Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»
Ակադեմիական քաղաքը դեռ ապագայի ծրագիր է, բայց դրա համար նախատեսված վայրի, բառի ուղիղ իմաստով, գետնի տակ արդեն մի ողջ պատմություն կա։ Սիլիկյանի բլուրներում հնագետներն ուսումնասիրում են մոտ 15 հազար տարվա պատմություն ունեցող բնակավայրի հետքերը՝ կառույցներ, գտածոներ և այլ վկայություններ։
Ակադեմիական քաղաքը պետք է կառուցվի Երևանի Սիլիկյան թաղամասում։ Այստեղ հասնելը հեշտ չէ․ քաղաքից հեռանալով՝ երկար ճանապարհ ենք անցնում, մի քանի անգամ էլ ճանապարհի ուղղությունը փոխում, մինչև հասնում ենք այս բլուրներին։ Իսկ այստեղ արդեն հնագետները հողի տակից մի ողջ բնակավայրի հետքեր են դուրս բերում։
Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ․ հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած դարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը։ Ի՞նչ է պահպանվել այս բլուրների տակ․ «Ռադիոլուր»-ին պատմում է հնագետ Կարեն Ծերեցյանը․
«Այս տարվա պեղումներին հատկացրել ենք բլրի հարավային լանջի և ստորոտի հատվածը։ Պեղել ենք առայժմ մոտ 500 մ² մակերեսով տարածք, այստեղ բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։ Քարածեփ սենյակների թիվը 42 է՝ անցյալ և այս տարվա պեղումների արդյունքում։ Հիմնական կարևոր կառույցը մեր կողմից անվանակոչված «հասարակական» մեծ կառույցն է, այստեղ հստակ տեսնում եք աղեղնաձև շարվածքը՝ միջին և խոշոր չափի քարերով կառուցված, բացվել է կավածեփ հատակը, իսկ բուն կառույցն ունի ավելի քան 17 մ տրամագիծ»։
Այն, ինչ այսօր բացվում է հողի տակից, մոտ 15 հազար տարվա պատմություն ունի։ Մոտավորապես այսքան ժամանակ է մեզ բաժանում այն մարդկանցից, որոնց հետքերը պահպանվել են այս բլրի տակ։ Սակայն հուշարձանի կարևորությունը միայն դրա պատկառելի տարիքը չէ․ այն կարող է նոր ու կարևոր տեղեկություններ տալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջան ի հնագույն բնակավայրերի մասին․
«Ե՛վ տարածաշրջանում, և՛ Հայաստանում միակը և եզակին է՝ ուսումնասիրված նմանօրինակ հուշարձանների շարքում։ Կան նույն ժամանակի հուշարձաններ, որոնք քարանձավային տեսակ են, բայց սա եզակի է այն առումով, որ բաց հուշահամալիր է՝ որպես բնակատեղի, որտեղ մարդը ապրել, ստեղծագործել, գոյատևել է, և այդ առումով ինքը եզակի հուշարձան է ու կարող է մեծ հռչակ բերել մեր հանրապետությանը և ազգին»։
Տարածքը, որի պատմությունը սկսվում է հազարավոր տարիներ առաջ, կարող է կառուցվելիք Ակադեմիական քաղաքին նաև յուրահատուկ նշանակություն հաղորդել․
«Սա կդառնա ակադեմիական քաղաքի բրենդը։ Էս բլուրը կարող է նույնիսկ դառնալ ակադեմիական քաղաքի լոգոտիպ, այո, հնարավոր է, որովհետև ակադեմիական հաստատության հիմքն է լինելու այստեղ, սա էլ հենց ակադեմիական շրջանակում կատարվող հնագիտական ուսումնասիրություն է»։
Բլրի վրա պեղումները կանգ չեն առնում։ Հնագետներն անցել են արդեն մյուս կողմը՝ հատված, որն առաջին հայացքից կարող է սովորական թվալ, սակայն գետնի երեսին պահպանված քարերի դասավորությունն արդեն հուշում է, որ այստեղ նույնպես ուսումնասիրելու բան կա․
«Հիմնական այս 500 մ² մակերես տարածքը պեղելուց հետո աշխատանքները տեղափոխեցինք դրա հանդիպակաց հատվածը, որտեղ, ըստ էության, մինչև պեղումները սկսելը գետնի երեսին նկատելի են քարերի ինչ-որ դասավորություններ, և պեղումները նպատակ ունեն պարզելու այդ քարերի դերը և նշանակությունը, արդյոք դրանք շարվածներ են, կառույցների մնացորդներ են, թե՞ ոչ։ Հիմա պեղումները դեռևս մեկնարկել են, և այսօր 2-րդ օրն է, և արդեն ունենք, որ մի քանի՝ մոտ 4-5 վանակատե գտածոներ, հիմնականում ցլեպներ են, կա 1 շեղբ և մեկը՝ կիսապատրաստուկի նմանվող գործիք»։
Գտածոների հայտնաբերումն այստեղ չի ավարտվում։ Լաբորատորիայում սկսվում է հաջորդ կարևոր փուլը․ արտեֆակտները մաքրվում, ուսումնասիրվում ու դասակարգվում են։ Հնագետ Կարեն Ծերեցյանը պատմում է՝ հուշարձանը մինչև օրս պահպանվել է, բայց ոչ ամբողջությամբ․
«Այստեղ մենք ամենուրեք հանդիպում ենք մարդկային գործունեության արդյունքների, որոնք մեծ վնաս են հասցրել հուշարձանին։ Հուշարձանի գերակշիռ մասը այսօր ավերված է։ Բնակատեղին, որը փաստագրվել է 80-ական թվականներին, ընդարձակ բնակատեղին՝ իր դամբարանադաշտով, բրոնզ-երկաթեդարյան, ավերված է։ 90-ական թվականներին արդեն հողերի սեփականացման արդյունքում տարածքի մեծ մասը վերածվեց աղբանոցի։ Այստեղ տեսնում ենք ամենուրեք հորատումներ, քարերի կուտակումներ։ Շրջակայքում աշխատում են մի քանի քարհանքեր, որտեղ մանրախիճ են արտադրում, և այդ ամենը, բնականաբար, ազդել է և ազդում է մինչ օրս էլ հուշարձանի վրա՝ ավերելով և աղավաղելով հուշարձանի տեսքը»։
Այս տարվա պեղումները կընդգրկեն 640 քառ․ մ։ Արդեն ուսումնասիրվել է 500 քառ․ մ-ը։ Արշավախմբում 12 աշխատակից է՝ 2 հնագետ և 10 բանվոր։ Զգուշությունն աշխատանքում ամենակարևորն է։ Սովորական շինարարական գործիքներով արագ առաջ գնալու մասին խոսք լինել չի կարող․ ամեն շերտ հեռացվում է աստիճանաբար՝ նույնիսկ ամենափոքր գտածոն չվնասելու համար։ «Ռադիոլուր»-ին պատմում է պեղումներով զբաղվող մասնագետներից մեկը․
«Աշխատանքները կատարվում են տարբեր գործիքներով՝ մալայով, խոզանակով, փոքրիկ քլունգներով, որպեսզի չվնասենք։ Որտեղ ամուր է հողը, փոքրիկ քլունգով ենք հեռացնում հողի շերտը։ Կատարում ենք առաջին հերթին առաջին շերտի հեռացում՝ հասկանալու ընդհանուր վիճակը, թե ինչ է մեզանից պահանջվում, այնուհետև 2-րդ և 3-րդ շերտերը, բայց շատ հնարավոր է նաև, որ առաջինից էլ կարող է նյութեր դուրս գալ»։
Աշխատանքի մեկ այլ մասնակից խոսում է պեղումների կարևորության մասին․ «Ես Համլետ Ղայմսյանն եմ, եզդի, 2014-ից աշխատում եմ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում՝ որպես պեղող բանվոր։ Շատ ուրախ եմ, որ կատարում ենք ազգանվեր աշխատանք՝ հետագա սերունդների համար, ցույց ենք տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում, թե ինչքան հին հուշարձաններ ունենք»։
Ակադեմիական քաղաքի կառուցման ճանապարհը երկար է, իսկ այս բլրի պատմությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Այստեղ դեռ շատ բան կա ուսումնասիրելու։ Հնագետներն ամեն նոր շերտի հետ փորձում են ավելի ամբողջական պատկեր ստանալ այս բնակավայրի և այստեղ ապրած մարդկանց մասին։ Իսկ Ակադեմիական քաղաքի ապագա կառույցները կարող են մի օր հայտնվել հազարավոր տարիների պատմություն ունեցող այս հուշարձանի կողքին։