Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ ընդդիմության ձեռքում․ նոր բախման ճակա՞տ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ ընդդիմության ձեռքում․ նոր բախման ճակա՞տ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը բաժին կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Սակայն իշխանությունը կասկածում է ընդդիմության՝ եվրոպական օրակարգին հավատարմությանը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հանձնաժողովի ղեկավարումը «Ուժեղ Հայաստանին» վստահելու հարցում խնդիր է տեսնում՝ հաշվի առնելով խմբակցության՝ ռուսամետ ձևավորված համբավը։ 

«Եթե հետևել եք հարցուպատասխանին, մասնավորապես եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածուին, ես ինքս էլ նշեցի, որ խնդիր եմ տեսնում, այսինքն՝ համբավի և առաջադրման պահով, որովհետև կարծում եմ, որ առնվազն ռուսամետ համբավ ունեցող ուժը ոչ այնքան բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար՝ ստանձնելով եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահությունը»։ 

Բայց «Ուժեղ Հայաստանը» չի ընդունում ոչ միայն այդ բնորոշումը, այլև իշխանության գնահատականները։ Էդգար Ղազարյանի խոսքով՝ իրենց ընտրությունը հենց եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարումը վերցնելն էր, որովհետև եվրոպական ուղղությունը իրենց համար կարևոր է։ 

«Ուզում ենք մեր ծանրակշիռ մասնակցությունն ունենալ Հայաստանի և Եվրոպական միության անդամ տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացմանը»։ 

Իսկ ինչո՞ւ հենց այս հանձնաժողովը։ «Ուժեղ Հայաստանի» պատասխանն ուղղակի է։ 

«Իրենք 3 անգամ՝ 3 փուլով, հանձնաժողովների ընտրության հնարավորություն ունեին, և չնայած այն բանին, որ իրենք են կարծես հռչակել, որ իրենք ավելի շատ են շահագրգռված Եվրոպական միության, եվրոպական կառույցների հետ համագործակցության իմաստով, բայց չէին կայացնում այդ հանձնաժողովը ղեկավարելու որոշումը»։ 

Այստեղ արդեն հարցը միայն հանձնաժողովի նախագահի աթոռը չէ։ «Ուժեղ Հայաստանը» իշխանությանը մեղադրում է եվրոպական ուղղության մասին ավելի շատ խոսելու, քան դա իրական քաղաքականության մակարդակում իրականացնելու մեջ։ 

«Թվացյալ հարթությունում՝ խոսքերի մակարդակով, այցելությունների, ջեմ պատրաստելու, սրտիկներ անելու մակարդակում, մեծ ոգևորություն կա։ Դա մենք տեսնում ենք, բայց բովանդակային առումով… Իսկ բովանդակայինն ի՞նչը կարող է լինել՝ քաղաքական հարաբերություններ, տնտեսական հարաբերություններ, առևտուր, ներդրումներ երկու կողմից, ոլորտային համագործակցություն․ այդ ամենն ընդհանրապես գոյություն չունի»։ 

«Քաղաքացիական պայմանագրում», սակայն, պնդում են՝ հանձնաժողովի աշխատանքը պետք է կառուցվի ոչ թե քաղաքական պիտակների, այլ բովանդակության շուրջ։ 

«Երբ մեկը խախտում է, այսպես ասած, սահմանված կարգը, բնականաբար, ցանկություն է առաջանում պատասխանելու, և շատ կարևոր է նաև… դա նաև ի նպաստ է աշխատանքային միջավայրին, այդ թվում՝ աշխատանքային մնացած հարցերը քննարկելու, հետևաբար, ես լիահույս եմ, որ այս ամենը մենք կկարողանանք գլուխ բերել»։ 

Այսպիսով՝ եվրաինտեգրման հանձնաժողովը դարձել է նոր քաղաքական փորձաքար։ Իշխանությունը կասկածում է ընդդիմության՝ եվրոպական օրակարգին, «Ուժեղ Հայաստանը»՝ իշխանության հետևողականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment