Իրանի անունով նոր փողոց, սեփական ձեռքով պատրաստած գինի․ Գորիսն ու Կապանը նշում էին իրենց տոնը

Նախօրեին Սյունիքի մարզային իշխանությունը, այսպես ասենք, երկտեղվել էր․ մի մասը Գորիսում էր, մյուս մասը՝ Կապանում։ Կապանն ու Գորիսը այս տարի նույն օրն են նշել իրենց տոնը։ Երկու քաղաքում էլ մինչև ուշ ժամ տոնական միջոցառումներ էին, գորիսեցները, ավանդույթի համաձայն, իրենց տների առաջ սեղաններ էին բացել ու հյուրասիրում էին անցնող-դարձողներին։

Գորիսում տոնն առանց բացված սեղանների, հարևանին ու անցորդին բաժին հանած ուտեստի ու տանը սեփական ձեռքով պատրաստած գինու չի լինում։ Այս անգամ էլ գորիսեցիները տոնը՝ տուն ու բակ էին դուրս բերել։ Հայրապետ Բաղդասարյանն անցնող-դարձողներին իր պատրաստած խաղողի գինին էր հյուրասիրում։

Հայրապետ Բաղդասարյան․ «Ամեն ժողովուրդ լավ լինի, կարևորը խաղաղություն լինի, էլ մեզ ի՞նչ ա պետք։ Գորիսեցիներիս տոնը ուժ ա տալիս, որ Գորիսը ծաղկում է, ապրում է»։

Տոնական էր նաև Կապանը։ Այս տարի երկու քաղաքները՝ Գորիսն ու Կապանը, իրենց օրը նշեցին նույն օրը։ Դրա բերումով էր, որ Սյունիքի մարզային իշխանությունը երկտեղվել էր՝ մի մասը Կապանում էր, մյուսը՝ Գորիսում։ Կապանի օրվա միջոցառումները մեկնարկել են հեծանվավազքով։ Շուրջ 4 կիլոմետր մրցատարածությունը հաղթահարած լավագույն հեծանվորդները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել են մեդալներով, հավաստագրերով և խրախուսական նվերներով։

Դավիթբեկի հուշարձանի հարակից տարածքում բացվել են «Հալիձոր՝ հավատքի ամրոց» և «Հացատաշտ» հարթաքանդակները։ Դրանք խորհրդանշում են հայ ժողովրդի ամրությունն ու ժամանակի փորձություններին չընկրկող ոգին, քրիստոնեական խորհուրդը, կյանքի, հավատի, հարութ յան և հավերժության գաղափարը։

Կապանն, ի դեպ, պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին, սակայն պատմության մեջ հիշատակվում է դեռևս 9-րդ դարից։
Քաղաքի Բաղաբուրջի սարահարթում՝ արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների հիշատակին, հարգանքի տուրք մատուցելուց հետո Կապանի մշակույթի կենտրոնում էր օրվա գլխավոր հանդիսությունը։

Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանն է տերունական աղոթքով բացել հանդիսավոր նիստը։

Մակար եպիսկոպոս Հակոբյան․ «Կապանը մենք ընդունում ենք որպես հարավային մայրաքաղաք ու չենք սխալվում։ Մայրաքաղաքը ոչ թե անունով են դառնում այլ գործերով։ Այսօր շենանում է, հզորանում է մեր քաղաքը՝ համայնքի ղեկավարի, ավագանու աշխատանքի շնորհիվ, բայց այդ ամեն ինչը չէր լինի, եթե կապանցին չսիրեր իր քաղաքը, այն հայրենիքը, որտեղ Աստված է իջել։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր սյունեցի նվիրված է իր արմատներին, իր տանը»։

«Կապանը մեծարում է իր երախտավորներին»՝ այս խորագիրն է կրում Սյունիքի մարզկենտրոնի տոնը։ «Սյունյաց երկիր» պարբերաթերթի հատուկ համարում ներկայացված են Կապանի 62 երախտավոր ավագներ, որոնք 70 ու ավելի տարիք ունենալով՝ այսօր ապրում են մեր կողքին։ Պարբերաթերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյան․

«Սովորաբար մարդիկ են կողք կողքի, արարում՝ միմյանց լրացնելով, ձգտում՝ մեծ ժամանակի իրենց բաժին ժամանակի ընթացքում հետագիծ թողնել։ Այդքանով հանդերձ՝ յուրաքանչյուրի արած-դրածը հաճախ չենք էլ նկատում։ Կամ ուշացած ենք նկատում ու գնահատում, որը, ըստ էության, ձևական է լինում, ի վերջո, և տվյալ անձնավորությանը ոչինչ չտվող։ Մինչդեռ յուրաքանչյուր արժանավորին գնահատելու, յուրաքանչյուրի կատարածն իմաստավորելու կարիք ունի հանրությունը»։

Կապանի օրը հրաշալի առիթ է արժևորելու մեր քաղաքի անցած ճանապարհը, գնահատելու ձեռքբերումներն ու այն մարդկանց, ովքեր պատմություն են կերտել՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

«Տարիները կարող են անցնել, ժամանակները փոխվել։ Սերունդներն ու քաղաքի զարգացման առաջնահերթությունները նույնպես։ Սակայն այն աշխատանքը որ արվել է Կապանի համար՝ չի կարող անտեսվել։ Մեծարել ձեզ՝ երախտավորներիդ նշանակում է արժևորել քաղաքի հիշուղությունը, ճանաչել նրա պատմությունը կերտած մարդկանց ու այդ պատմությունը փոխանցել հաջորդ սերունդներին»։

  Ավանդական «Գորիսյան օրերը» ու «Ֆեստիվառը» նույն օրն անցկացվեցին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը գորիսեցիներին ու կապանցիներին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով շնորհավորեց։

«Ես ուղղակի հպարտ եմ, որ գորիսեցիները չընկճվեցին ու իրենց տունը շենացրին։ Այսօր Կապանի օրն է, շնորհավորում եմ նաև կապանցիներին, մի քիչ լավ չստացվեց՝ 2 քաղաքների տոնը մեկ օրում։ Կապանը ևս Հայաստանի չքնաղ ու արագ զարգացող համայնքներից մեկն է»։

Գորիսյան օրերի մեկնարկը Չոփչուն ձոր թաղամասում էր։ Թաղամասի նոր վերակառուցված փողոցը անվանակոչվեց Իրանի Իսլամական Հանրապետության Նային քաղաքի անունով՝ դառնալով երկու ժողովուրդների բարեկամության ու համագործակցության խորհրդանիշ։

Գորիսեցիներն այս տարի էլ իրենց բակերում ավանդական ուտեստներով ու խմիչքով հարուստ սեղաններ էին բացել։ Տիկին Սնարան է՝ հրավիրում մեզ համտեսելու տնական գաթան․

«Մարդիկ իրար տեսնում են, հյուրասիրում են, հյուրընկալում ենք տարբեր տեղերից եկած մարդկանց։ Քիչ առաջ մի զույգ մոտեցավ մեզ՝ ասում ա՝ ինչքան սիրուն ա ձեր քաղաքը, ասում եմ՝ հլա ժողովուրդն ա սիրուն, քաղաքն ա սիրուն, քաղաքապետն ա սիրուն»։

Օրեր առաջ իր տոնը վերջին անգամ նշեց Տեղ համայնքը։ Տեղն ու Տաթև համայնքը վերամիավորվում են Գորիս համայնքին։ Հոկտեմբերի 25-ին Գորիսի ավագանու հերթական ընտրությունների օրն է։

Leave a Comment