Կամ զորակոչ, կամ 409 հազար նոր պայմանագրային զինվոր — Հայաստանի Հանրային Ռադիո

Նոր զինվորներին կուղարկեն ուկրաինական ճակատ

Financial Times-ի փոխանցմամբ, Կրեմլը ռուսական շրջաններից պահանջել է մինչև տարեվերջ հավաքագրել առնվազն 409 հազար պայմանագրային զինծառայողներ:

Այլապես Դաշնությունում ստիպված կլինեն անցկացնել նոր զորահավաք, ինչը խիստ բացասական արձագանք կստանա բնակչության շրջանում:

Այդ ավելի քան 400 հազար զինվորները կուղարկվեն ուկրաինական ռազմաճակատ և կփոխարինեն զոհվածներին ու ծանր վիրավորված և զորացրված զինծառայողներին:

Կրեմլը և պաշտպանության նախարարությունը ճնշում են գործադրում տեղական իշխանության վրա, պահանջելով կատարել առաջադրանքը:

Բանակի համալրում գալիք ընտրություններից հետո՞

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կասկածում, որ սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում զորահավաք կլինի, նրա խոսքով, այդ մասին ասվում է ռազմական հետախուզության հայթայթած ռուսական փաստաթղթում:

«Ռուսները պատրաստվում են զորահավաք հայտարարել աշնանը՝ ճիշտ նրանց խորհրդարանական կեղծ ընտրություններից հետո: Պուտինն ուզում է այնպիսի տպավորություն առաջացնել, թե ռուսաստանցիներն աջակցում են պատերազմին, մասնակցելու իրավունք ստացած բոլոր կուսակցություններն, իբր, այս կամ այն կերպ դեմ են խաղաղությանը»,- ասել է Զելենսկին:

Ռուսներն ամսական մոտ 30 հազար զինվոր են կորցնում

Պուտինի ռազմավարության հիմքում այն թեզն է, որ Ռուսաստանը պատրաստ է ավելի շատ զինվոր զոհաբերել, քան Ուկրաինան: Նա մերժում է այդ մոտեցումը վերանայելու և ռազմավարությունը գետնի վրա ստեղծված կացությանը հարմարեցնելու առաջարկները:

Դա էլ ստիպում է Մոսկվային սաստկացնել ճնշումը շրջանների ղեկավարների վրա:

«Այդպես է արվում, չնայած այն հանգամանքին, որ, ըստ արևմտյան փորձագետների գնահատականների, ռուսներն ամսական կորցնում են ավելի քան 30 հազար մարդ»,- նշել է Financial Times-ի անանուն աղբյուրը: Խոսքը սպանվածների և վերականգնման ոչ ենթակա վիրավորների մասին է:

Ըստ վերլուծաբանների, ուկրաինական կորուստների թիվն էլ շատ բարձր է և մոտ է ռուսաստանցիների վիճակագրությանը, սակայն ստույգ տեղեկություններ չկան:

Մեկ աչք ունեցողին էլ կտանեն բանակ

Կրեմլի համար հետզհետե ավելի դժվար է լրացնել անդառնալի կորուստները: Իշխանությունները որսում են տղամարդկանց, ստիպում են բանակի հետ պայմանագրեր կնքել, կան դեպքեր, երբ ծեծով ու ջարդով պայմանագիր են կնքել նույնիսկ հաշմանդամություն ունեցողները:

Թիրախում են հայտնվում պարտքեր ունեցողները, վերջերս զորացրվածները, բանրտերում պահողները:

Աչքը կորցրած մի տղամարդ Ուլյանովսկից պնդում էր, որ իրեն ստիպել են պայմանագիր կնքել։

Դասալքության համար դատապարտվել է ավելի քան 28 հազար մարդ: «Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ, Քարնեգի հիմնադրամի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանն ասել է, որ առանց պայմանագրայինների թվի շեշտակի ավելացման, կամ առանց նոր զորահավաքի ռուսական բանակը կբախվի անձնակազմի պակասի հետ, ինչը բացասաբար կազդի առանց այն էլ դանդաղ ընթացող հարձակողական գործողությունների վրա:

Զինվորներ և հրթիռներ Հյուսիսային Կորեայից

Ռուները հիրավի նեղ վիճակում են, և ահա՝ օգնության են գալու հյուսիսկորեացիները:

«Պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ռուսները չունեն անվտանգ ռազմավարական թիկունք, չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայի օժանդակ ուժերի։ Նրանք պատրաստվում են տեղակայել լրացուցիչ հյուսիսկորեական զորակազմ։ Նրանք, պատկերացրեք, Հյուսիսային Կորեայից ստացել են լրացուցիչ բալիստիկ հրթիռներ»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, Ուկրաինան Ռուսաստանի խորքում կհասցնի նոր հարվածներ, և դրանք ռուսներին կհամոզեն, որ այնուամենայնիվ գերադասելի է առաջ գնալ խաղաղության ճանապարհով:

Leave a Comment