ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և մտադիր է պահպանել այն։ Հայտարարությունը նա հրապարակել է սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը։
Թրամփը ԱՄՆ ռազմածովային շրջափակումը նկարագրել է որպես «Պողպատի պատ» («Wall of Steel») և պնդել, որ Իրանը ներկայումս ի վիճակի չէ հակազդելու ամերիկյան գործողություններին։
«ԱՄՆ-ը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կարծում եմ՝ մենք այն կպահենք։ Մեր ռազմածովային շրջափակումը բոլորը անվանում են «Պողպատի պատ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա դեմ», — գրել է Թրամփը։
Նա նաև պնդել է, որ Իրանը չունի արդյունավետ նավատորմ և ռազմաօդային ուժեր։ «Նրանք նավատորմ չունեն, ռազմաօդային ուժեր չունեն, նրանց մնացած զինվորները չեն վարձատրվում, IRGC-ն ջախջախված է և փախչում է, իսկ նրանց «ղեկավարությունը» լավագույն դեպքում անորոշ է։ Նրանք փող չունեն։ Նրանց երկիրը «քանդված» է։ Մնացել է միայն կեղծ լուրերը և 300% գնաճը, և իրավիճակը վատանում է», — գրել է նա։
