Ափսոսանք հայտնելով, որ 2018-ին չեն արգելել «պետությունը բռնազավթած» կուսակցությունները՝ «Դդում Արոն» շատ մեծ հույս է հայտնել, որ հատկապես գործադիրը միջոցներ կձեռնարկի, որպեսզի մինչև 2031թ.-ն իրենք «այդ իրավիճակից ձերբազատվեն»:
Հարությունյան Արոն իր այս հայտարաությամբ փաստել է, որ ինքն առնվազն ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ է ու ոչ մի կապ չունի «ժողովրդավարություն» կոչվածի հետ. ժողովրդավարական պետություններում գործադիր իշխանությունը որևէ իրավասություն կամ գործիքակազմ չունի՝ կուսակցություններ փակելու կամ արգելելու: Բայց զարմանալ պետք չէ. Հայաստանում մի իշխանություն է, որը վարչական լծակներով հաջողությամբ վերացնում է իր քաղաքական մրցակիցներին, և սա՝ այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունը, թվում էր, բոլորովին այլ բանի մասին էր:
Ի՞նչ հետևություն պետք է անի ընդդիմությունը: Նախ արձանագրենք, որ որքան էլ արտաքուստ սպառնալից թվան նմանատիպ հայտարարությունները, դրանք խորքում վկայում են իշխող ուժի գաղափարական սպառվածության և վախերի մասին, բայց դա այս դեպքում ուրախանալու պատճառ չի կարող լինել, քանի որ գործ ունենք մի Նիկոլի հետ, որն իր թուլությունը քողարկում է ուժայինների մահակների հետևում. որքան թույլ է իշխանությունը, այնքան այն ագրեսիվ է ու արյունռուշտ:
Հետևաբար՝ ընդդիմությունը, փոխանակ կենտրոնանալու բացառապես իշխանության ձախողումների վրա, պետք է ներկայացնի առարկայական, պրագմատիկ ճանապարհային քարտեզ, իրական այլընտրանք՝ իր շուրջն ամբողջությամբ մոբիլիզացնելու հանրության դժգոհ հատվածին, որը ճնշող մեծամասնություն է: ՔՊ-ն չի կարող աջ ու ձախ տեռորի ենթարկել միայն նրանց, ովքեր իսկապես հանրության շրջանում վայելում են իրական հեղինակություն, իսկ այդ հեղինակությունը պետք է կարողանալ վաստակել. պատմությունը՝ վկա՝ տեռորով իշխանությունը երկար չես պահի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: