573 քրեական վարույթ՝ վեց ամսում։ ԱԱԾ-ի հրապարակած թվերի հետևում են պետական դավաճանության, լրտեսության, ահաբեկչության նախապատրաստության, ընտրական հանցագործությունների, ապօրինի սահմանահատումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների վերաբերյալ վարույթներ։ Այս տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ-ի կողմից նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։ ԱԱԾ-ն դրանք բաժանել է մի քանի հիմնական ուղղությունների։
Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ այս տարվա առաջին 6 ամսում նախաձեռնվել է 22 վարույթ։ ԱԱԾ-ի տվյալներով՝ այս 22 վարույթներից 4-ը պետական դավաճանության, 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի, 1-ը՝ լրտեսության փորձի, 1-ը՝ պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության հատկանիշներով են։ Եւս 5 վարույթ վերաբերում է լրտեսությանը, 2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելուն, իսկ 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն։
Այս թվի ամենահնչեղ գործերից մեկը «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալն է։ Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ըստ քննության վարկածի՝ Թևանյանը 2024-ին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և նրանց ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել լրտեսություն։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ նա նաև ապօրինի կերպով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ և 622 հազար դոլարի դիմաց փոխանցել դրանք օտարերկրյա կողմին։ Խոսքը, ըստ Քննչական կոմիտեի, 2024-ի ապրիլին Ազգային ժողովի փակ և գաղտնի նիստում տեղի ունեցած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկությունների մասին է։
Թեման քաղաքական դաշտում էլ կոշտ արձագանք ունեցավ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ն Թևանյանի վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե։
«Եվ այս լրտեսական ցանցը մենք ի վերջո արմատախիլ ենք անելու ՀՀ-ից»։
Փաշինյան–Թևանյան հեռավար բանավեճում Թևանյանն էլ պետական դավաճանության մեջ էր մեղադրել վարչապետին։
«Պետական դավաճանը, ամենաբարձրն է գոռում պետական դավաճանության մասին»։
Թևանյանի գործի շրջանակում հունիսի 12-ին խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում։
Արեգնազ Մանուկյան․ «Մի հատ ներկայացեք, ասեք՝ ինչու եք եկել մեր բնակարան։ Մի րոպե մտել եք մեր բնակարան ու չեք ասում՝ ինչի եք ներխուժել»։
Մանուկյանի նկատմամբ հետագա քրեական հետապնդումն արդեն հուլիսին է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
Հասարակական անվտանգության 44 վարույթները
Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 44 վարույթ։ Դրանցից 1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության, 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ևս 3-ը՝ քրեական ենթամշակույթին և քրեական աստիճանակարգությանը վերաբերող հանցագործությունների հատկանիշներով։
Ահաբեկչության նախապատրաստության ամենահայտնի գործը «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների վերաբերյալ վարույթն է։ Քննչական կոմիտեն դեռ 2025-ի հունիսին հայտարարել էր, որ, ըստ քննության, շարժման շրջանակում նախապատրաստվել են ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործը 2026-ին նոր նախաձեռնված վարույթ չէ, սակայն ամենահնչեղներից է։
ՔԿ-ի հրապարակած նյութերում ներկայացված են նաև շարժման անդամների խոսակցությունների ձայնագրություններ, որոնց իրավապահների գնահատմամբ՝ քննարկվել են պետական համակարգի աշխատանքը կազմալուծելու և ուժային գործողությունների տարբերակներ։
«Կառավարության սայթը պիտի ջարդենք, մի 5000 հատ նամակ կա, դրանք, Ոստիկանության համարները»։
Սահմանային անվտանգության 197 վարույթները
Ամենամեծ թվերը պետական սահմանի պահպանության և սահմանում անվտանգության խնդիրների մասով է՝ 197 վարույթ։ Դրանցից 97-ը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելուն, դրա փորձին կամ հանցակցությամբ ապօրինի սահմանահատմանը։ Այդ 97-ից 56-ը, ըստ ԱԱԾ-ի, կատարվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ։
Եվս 83 վարույթ վերաբերում է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ և ձևաթղթեր կեղծելուն, պատրաստելուն, իրացնելուն կամ օգտագործելուն, իսկ 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպմանը։
Այսինքն՝ այստեղ 197 թիվը միայն ապօրինի սահմանահատումների վիճակագրություն չէ․ դրա մեջ մեծ բաժին ունեն նաև կեղծ փաստաթղթերի և անօրինական միգրացիայի դեպքերը։
Թմրամիջոցների շրջանառության 44 վարույթները
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ ուղղությամբ նախաձեռնվել է 44 քրեական վարույթ։ Ընտրական խախտումները կտրուկ աճ են գրանցել նախընտրական և ընտրական շրջանում։ Այս ուղղությամբ առաջին կիսամյակում նախաձեռնվել է 33 վարույթ։