Թեկնածությունները՝ օրակարգում, քաղաքական փոխհրաձգությունը՝ ամբիոնում․ ԱԺ-ում թեժ էր

Ազգային ժողովում շարունակվել են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները։ Բայց քաղաքական օրակարգը կրկին դուրս է եկել թեկնածությունների կենսագրություններից․ ամբիոնում՝ պատերազմից ու իշխանության պատասխանատվությունից մինչև նախկին պաշտոնյաների ու գործիչների հետ հարաբերություններ, միջանցքում՝ վիճաբանություն ու քաշքշուկ։

Իրավիճակն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանությունը պահպանելու և բարեկեցության հասնելու մեջ։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը հակադարձեց։

«Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»։

«Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե Դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»։

Նիստն ընդհատվեց, պատգամավորները դուրս եկան միջանցք։ Այստեղ վիճաբանությունը շարունակվեց և վերաճեց քաշքշուկի։ ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին առաջարկեց կարգի հրավիրել իր խմբակցության պատգամավորին։ Կարապետյանն ընդունեց՝ խնդիր կար նաև Ղազարյանի խոսքում։

«Իրավիճակը պետք է քննարկենք»։

Օրվա մյուս առանցքային քննարկումները մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածություններն էին։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ՊԵԿ-ում երկար տարիներ աշխատած Հայկ Ֆարմանյանն էր։

«Կա մեկ կարմիր գիծ, որը կարծում եմ՝ բոլորի համար է այդ կարմիր գիծը և այդ կարմիր գիծը ՀՀ պետական բյուջեն է։ ՀՀ հարկատուների վճարած գումարները և պետական բյուջեն, բնականաբար, որևէ մեկի սեփականությունը չէ։ Այդ թվում նաև կառավարության սեփականությունը չէ»։

Ֆարմանյանի դիտարկմամբ՝ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները խանգարում են գործարարներին, նվազեցնում կանխատեսելիությունը։ Իշխանական պատգամավորների հարցերը հիմնականում նրա՝ ՊԵԿ-ում աշխատանքի և համակարգից հեռանալու հանգամանքների մասին էին։ ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյան․

«Ասեցիք՝ ապօրինի է հանել։ Ես ուզում եմ հասկանալ, եթե ձեր ընդդիմադիր գործընկերը ձեզ չհեռացներ, Դուք կշարունակեի՞ք էլի մնալ այդ ծառայությունում և կարո՞ղ է տեսականորեն ստացվեր, որ Դուք, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկայացվեիք այս հանձնաժողովի նախագահ»։

Ֆարմանյանը պնդեց՝ իր նկատմամբ վերաբերմունքը քաղաքական էր։

«Ես եղել եմ պրոֆեսիոնալ ծառայող, ես չեմ զբաղեցրել քաղաքական պաշտոն։ Ինձ ուղիղ ասվել է, որ պետք է դիմում գրեմ ու հեռանամ աշխատանքից։ Որովհետև դու յուրային չես։ Սա եղել է ձեր իշխանության օրոք, 2019 թվականին»։

Արայիկ Հարությունյանը Ֆարմանյանի թեկնածությանն անդրադառնալով՝ խոսեց «FH» և «FHN» ընկերությունների հետ նրա կապերի մասին։

«Պարո՛ն Ֆարմանյան, ես կարծում եմ՝ դուք բարեհաջող տապալեցիք ձեր թեկնածությունը, ազատ եք, շնորհակալություն»։

Թեկնածուի մասնագիտական փորձին վերաբերող հարցուպատասխանն այսպիսով կրկին վերածվեց քաղաքական բանավեճի։ Այդպիսի երկար քննարկումներն արդեն այս օրերի խորհրդարանական աշխատանքի առանձնահատկությունն են դարձել։ Նախօրեին ԱԺ նախագահը նույնիսկ հումորով արձագանքել էր, թե այս տեմպով հանձնաժողովների նախագահների ընտրությունը կարող է ձգվել մինչև 2031 թվականը։ Խմբակցությունների ղեկավարներն ու ԱԺ նախագահն այդ պատճառով պայմանավորվել են սահմանափակել ելույթները։ Սակայն անգամ սահմանափակված ելույթները արագ տեղափոխվեցին քաղաքական դաշտ։

«Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը խոսեց իշխանության՝ նախկինում քննադատած գործիչների հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Եթե դուք ասում եք, որ կոռումպացված է ու թալանչի է։ Բա այդ թալանչու հետ խի՞ եք եկել գրկված նկարվում, ժողովուրդ։ Այսինքն՝ ով ընդունել է ձեր «կրոնը», իր հետ հա՞շտ եք»։

Արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ ամբիոնից ցուցադրելով 2000-ին նկարահանված տեսանյութ, որտեղ մի քաղաքացի շղթայով ուղեկցում է մեկ այլ քաղաքացու՝ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում։

«Երբ դուք գալիս ու մեզ այստեղ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ։ Երբ դուք գալիս եք այստեղ ու մեզ մեղադրում ինչ-որ բանի մեջ, միշտ հիշեք՝ մենք քանդել ենք մարդկանց ձեր կողմից գցված շղթաները, ընդ որում՝ բառի ոչ միայն փոխաբերական, այլև ուղիղ իմաստով»։

Քաղաքական «փոխհրաձգության» մեկ այլ դրվագ էլ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի շուրջ էր։ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ Վարդևանյանն ընտրվել է նաև իշխանական պատգամավորների ձայներով։

««Քաղաքացիական պայմանագիրը», եթե ձեզ բավարար ձայն չտար, Դուք այստեղ չէիք հայտնվելու։ Եվ մենք դա արել ենք ընդդիմության հետ նորմալ միջավայրում աշխատելու համար»։

Խորհրդարանում այժմ հերթը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկմանն է։ Թեկնածուն Սարգիս Խանդանյանն է։ Նրա դեպքում հիմնական թեմաներն արդեն արտաքին քաղաքականությունն են՝ հարևանների հետ հարաբերությունները, TRIPP-ի ծրագիրը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանային գործընթացները։

Մշտական հանձնաժողովների բոլոր 12 նախագահի թեկնածությունների քննարկումից հետո խորհրդարանը մեկ ընդհանուր քվեարկությամբ կընտրի հանձնաժողովների նախագահներին։

Leave a Comment