Սպորտի ոլորտում ունենք լրջագույն անելիքներ. ԿԳՄՍ նախարար

Երևանում այսօր տեղի է ունեցել սպորտային առաջին ֆորումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրագործվող ծրագրերն ու միջազգային նոր նպատակները։ Նա ասել է, որ կառավարությունը ավելացնում է ներդրումները սպորտի ոլորտում՝ նպատակ ունենալով միջազգային հարթակներում ամրապնդելու Հայաստանի դիրքերը։ Ինչ օրակարգով է անցկացվել առաջին սպորտային ֆորումը, ինչ ծրագրեր են քննարկել հավաքի մասնակիցները։

Հայաստանում սպորտի զարգացումը թևակոխում է որակապես նոր փուլ։ Այս միտքն էր շրջանառվում այսօր Երևանում կազմակերպված սպորտային առաջին ֆորումի ժամանակ։ Ֆորումի մասնակիցները քննարկել են այն փոփոխությունները, որոնք այսօր իրագործվում են ոլորտում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ պետությունն ավելացնում է սպորտի ֆինանսավորումը, զարգացնում ենթակառուցվածքները։ Ըստ նախարարի՝ վերջին տարիների ներդրումները միտված են ոչ միայն սպորտային նոր նվաճումների, սպորտի զարգացմանը, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար առողջ ապրելակերպը և մարզական ենթակառուցվածքները հասանելի դարձնելուն։

Անդրադառնալով մարզային ենթակառուցվածքների զարգացմանը, նախարարն ընդգծեց, որ պետությունն առաջին անգամ է համակարգված մոտեցում ցուցաբերում այս ոլորտին․

«Կառավարության նոր ծրագրով ունենալու ենք շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոցների վերակառուցման, կառուցման և նոր ուրվագծման ծրագիր։ Պետությունը երբեք համակարգված ու հետևողական քաղաքականություն մարզադպրոցների բարելավման ու պայմանների արդիականացման ուղղությամբ չի ունեցել, բայց այժմ այս համակարգված ծրագրով կարողանալու ենք շուրջ 50 մարզադպրոց ամբողջությամբ բերել նոր, ժամանակակից պայմանների»։

Կարևորելով նաև Հայաստանի տեղը համաշխարհային սպորտում, նախարարը խոսեց նաև առաջիկա ծրագրերից․

«Կառավարության նոր ծրագրով ակնկալում ենք, որ յուրաքանչյուր տարի առնվազն երկու օլիմպիական մարզաձևից Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն ենք հյուրընկալելու։ Արդեն իսկ բավական փորձ ենք կուտակել և մեծ հաջողությամբ անցկացրել միջազգային առաջնություններ. ամեն նոր մրցաշարի հետ մենք սովորում ենք այս աշխատանքն ավելի լավ անել, և որևէ ֆեդերացիայի մոտ այլևս հարց չի առաջանում՝ Հայաստանը կկարողանա՞ արդյոք դա անել, թե՞ ոչ»։

Նախարարը խոսեց նաև դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ վերաբերմունքի մասին: Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ տարիներ շարունակ ֆիզիկական կուլտուրան ստորադասվել է մյուս առարկաներց: ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ ֆիզկուլտուրայի նկատմամբ պետք է ավելի լուրջ ու հետևողական մոտեցում ունենալ, քանի որ խոսքը երեխաների առողջության և ճիշտ զարգացման մասին է:

Խոսելով հայկական սպորտի միջազգայնացման և Հայաստանում խոշոր մրցաշարեր հյուրընկալելու հեռանկարների մասին, նախարարն ընդգծեց, որ առկա ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին.

«2029 թվականին ՖԻՖԱ-ի 20 տարեկանների աշխարհի առաջնությունն է, որի համար կառավարությունը նախաձեռնել է երկու ստադիոնների հետ կապված մեծածավալ աշխատանքներ։ Իջևանում ունենալու ենք ամբողջությամբ նոր՝ 10 000 տեղանոց, 4-րդ կարգին համապատասխանող մարզադաշտ, վերակառուցվում է նաև Վանաձորի ստադիոնը, և այդ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»։

Ֆորումի մասնակիցները կարևորեցին պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնումը սպորտային ոլորտում։ Դրա վառ օրինակներից է Ապարանի «Արագած» սպորտային համալիրը, որտեղ պետական ծրագրով կազմակերպվում են երեխաների լողի պարապմունքներ: Համալիրի տնօրեն Էթերի Խաչվելյանը ֆորումին մասնակիցներին պատմեց արդյունքների մասին․

«Մեզ համար շատ կարևոր է, որ մարզային տարածաշրջանում, որտեղ մշակույթն ու մենթալիտետը մի քիչ այլ է, կարողացանք հաղթահարել մի խոչընդոտ. ծրագրին մասնակցում էին նաև դեռահաս աղջիկներ, մինչև այդ նման բան գրեթե չկար: Այսօր ունենք մոտ 20 աղջիկներ, որոնցից մի քանիսը բավականին լավ արդյունքներ են ցուցաբերում: Ծնողների մոտ կա ապահովության զգացում, որ պետությունը մտածում է իրենց երեխաների մասին, մանավանդ որ այս ծրագրի մասնակիցների մեծ մասն անապահով ընտանիքների երեխաներ էին, ովքեր չունեին հնարավորություն վճարելու և պարապելու համար»:

Սպորտային առաջին Ֆորումի մասնակիցներն ընդգծեցին, որ սպորտն ավելին է քան միայն այս կամ այն մարզաձևը։ Այն մշակույթ է, կրթություն, առողջ ապրելակերպ, զբոսաշրջություն և մարդկանց միավորող կամուրջ, ուստի պետք է առավելագույնս կարևորել և հետևողական լինել այս ոլորտի զարգացմանը։

Leave a Comment