
Իշխանություն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Լիաննա Մանուկյանին ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, չնայած կոնկրետ դիրքորոշման մասին չէին հայտարարել:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն. ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավականացնում որևէ պաշտոնում աաջադրված թեկնածուի ընտրելու համար:
Լիաննա Մանուկյանի թեկնածության քննարկումն անհամեմատ ավելի դրական մթնոլորտում անցավ, քան նրա նախորդի՝ Հայկ Վարմանյանի դեպքում։
Իշխանությանը, ինչպես հենց նրանք էին պնդում, չէր համոզել, թե պետաշխատակից լինելով, նա շահերի բախման հարց չի ունեցել, երբ բրոկերական ընկերություն է ունեցել։ Ֆարմանյանը պնդում է, թե նման հարց չի եղել։ Լիաննա Մանուկյանը շեշտը դրեց բյուջեի ծախսերի վերահսկողության հարցի վրա։
Այսօր հենց իշխանության քվեարկության շուրջ էր հիմնական բանավեճը. պե՞տք է անվերապահ ընտրեն օրենքով ընդդիմությանը վերապահված հանձնաժողովների նախագահներին, թե՞ ոչ։ Իշխանությունը մնաց իր տեսակետին, թե թեկնածուների անցած ճամփան պետք է և կարող են դարձնել քննարկման առարկա, ընդդիմությունը իր՝ որ սա ընդդիմության տեղերն են և իրենց թեկնածուները պետք է ընտրված լինեին անվերապահ։
Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 10-ի նախագահները արդեն ընտրվել են։
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Հարություն Հարությունյանը՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
«Ուժեղ Հայաստան»-ը նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում փոխեց նախագահի իր թեկնածուին: Այս պաշտոնում առաջադրել են նախկին փաստաբան Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
Հարությունյանի թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրից» Սոնա Ղազարյանը հայտարարեց. «Մեր անհանգստությունը գալիս է ոչ թե ձեր թեկնածուների ընտրությունից, այլ ձեր թեկնածուների խոսույթից: Այստեղ հարց է առաջանում, իսկ կարո՞ղ է դուք այս հանձնաժողովը ընտրել եք ոչ թե որպեսզի նպաստեք ինտեգրման գործընթացին, այլ վերահսկեք, որ Հայաստանը հանկարծ ձեր կողմից ընդունելի փուլից առաջ չանցնի: Ես կարծում եմ, որ դուք այս հանձնաժողովը ընտրել եք, որպեսզի հետևեք գործընթացին ու հանկարծ այնպես չստացվի, որ դուք ձեր գործընկերներին դրա մասին ասած չլինեք՝ չփորձելով կանխարգելել էս գործընթացը: Ձեր թեկնածուների պատասխաններից հասկանում եմ, որ նույնիսկ հիբրիդային պատերազմ ասելու պարագայում, իրենց արագ ասում ենք՝ «մի ասեք հիբրիդային պատերազմ», էլ չասեմ, որ էս կոնտեքստում էս մարդիկ Ռուսաստան բառն էլ չեն կարող արտաբերել: Հարցումները, որ նայեք, մեր քաղաքացիները որպես երրորդ սպառնալիք Ադրբեջանից ու Թուրքիայից հետո նշել են Ռուսաստանը»:
«Ուժեղ Հայաստան»-ից Էդգար Ղազարյանն էլ ասաց. «Կարելի է տպավորություն ստանալ, որ Հայաստանի գործող իշխանությունները և նրան սատարող խմբակցությունը կող են Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին, Հայաստանի եվրոպական ինտեգրացիային, բայց իրականում հակառակն է՝ մենք պետք է փորձենք փրկել այդ հարաբերությունները»:
Երկուշաբթի ԱԺ-ն նախ կքննարկի կառավարության ծրագիրը
Ազգային ժողովն Հարությունյանի թեկնածության քննարկումը կշարունակի երկուշաբթի՝ կառավարության ծրագրի հաստատումից հետո, ինչպես Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահը ասաց:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան 10-ից սկսելու են քննարկել կառավարության ծրագիրը։
Թեև ԱԺ Կանոնակարգը սահմանում է, որ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կարող է այնքան շարունակվել, մինչև խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չառաջադրի կամ առաջադրված նույն թեկնածուն երեք անգամ չընտրվի, բայց երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ Կառավարության ծրագրին հավանություն տալու համար 7-օրյա ժամկետ է սահմանվում: Փաշինյանի կաբինետն արդեն այն հաստատել և ուղարկել է ԱԺ:
«Սահմանադրությունն է ասում, որ Ազգային ժողովը պետք է ունենա մշտական հանձնաժողովներ, Սահմանադրությունն է ասում, որ Ազգային ժողովն է հավանություն տալիս կառավարության ծրագրին։ Ինչի՞ համար։ Որովհետև Ազգային ժողովը պետք է լինի ամբողջությամբ ձևավորված իր մշտական հանձնաժողովներով։ Հիմա, օրինակ, կառավարության ծրագիրը չի կարողանալու մշտական հանձնաժողովում քննարկվի։ Չկա այդ գործիքը, որովհետև չկա ձևավորված», – ասաց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Ազգային ժողովում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում էին Հանրապետական կուսակցության հետ կապ ունենալու համար:
«Պարոն Կարապետյան, Ձեր հայրը Հանրապետական ֆրակցիայի ղեկավար էր, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, պարոն Դարբինյանի հայրը Վանաձորի նախկին համայնքապետն է, պարոն Թամրազյանը, կարծեմ, Հանրապետական կուսակցության հետ կապ ունեցել է, տիկին Սյուզաննա Ավետիսյանը, կարծեմ, նախկինում Հանրապետական եղել է, պարոն Հարություն Մնացականյանը հայտնի Հանրապետական կուսակցության անդամ է, պարոն Էդգար Ղազարյանը երևի աշխարհի ամենահայտնի Հանրապետականն է, պարոն Անուշավան Մանուչարյանի հայրը Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, Շիրազ Մանուկյանը Հանրապետականի երիտթևի նախկին անդամ է, դե պարոն Մամիկոն Ասլանյանին բոլորդ էլ գիտեք, Հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ և, իհարկե, պարոն Վարդևանյանը, միանշանակ: Ասում եք՝ նոր ուժ եք: Շատ լավ, դուք նոր Հանրապետական ուժ եք», – նշեց «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց.- «Հետ եմ նայում, պարոն Կոնջորյանը՝ երկու կուսակցություն…ուրեմն՝ ՔՊ-ի նախագահի մի տեղակալն էլ նախկին ԲՀԿ-ական է…»:
ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանն «Ազատությանն» ասաց՝ խորհրդարանի ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը «ակտիվորեն ներգրավված է եղել ԲՀԿ երիթևի աշխատանքներում»: Նա նշեց, որ իր խոսքերը փաստող բազմաթիվ վիդեո- և ֆոտոնյութեր կան արխիվում: Ալեքսանյանի հայտարարությունը, որ ինքը ԲՀԿ անդամ չի եղել, Տոնոյանը «իր անցյալը ջնջելու անհաջող փորձ որակեց»: