն ճնշման», ինչպես նաև համեմատաբար վերջերս՝ 5 ամիս առաջ, Իրանի իշխանություններից «անվերապահ կապիտուլյացիայի» ակնկալիքի մասին։ «Դրանք բոլորը ձախողվեցին»,– գրել է Արաղչին։
Ինչ վերաբերում է Իրանի դեմ Թրամփի հայտարարած «պատմության մեջ ամենակործանարար տնտեսական գործողությանը», նախարարն ընդգծել է, որ այն «նույնպես դատապարտված է ձախողման»։ «Մենք արդեն տեսել ենք այս ֆիլմը»,– նշել է Արաղչին՝ հավելելով, որ դրանում «սյուժեն նույնն է, թեև դերասաններն ուրիշ են»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները կաջակցեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների կբախվեն։