ՀԷՑ-ի շուրջ վերջին զարգացումների ֆոնին Ազգային ժողովում այսօր հնչել են ընկերության նախկին ղեկավարության հասցեին նոր մեղադրանքներ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը պնդել է, որ 2022 թվականին էլեկտրաէներգիայի չվճարված պարտքի պատճառով Դավիթ Ղազինյանը բանավոր հրահանգել է հոսանքազրկել Վեդի համայնքը, չնայած օբյեկտիվ խնդիրներին։ Ղազինյանը չի ընդունել մեղադրանքը՝ պահանջելով հարցը պարզել փաստաթղթերով։
ԱԺ-ի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Ղազինյանի թեկնածության քննարկումը վերածվեց ՀԷՑ-ի շուրջ սուր բանավեճի։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանի խոսքով՝ 2022-ի հունվարին, երբ ինքը Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր, համայնքը խոշորացման գործընթացի բերումով դեռ հաստատված բյուջե չուներ և չէր կարող ամբողջությամբ վճարել էլեկտրաէներգիայի դիմաց։ Սարգսյանի պնդմամբ՝ 56 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքը պաշտոնապես դիմել էր ՀԷՑ-ին՝ խնդրելով ժամանակ տրամադրել՝ երաշխավորելով, որ բյուջեի հաստատումից հետո պարտքն ամբողջությամբ կմարվի։ Սակայն, ըստ Սարգսյանի, այդ պայմաններում ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը բանավոր հանձնարարել է Արարատի տեղամասի ղեկավարին՝ հոսանքազրկել ողջ համայնքը։
«Խոսքը 18 բնակավայրի, վարչական շենքերի, մանկապարտեզների, մշակույթի տների, արվեստի և երաժշտական դպրոցների մասին էր, ոչ թե անհատ բաժանորդների»։

Սարգսյանի խոսքով՝ միայն էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարի միջամտությամբ է հաջողվել կանխել համայնքի հոսանքազրկումը։ Մեղադրանքին արձագանքելով՝ Ղազինյանը պնդեց միայն փաստաթղթերով խոսել։
«Ես, օրինակ, ձեր տեղը լինեի, կբերեի և՛ ձեր նամակը, և՛ իմ պատասխանը։ Դուք ասում եք՝ բանավոր հրահանգ եմ տվել։ Լավ, իսկ իմ պատասխան նամակն ո՞ւր է»։
Ղազինյանը Սարգսյանին սեփական առաջարկով դիմեց․
«Ես ձեզ շատ ուղիղ առաջարկ ունեմ՝ ապահովեք ինձ համար ՀԷՑ-ի մուտքի հնարավորությունը, և ես ձեզ կապացուցեմ, որ բազմաթիվ, հարյուրավոր համայնքներ տարվա սկզբին, չունենալով հաստատված բյուջե, նախորդ տարվա բյուջետային հնարավորություններն արդեն սպառած լինելով, եղել են շատ լուրջ մեր կողմից աջակցություն ստացած դեպքեր։ Բազմաթիվ համայնքների խնդրանքներ բավարարվել են»։
Սարգսյանը Ղազինյանի հասցեին ներկայացրեց մեկ այլ մեղադրանք ևս՝ էլեկտրագծի կառուցման հնարավոր խախտումների վերաբերյալ։Պատգամավորի խոսքով՝ «Վոլիոս նախագծային ինստիտուտ»-ը դիմել է Վեդիի համայնքապետարան՝ էլեկտրագծի հետագիծ-նախագիծը հաստատելու և եռաֆազ էլեկտրագիծ կառուցելու թույլտվություն ստանալու։ Սակայն համայնքը մերժել էր դիմումը, քանի որ հողամասի նշանակությունը դեռ չէր փոխվել։
«Վոլիոսն, արհամարհելով համայնքի ղեկավարի մերժումը, անօրինական անցկացնում է այդ գիծը՝ իրավունք չունենալով կառուցել այդ գիծը։ Ինքը նախագիծ է անում առանց հետագիծ-նախագծի հաստատման, իսկ կառուցողը գալիս կառուցում է։ Եւս մեկ թքած ունենալու վառ օրինակ ձեր գործընկեր կազմակերպության կողմից, որ կառուցել են այդ գիծը»։
ՀԷՑ-ի շուրջ քննարկման մյուս ծանր թեման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների հնարավոր խախտումներն էին։
«Եկեք միասին շրջենք և տեսնենք՝ որքան-քանի էլեկտրահաղորդման գծեր՝ 110, 35 և 10 կՎ լարման, անցնում են հենց արոտավայրերի վրայով։ Անվտանգության գոտիների խախտումները շատ-շատ են։ Եթե չեմ սխալվում, դրանց թիվը դեռ վաղուց 10 հազարից ավելի է։ Սա արդեն քաղաքական իշխանության խնդիր է։ Բայց հարցն այն է՝ այդ խնդրի լուծումը ինչպե՞ս պետք է տրվի»։
ՀԷՑ-ի թեման ԱԺ-ում առանձնակի հնչեղություն է ստանում ընկերության պետական կառավարման գործընթացի ֆոնին։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, արձագանքելով հնչող գնահատականներին, սոցցանցային գրառմամբ ներկայացրել է առաջին ամիսների արդյունքները։ Մեջբերում․
Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը 21-րդ հորիզոնականից բարձրացել է 13-րդ, իսկ առաջին կիսամյակում բյուջե է վճարել 62 տոկոսով ավելի հարկ և տուրք, քան 2025-ի նույն շրջանում, այն է՝ շուրջ 12,6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա շուրջ 7,8 միլիարդի դիմաց։ ՀԷՑ-ի գրեթե 400 միլիոն դոլարի վարկից մարվել է շուրջ 50 միլիոնը։
ԱԺ-ում ՀԷՑ-ի շուրջ հնչած մեղադրանքների և դրանց հնարավոր իրավական հետևանքների առնչությամբ «Ռադիոլուրը» ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ընկերությունում ուսումնասիրվե՞լ են բարձրացված հարցերը։ Պետրոսյանն ասաց՝ մանրամասն չի տիրապետում ԱԺ-ում հնչածին, խոստացավ արձագանքել ավելի ուշ։