Հայաստանը չի պատրաստվում այս պահին ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախ պետք է ձևավորվեն իրական այլընտրանքներ, հետո միայն ժողովուրդը որոշի՝ որ ճանապարհով է գնում։ Վարչապետը միաժամանակ խոսել է Ադրբեջանի հետ տնտեսական կապերի, ռուսական շուկայում հայկական արտադրանքի խնդիրների և Հայաստանի՝ որևէ երկրի շահը սեփական պետական շահից վեր չդնելու քաղաքականության մասին։ «Ռադիոլուր»-ը վարչապետից հետաքրքրվել է նաև Բաքվից հնչած վերջին հայտարարություններով։
Սենսացիա չկա՝ «Ռադիոլուրի» հարցին, թե Ադրբեջանից աշխատանքային խումբ է եկել Հայաստան, ի պատասխան ասաց վարչապետ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահն օրերս խոսել էր, իր ձևակերպմամբ, Զանգեզուրի միջանցքի և ատոմակայանի հնարավոր փակման մասին՝ ասելով, որ պատրաստ են հոսանք վաճառել Հայաստանին։ Նա նաև հայտարարել էր, որ ադրբեջանցի մասնագետներն արդեն որոշակիացրել են, թե Հայաստանում որտեղով են անցնելու նոր էներգագծերը։ Երկկողմ աշխատանքներ եղել են՝ արձագանքեց վարչապետը։ Ասաց՝ Ադրբեջանի խոսույթը նախկինում մեկնաբանել է և նոր բան ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտի թեմայով Փաշինյանը շեշտեց․
«Շահագործման ժամկետի ավարտի թեման արձանագրված է, այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագրերում»։
Էներգետիկ առևտրի մասով, եթե մինչև վերջերս խոսում էինք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, ապա հիմա պետք է խոսել աճող պահանջարկի մասին՝ պայմանավորված արհեստական բանականության գործարանի կառուցմամբ։ Փաշինյանի խոսքով՝ նման գործարանները սպասվածից ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա են սպառում։
«Ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարությունը էներգետիկ 100 %-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ։ Ինչպե՞ս — Հայաստանում արևային կայանների և կուտակիչ կայանների զարգացմամբ, բայց, իհարկե, սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալու, երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում՝ էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ՝ Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի հետ և այդպես շարունակ»։
Հայաստանը դեռ չի պատրաստվում ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Երևանը նախ պետք է իրական այլընտրանքներ ձևավորի, ապա միայն ընտրություն կատարի։
«Ե՛ւ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք»։
Վարչապետը բացատրեց՝ Հայաստանը չի կարող հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցով, քանի դեռ եվրոպական ուղղությամբ հստակ ճանապարհային քարտեզ չկա և ԵՄ-ին անդամակցության պաշտոնական դիմում չի ներկայացվել։ Փաշինյանը չբացառեց նաև երրորդ տարբերակը՝ ոչ ԵՄ, ոչ ԵԱՏՄ։ Ավելին՝ ըստ նրա՝ Հայաստանը պետք է մտածի նաև չորրորդ և հինգերորդ այլընտրանքների մասին։
«Չպետք է լինի որևէ իրավիճակ, երբ որևէ մեկը ասի, որ Հայաստանը գնալու տեղ չունի»։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանում և ԵԱՏՄ-ում երկար ժամանակ ձևավորված ընկալում կար, թե Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հակասությունների պատճառով Հայաստանը «փախչելու տեղ չունի»։ Խաղաղության պայմաններում, ըստ Փաշինյանի, այդ տրամաբանությունը փոխվում է։
«Հայաստանի ժողովուրդը ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ։ Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդը ինքը ընտրի»։
Հայկական արտադրանքի արտահանման խնդիրների մասին Փաշինյանն ասաց՝ Երևանի բարձրացրած հարցերը ԵԱՏՄ-ում շարունակում են մնալ օրակարգում, իսկ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, այդ խնդիրները չեն նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՏՄ շուկայից։
Ադրբեջանի հետ առևտրի թեմայով էլ Փաշինյանն ակնկալում է առաջընթաց։
«Ապրանքների՝ փոխադարձ առևտրի մասին, այո, օրակարգը կա և, համոզված եմ, առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան»։
Եվրամիության դեսպանը հայտարարել է նոր սահմանային անցակետերի կառուցմանն ուղղված ներդրումների մասին։ Որտեղ են դրանք կառուցվելու՝ հետաքրքրվել են լրագրողները։ Փաշինյանը մատնանշել է Երասխը, Ագարակը, Նռնաձորը և արևմտյան ուղղությամբ՝ Ախուրիկը։
«Հետագա հնարավոր զարգացումների համար՝ TRIPP-ից դուրս, կայան Ավան, և Տավուշի մարզում կարող են լինել այլ հատվածներ։ Նկատի ունեմ՝ այստեղ նոր բան չկա ասելու՝ այն է, ինչ որ նախկինում ասել եմ»։
Ներդրումների վերջնական ծավալը, ըստ վարչապետի, դեռ հնարավոր չէ ասել․ այն կախված է անցակետով անցնող բեռնահոսքից, տեղանքի ռելիեֆից և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծավալից։ Ագարակի նոր մաքսային կետի օրինակով Փաշինյանը նշել է շուրջ 20 միլիոն դոլարի ներդրում՝ ընդգծելով, որ մյուս անցակետերի դեպքում ծավալները նախագծման ընթացքում կհստակեցվեն։
Երկաթուղու կառավարման հարցում էլ կառավարությունը չի պատրաստվում գնալ սուր լուծումների։ Փաշինյանի խոսքով՝ քննարկվում են տարբեր մոդելներ, այդ թվում՝ ենթակառուցվածքի կառավարումն ու դրա օգտագործումը մեկ փաթեթ չդիտարկելու տարբերակը։ Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում վարչապետը կրկին խոսել է ռուսական կողմի կողմից բաժնետոմսերը երրորդ, բարեկամական կողմի վաճառքի հնարավորության մասին։
«Մենք տենց ստատիկ կանգնած չենք, որ մենք էս հայտարարել ենք և հայտարարել ենք։ Այսինքն՝ աշխատանք է տարվում այն կետի շուրջ, որտեղ հնարավոր կլինի «բարեկամական լուծում գտնել»»։
Ընդդիմադիր դաշտից հնչող քննադատություններին անդրադառնալով՝ Փաշինյանը շեշտեց՝ 2018-ից հետո Հայաստանում անցկացվել է երեք համապետական ընտրություն, և դրանցից ոչ մեկից հետո հետընտրական ճգնաժամ չի առաջացել։