«Եկե՛ք խաղանք այս խաղը»․ ԱԺ-ում քաղաքական հակադրությունը՝ սեղանների հարվածների ուղեկցությամբ

9-րդ գումարման խորհրդարանում քաղաքական հակադրությունն այսօր արտահայտվել է ոչ միայն ելույթներով, այլև փոքր-ինչ արտառոց ձևով՝ սեղաններին հարվածներով ու աղմկոտ ծափերով։ Մի դեպքում հարվածում էր ընդդիմությունը, մյուս դեպքում՝ իշխանությունը։ Պատճառը  միմյանց ելույթների նկատմամբ անհամաձայնությունն էր։ Խորհրդարանի առաջին նստաշրջանի  նիստում նման պատկեր առաջին անգամ էր։

9-րդ գումարման խորհրդարանը շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքը։ Քննարկվում են 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Թեկնածուներին ուղղված հարցերը, սակայն, ինչպես և նախորդ օրերին, դուրս էին գալիս մասնագիտական շրջանակից՝ վերածվելով ներքաղաքական բանավեճի։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հորդորեց քննարկումը պահել թեկնածուի մասնագիտական գործունեության շրջանակում և չվերածել այն ընդհանուր քաղաքական բանավեճի։ Բայց հենց այդ ընթացքում էլ սկսվեց առաջին բանավեճը։

«Դուք ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը զավակ ունի՞։ Խնդրում եմ՝ նկատել, որ հենց նոր ընդդիմությունը հաստատեց, որ Կտրիճ Ներսիսյանն ունի զավակ և դա իրենց համար ընդունելի է»։

Ռուբեն Ռուբինյան «Լավ, հերիք է։ Հերիք է, հարգելի՛ գործընկերներ»։

Մոտ մեկ րոպե սեղաններին հարվածում էին ընդդիմադիր պատգամավորները։ Իշխանականները, հակառակը, ծափահարում էին։ Քիչ անց, երբ ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, նույն պատկերն արդեն հակառակ դասավորությամբ կրկնվեց։

««Քաղաքացիական պայմանագիրը» անսալով Ռուբեն Ռուբինյանի՝ թեմայի մեջ մնալու կոչին, քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բռավո՛։ Քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկե՛ք խաղանք այս խաղը։ Քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր Կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է»։

Ռուբեն Ռուբինյան «Ինձ թվում է՝ հերիք է, հարգելի՛ գործընկերներ»։

Կարելի է ասել՝  9-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում քաղաքական անհամաձայնության նոր «ձև» է ի հայտ եկել՝ սեղաններին հարվածելով արձագանքել ընդդիմախոսին։ Բայց այս պահվածքն անգամ հենց իրենց՝ պատգամավորների շրջանում միանշանակ ընդունելի չէ։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը ասում է՝ իրենց արձագանքը եղել է ընդդիմության կիրառած նույն մեթոդին հակադարձելու փորձ։

«Խաթարվում էր ելույթ ունեցողի խոսքը, դրա համար մենք փորձեցինք հակադարձել և ասել, որ միայն դուք չեք, որ կարող եք նման կերպ ձեր բողոքի ձայնը հայտնել։ Մեր գործընկերներից մեկը հիշեցրեց, որ նաև Բրիտանական պառլամենտի այդ սովորությունները, որ շատերը նաև ձայնարկություններ են արտաբերում, երբ խոսքն իրենց դուր չի գալիս»։

Մինասյանը, սակայն, խոստովանում է՝ մտահոգ է, որ նման վարքագիծը կարող է  խորհրդարան բերել նախորդ գումարման մթնոլորտը։

«Մի խնդիր եմ տեսնում, որ խոսույթը հաճախ նմանվում է նախորդ գումարման ԱԺ-ի խոսույթին էլի նույն թեմաներն ենք արծարծում, մարդիկ նայում ու լսում են էլի նույն իրավիճակը։ Ես կարծում եմ, որ պետք է մի քիչ շատ պետք է քաղաքականությունների մասին խոսենք»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի խոսքով՝ սեղաններին հարվածելու վերաբերյալ ընդդիմության ներսում  պայմանավորվածություն չի եղել․ պատգամավորները դա արել են ինքնաբուխ։

«Այս ձևն այլ երկրների խորհրդարաններում կիրառություն ունի։ Շատ պատգամավորներ կան, որ այդ ձևով են արտահայտում իրենց անհնազանդությունն ու անհամաձայնությունը հնրող կարծիքների վերաբերյալ»։

Ղազարյանն ասում է՝ ինքն ավելի կառուցողական քննարկման կողմնակից է, իսկ նման արձագանքի պատճառը, իրենց գնահատմամբ, Կաթողիկոսի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարություններն են։

«Մենք ասել ենք, թե մեզ համար կոնկրետ որն է խնդիրը, որ կարող է նման բոյկոտի ու նման դրսևորման հանգեցնել, մեր սիրելի Վեհափառ հայրապետի և սրբազան հայրերի նկատմամբ անարգանքի փորձերն են»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ իրենք նիստը նախագահողից պահանջել են հարգել իրենց կրոնական զգացմունքները։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին կոչ էր արել մնալ քննարկվող հարցի շրջանակում։ Բայց այդ շրջանակը այս օրերին որևէ անգամ չի սահմանափակվել միայն ընտրության թեմայով։

Leave a Comment