Խորհրդարանը շարունակում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Այսօր քննարկվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանի թեկնածությունը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Պատգամավորները, սակայն, արդեն ձևավորվող ավանդույթի համաձայն, երբեմն շեղվում են բուն քննարկումից՝ քաղաքական սուր փոխհրաձգության վերածելով քննարկումը։
Խորհրդարանի նիստերի դահլիճում կրկին լարվածություն կա՝ նկատեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցող Մամիկոն Ասլանյանը խոսեց երկուստեք խոստացված բարեկրթության մասին․
«Կարծես թե բարեկրթությունը այս վերջին օրերին դառնում է արտարժույթ, ապրանք, որը մեկս մյուսիս վրա ցանկանում ենք վաճառել կամ օտարել, և այդ բարեկրթությունը, իբրև թե դիտվում է գթասրտություն, չգիտեմ, բարի կամքի արտահայտություն»։
Ռուբինյանը համաձայն է ընդդիմադիր պատգամավորի հետ՝ կարմիր գծերը չպետք է հատվեն․
«Մամիկոն Ասլանյան, ես խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք` պետք է անձնական մաղձը թողնել մի կողմ»։
Բայց վերապահումներ ու անհամաձայնություններ ևս կան։
ԱԺ պատգամավոր Մամիկոն Ասլանյան․ «Օրինակներ ենք բերում․ պիտի աշխատենք մեր հագածի «գյորա» այդ օրինակները բերենք, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյան․ «Ես ուզում եմ հասկանալ` ինչ նկատի ունեիք, այսինքն` բժիշկ եք դուք, հա՞, բժշկական օգնություն եք պատրաստում տալ։ Եթե անցնում ենք այդ դաշտ, պարոն Ասլանյան, ես ձեզ վստահեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագրում» էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան»։
Այս կրքերը բորբոքեց Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծություններից մեկը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Սարգսյանն էր որոշել ելույթը ավարտել պոետիկ երանգներով․
««Դու խելոք վաճառական ես, յուր փող ու ապրանք կասեն` շատ ունես, բայց թե փողից շահ չունի Հայաստան, թքել ենք քու ալ փողի վրան»,— սա ասում է բանաստեղծը․ իմ խոսքերը չեն»։
Պատգամավորն այս խոսքերով ակնկարկում էր Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտություններից մեկը, իսկ իր ելույթը վերնագրել էր ժամանակակից ամենահայտնի ստեղծագործություններից մեկով․
«Ես կուզեի, որ իմ այս ելույթը վերնագրեինք` «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Նայենք, թե բառացի ինչ է ասում պարոն Սամվել Կարապետյանը։ Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, իրենց ասելով՝ ո՞ւմ նկատի ունի պարոն Կարապետյանը»։
Ելույթին արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը․
«Ես կարծում եմ` թքած ունենալու մասին պետք չէ երբևէ խոսի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը»։

ՀԷՑ-ը հիշատակելու առիթը ընկերության նախկին տնօրեն, այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրության հարցն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դժգոհ են Ղազինյանի թե՛ ելույթից, թե՛ հարցերի պատասխաններից։ Նազելի Բաղդասարյանը, օրինակ, ակնկալում էր լսել ոլորտի զարգացման մասին նրա տեսլականը, օրենսդրական փոփոխությունների առաջարկները․
«Փոխարենը մենք լսեցինք, որ Դուք, կներեք ձևակերպման համար, մի փոքր սրտնեղած, անվերջ և անդադար խոսում էիք ՀԷՑ-ից։ Վստահ եմ` հայտնի ոջիլի անեկդոտը գիտեք, որ ով ինչից հարցնում է, խոսում է ոջիլի մասին։ Այդ տպավորությունն էր, և բոլոր պատասխանները գալիս էին և հանգում էին մեկ կետի»։
Ղազինյանը այսպես հակադարձեց․ «Դուք հարցնում եք միայն ՀԷՑ-ից, ես պատասխանում եմ, հետո գալիս եք, ասում եք` մենակ ՀԷՑ-ից եք խոսում»։
Հաջորդ՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը առաջադրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանը։ Նրա ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցի համար միացրեց խոսափողը, բայց Ղազարյանի փոխարեն դիմեց ԱԺ նախագահ Ռուբինյանին․
«Նախագահողը այս երկու օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստի։ Երեկ խոսում էր բոքսից, էսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ` այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, և բոքսի գնացողներ կան մեզ մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան ու շատ ինքնավստահ տանձիկներ՝ ասեմ»։
Ռուբինյանն իր հերթին դիմեց Ղազարյանին․ «Խնդրում եմ՝ Ձեզ հարց տվողին փոխանցեք, որ առողջությունից խոսեց իր գործընկերը»։

Կարապետյանը որոշեց շարունակել միջնորդավորված հարցադրումները․ «Մենք մեր վերջին ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարմանը ու չունենալ Անվտանգության խորհրդի նոր քարտուղար»։
Ի պատասխան, Ռուբինյանը շնորհավորեց 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ․
«Ինչ վերաբերվում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ` ձեզ հարց տվող հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով և ճարտար լեզվի տիրապետողներով»։
Այսպես՝ պոետիկ զեղումներով ու սուր բանավեճով խորհրդարանը շարունակում է 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Պատգամավորները քվեարկելու են միայն այն բանից հետո, երբ բոլոր թեկնածուները ելույթ ունենան ու քննարկումներն ավարտվեն։ Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո խորհրդարանը կանցնի կառավարության ծրագրի քննարկմանը։