100-ամյա հիթեր, ջազային իմպրովիզ ու թեթև հումոր՝ Երևանի ամենաբարձր բեմերից մեկում։ «Khachaturian Rooftop»-ում բրիտանացի ջազ երգիչ Մարվին Մուոնեկեն կրկին հանդիպել է հայ հանդիսատեսին։ Բաց երկնքի տակ հնչել են Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի և ջազի այլ լեգենդների հայտնի ստեղծագործությունները, իսկ համերգը վերածվել է երաժշտության, պատմությունների ու անմիջական շփման երեկոյի։
Դասական ջազի ու սոուլի անկրկնելի ռիթմերը հնչում էին ոչ թե Խաչատրյան համերգասրահում, այլ համերգասրահի տանիքում։ Հայաստանյան հանդիսատեսի կողմից սիրված բրիտանացի ջազ երգիչ Մարվին Մուոնեկեն վերադարձել է Երևան՝ իր անկրկնելի ձայնով, անմիջականությամբ ու հումորով։
«Միշտ մեծ հաճույքով եմ գալիս Հայաստան։ Այստեղ ինձ առանձնահատուկ ջերմությամբ են ընդունում։ Դուք շատ հյուրընկալ եք»։

Ու երեկոն պարզապես համերգ չէր․ այն նաև փոքրիկ ճամփորդություն էր ջազի պատմության միջով։ Մարվին Մուոնեկեն յուրաքանչյուր ստեղծագործությունից առաջ պատմում էր դրա ստեղծման, հեղինակների ու անցած ճանապարհի մասին։
«It Had to Be You» երգը գրվել է դեռևս 1924 թվականին՝ Գաս Կանի և Իշամ Ջոնսի կողմից։ Այս ստեղծագործությունն արդեն ավելի քան 100 տարվա պատմություն ունի և պատվով դիմակայել է ժամանակի փորձությանը»։
Երգերի պատմություններին զուգահեռ արտիստը երեկոն համեմում էր թեթև հումորով ու անմիջական կատակներով։
«Այս երգը ձայնագրել են Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Ֆրենկ Սինատրան, նույնիսկ Մայքլ Բուբլեն։ Ճանաչո՞ւմ եք Մայքլ Բուբլեին։ Դե, նա անպիտան է։ Նույնիսկ Մարվին Գեյն է ձայնագրել։ Իսկ հիմա կլսեք, թե ինչպես է այն երգում այս Մարվինը»։

Այդպես համերգը դուրս էր եկել ավանդական ձևաչափից և վերածվել երկխոսության՝ բրիտանացի արտիստի, հայ երաժիշտների ու հանդիսատեսի միջև։
Ջազային անկանխատեսելի իմպրովիզացիաներով ու վիրտուոզ սոլոներով բեմում էին դաշնակահար Սամվել Գասպարյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, հարվածային գործիքահար Արման Մնացականյանը և կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը։
«Khachaturian Rooftop» նախագծի գաղափարի հեղինակը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանն է։

Նրա խոսքով՝ նույնիսկ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր նախատեսել, որ ապագայում շենքի տանիքը կարող է նման կյանք ստանալ․ կառույցի ճարտարապետությունն ինքնին հուշում էր, որ այս տարածքը պարզապես հնարավոր չէր պարապ թողնել։
Իսկ «Khachaturian Rooftop»-ում ջազային ամառը դեռ շարունակվում է․ տանիքում երաժշտական երեկոները նոր հանդիպումներ են խոստանում։