2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում ֆուտբոլիստների տարկետման գործընթացը հստակեցնելու նպատակով առաջարկվում է անցումային կարգավորում։ Նախագծով նախատեսվում է կատարելագործել ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու ընթացակարգը՝ հաշվի առնելով ֆուտբոլի հավաքականների առանձնահատկությունները։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 883-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆուտբոլ մարզաձևի մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման գործընթացների կատարելագործմամբ և արդյունավետության բարձրացմամբ, տրամադրվող տարկետումների գործընթացի հստակեցմամբ:
Ընթացիկիրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 883-Ն որոշմամբ ֆուտբոլիստների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերից տարկետում տրամադրելու համապատասխան փոփոխություներ են կատարվել, որոնց արդյունքում հստակեցվել է ֆուտբոլի հավաքական հասկացությունը: Սակայն, 2026 թվականի ամառային զորակոչից տարկետման համար Ֆուտբոլի ֆեդերացիան մարզիկներին ներկայացրել է ոչ փոփոխվող կարգի տրամաբանությամբ: Որի հիմքով խնդիր է առաջանում ֆուտբոլ մարզաձևի տարբեր տարիքային հավաքականների ֆուտբոլիստներին տարկետում տրամադրելու գործընթացում:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել 2026 թվականի ամառային զորակոչի համար սահմանել անցումային բնույթի կարգավորում՝ ներկայացված ֆուտբոլիստների տարկետման հարցը կարգավորելու և ֆուտբոլի հավաքականների բնականոն գործունեությունը ապահովելու համար:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունների հաշվառումով, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասայականացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 883-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության «Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնենք Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր» տեսլականից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 48–րդ կետից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: