Խորհրդարանն ավարտել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Քվեարկությունը տեղի կունենա վաղը։ 12 հանձնաժողովներից 4-ի նախագահներին առաջադրել են ընդդիմադիր խմբակցությունները։ Այս հնարավորությունը նրանց տալիս է ԱԺ կանոնակարգում ամրագրված Դոնթի բանաձևը։ Այսօրվա քննարկման ավարտին իրավիճակն ԱԺ նիստերի դահլիճում լարվել է, միջամտել են անվտանգության աշխատակիցները, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Ուժեղ Հայաստանն» առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Դոնթի բանաձևով այս հանձնաժողովը ղեկավարելու իրավունքը վերապահվել է ընդդիմադիր ուժին։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդդիմադիր թեկնածուին ուղղված բազմաթիվ հարցեր ունեին․ հերթագրվել էր 40-ից ավելի պատգամավոր։
Արայիկ Հարությունյանին հետաքրքրում էր թեկնածուի դիրքորոշումը 2022 թվականի Պրահայի հայտարարության վերաբերյալ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
—«Հիմա внимание вопрос, ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը»:
—«Արդյո՞ք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ, դա՞ է ձեր հարցադրումը: Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այն տեղը, որտեղ ես ծնվել եմ, որտեղ, որ ես ամուսնացել եմ, որտեղ, որ գտնվում են ապուպապերի և իմ հոր գերեզմանը։ Ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես, որ չեն մոռանալու 120 հազարը»։
Ինչ դիրքորոշում ունի ընդդիմադիր թեկնածուն Հայաստանի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ․ հարցը հնչում է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից։
«Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ։ Որովհետև գոյություն ունեն ընթացակարգեր։ Հայաստանը պետք է դիմում ներկայացնի։ Ինչ օրենք ուզում եք ընդունեք, դրանով Հայաստանը ԵՄ անդամ չի կարող դառնալ»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ Արեգա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընդդիմադիր ուժը կիսում է եվրաինտեգրման օրակարգը, և եթե հանրաքվե անցկացվի, կողմ կքվեարկի ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ նախընտրելի կհամարի ԵԱՏՄ-ում մնալը։
Արեգա Հովսեփյանը ուղիղ չպատասխանեց, սակայն հայտարարեց՝ իրենց ուժը կողմ է եվրաինտեգրման քաղաքականությանը, բայց դեմ է, իր ձևակերպմամբ, «կեղծ օրակարգերին»։
Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր՝ Տարոն Չախոյանը, անդրադարձավ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի արած հայտարարությանը, որը, պատգամավորի գնահատմամբ, ոչ կոռեկտ էր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վերաբերյալ․
—«Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, այդ բառամթերքով եք հարաբերվելու՞ մեր եվրոպացի գործընկերների հետ»։
—«Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ՝ բարեկրթությունից կմնա Բ տառը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից կմնա Կ տառը»։
Հարցուպատասխանի ավարտին Արեգա Հովսեփյանը խոսքն ուղղեց արցախցիներին՝ ընդգծելով, որ Հայաստանի ուժեղացումը բոլորի նպատակն է ։ Հովսեփյանի հետ համաձայն էր նաև ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
—«Ես գիտդում ում, վեր մունք լոխ ստեղ օնինք մին նպատակ, դա էն ա, վեր ՀՀ-ն ավելի ուժեղանա։ Վեր ՀՀ-ն ինի էն տեղը, շտեղան մունք ուզում չընք քինանք»։
—«Առաջարկում եմ՝ ծափահարենք։ Ամբողջությամբ համաձայն ենք և կիսում ենք ձեր ելույթը»։
Թվում էր՝ քննարկումն ավարտվում է դրական մթնոլորտում, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հաջորդ հարցին անցնելուց առաջ հանդես եկավ մեկնաբանությամբ։ Դա առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը․ նրանք պնդեցին, որ նիստը վարողը պետք է սահմանափակվի նիստի ընթացքն ապահովելով և չմեկնաբանի պատգամավորների ելույթները։
Քննարկումը վերածվեց լեզվակռվի, ինչից հետո Ալեքսանյանը նկատողություն հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանին, իսկ նույն խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառեց կարգապահական միջոց՝ նրան մինչև օրվա ավարտը հեռացնելով դահլիճից։
ԱԺ փոխխոսնակը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ինչից հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։
Առանց նրանց մասնակցության ընթացավ հաջորդ հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Ելույթում Բաղդասարյանն անդրադարձավ մշտական հանձնաժողովի անվան փոփոխությանը։
«Մեզ համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը։ Մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրում, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին բարեկեցիկ կյանք»։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունն արժանապատիվ աշխատանքն է։ Բաղդասարյանն ասում է՝ տնտեսական զարգացումը որպես պետական շահ ձևակերպելն էլ ունի նպատակ։
«Որովհետև միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենսաթոշակներ, նպաստներ, իրականացնել առողջապահության ապահովագրություն, խոցելի խմբերի համար թիրախային ծրագրեր իրականացնել և ապահովել արժանապատիվ կրթություն»։
Խորհրդարանն ավարտեց 12 հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Վաղը պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրություն կանեն։