«Դուք ընտրեցիք այս ճանապարհը»․Ղազարյանը ներողություն չի խնդրում, ՔՊ-ն զգուշացնում է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի երեկվա կոշտ արտահայտությունը երկրորդ օրն անընդմեջ շարունակում է մնալ Ազգային ժողովի քաղաքական օրակարգում։ Ղազարյանը ներողություն խնդրելու մտադրություն չունի, իշխանական մեծամասնությունը խոսում է համարժեք արձագանքի մասին, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում հարցը դարձել է ներքին քննարկման թեմա։ Խորհրդարանն այսօր շարունակում էր ձևավորել իր հիմնական աշխատանքային կառուցվածքը՝ քննարկվում էին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, իսկ նիստերի դահլիճում քաղաքական բանավեճերը մի քանի անգամ վերածվեցին նոր փոխադարձ մեղադրանքների։

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի համար Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրի․ այս մասին պատգամավորը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Ես այստեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում։ Ինձ իրենց ակնկալիքները չեն հետաքրքրում»։

ԱԺ նիստի մեկնարկին խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ղազարյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին դիմեց․

Ռուբեն Ռուբինյան — «Պարո՛ն Ղազարյան, ասելիք ունե՞ք»։
Էդգար Ղազարյան — «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»։
Ռուբեն Ռուբինյան — «Պարո՛ն Նարեկ Կարապետյան, ասելիք ունե՞ք»։
Նարեկ Կարապետյան — «Ո՛չ»։
Ռուբեն Ռուբինյան — «Շատ լավ, հարգելի՛ գործընկերներ, Դուք ընտրեցիք այս ճանապարհը»։

Այս կարճ երկխոսությամբ հարցը, որը նախօրեից քննարկվում էր որպես պատգամավորի վարքագծի և ներողության պահանջի խնդիր,  այսպես ասենք՝ մտավ նիստերի դահլիճ։  Միջադեպը տեղի էր ունեցել երեկվա նիստում, երբ Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրել էր պատերազմի ու զոհերի հաշվին իշխանությունը պահպանելու և բարեկեցության հասնելու մեջ։ «Սրիկա» բառի կիրառմամբ նրա այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր։ Ռուբեն Ռուբինյանը Ղազարյանի այդ ձևակերպումը գնահատել էր վիրավորական և ակնկալիք հայտնել, որ պատգամավորը ներողություն կխնդրի։

«ՔՊ» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն էլ հայտարարեց՝ խորհրդարանում տեղի ունեցողին իշխանական խմբակցության արձագանքը կլինի համարժեք։

«Կլինեն բարեվարք, կլինենք բարեվարք։ Կլինեն ոչ բարեվարք, կլինենք ոչ բարեվարք»։

Մինչ խորհրդարանում Ղազարյանի ներողության հարցն էր շարունակում քննարկվել, ՔՊ-ն փակ նիստ գումարեց։ Նիստից դուրս եկող պատգամավորները պնդեցին՝ Ղազարյանի միջադեպը քննարկման թեմա չի եղել։ Իսկ «Ուժեղ Հայաստանից» Նարեկ Կարապետյանը հաստատեց՝ իրենց խմբակցությունում այդ հարցով ներքին քննարկում եղել է։

«Մենք քննարկել ենք և նաև եղել է խմբակցության որոշում, որը բաժանված է երկու մասի՝ խմբակցության մեջ որոշման և նաև այն պատասխանը, որ պիտի տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է»։

Ավելի ուշ Կարապետյանը հստակեցրեց՝ որոշման հրապարակային մասը հենց այն է, որ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու։ Մյուս մասը, որը վերաբերում է խմբակցության պատասխանին, հրապարակված չէ։ Թե ինչ որոշման մասին է խոսքը և ի՞նչ պատասխան է խմբակցությունը պատրաստվում տալ, Կարապետյանը չմանրամասնեց։

Ղազարյանի շուրջ վեճը, սակայն, այսօր ԱԺ-ի միակ քաղաքական բախումը չէր։ Խորհրդարանի նիստում  շարունակվում էր նոր գումարման Ազգային ժողովի հանձնաժողովների ձևավորումը։

Քննարկվում էր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Թունյանը պատգամավորների հարցերին պատասխանելիս ևս հայտնվեց քաղաքական սուր բանավեճի մեջ։ Քննարկումը դուրս եկավ զուտ տնտեսական օրակարգից, երբ ընդդիմադիր պատգամավորների հասցեին Թունյանը անդրադարձավ նախկինում հնչեցրած հայտարարություններին, այդ թվում՝ Դիլիջանի թունելի վերանորոգման վերաբերյալ։

«Մենք նախընտրական շրջանում բավականին մանրամասն մեր նախորդ տարիների արդյունքներին անդրադարձել ենք։ Եվ բացի դրա, 10 օրից այս դահլիճում քննարկվելու է կառավարության ծրագիրը, որտեղ հնարավորություն կլինի այդ բոլոր հարցերին անդրադառնալ»։

Մեկ այլ կարևոր հարց էլ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

«Սակայն իրականությունը երկրի ներսում և բնակչի համար այլ է․ միասնական երթուղային համակարգը, որ պիտի ներդված լիներ բոլոր մարզերում և բնակավայրերում, ցավոք, բացառությամբ մի երկու մարզի, այսօր այդ երթուղիների ամբողջական համակարգը չկա։ Սա մեր քաղաքացիների ամենօրյա կյանքին վերաբերող ու տարրական հարց է, որն այդ թվում պառլամենտական վերահսկողությամբ լուծվի»։

Այս ընտրությունները կարևոր են նաև նոր խորհրդարանի ուժերի դասավորության տեսանկյունից։ 12 մշտական հանձնաժողովներից 8-ի նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը ՔՊ-ինն է, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստանին», իսկ մեկինը՝ «Հայաստան» խմբակցությանը։

Օրվա քննարկումներում արտաքին քաղաքական և անվտանգային թեմաներն էլ դուրս չմնացին։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցին՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի քննադատությանը։ Խանդանյանի խոսքով՝ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Մինչ պատգամավորները շարունակում են որոշել՝ ո՞վ, ումի՞ց պետք է ներողություն խնդրի և ի՞նչ պատասխան պետք է տրվի, Ազգային ժողովի բուն օրենսդրական աշխատանքը կրկին մղվում է երկրորդ պլան։

Leave a Comment