Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1002-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն օրենքի ընդունմամբ։ Նշված օրենքով կատարված փոփոխություններով հանվել է համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարիքային շեմը, ինչի արդյունքում աշխատողների աշխատաքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով։ Միաժամանակ, հանվել է ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու տարիքային սահմանափակումը։
Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-182-Ն, «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-189-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2026 թվականի հուլիսի 1-ի N 591-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով սահմանված միջոցառումը։
Առաջարկվող կարգավորման նպատակը
«Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 7-ի ՀՕ-184-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների կատարումը:
Լրացուցիչ ֆինանսականմիջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի «Համայնքային ծառայության մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների կատարումը, որի արդյունքում կհանվի ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու տարիքային սահմանափակումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու և բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի հիմնաքարերից մեկն էլ մարդկային կապիտալի զարգացումն է՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության մշակման ուղենիշով։ ՀՀ կառավարության 17.10.2024 N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությամբ որպես ժողովրդագրության ոլորտում պետական քաղաքականության տեսլական սահմանված է բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածքը՝ միտված բնակչության երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Տեսլականի իրագործման համար սահմանված նպատակներից է հետևյալ նպատակը. «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»։ Հիշյալ նպատակի մասնավոր նպատակներից մեկն էլ ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայրն է։
Նախագիծը որոշակիորեն բխում է նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարության 4-րդ մեգանպատակից՝ «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի նկատմամբ:»։
Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինին։