Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Վաղարշապատ, Վանաձոր և Հրազդան համայնքներում ուսումնասիրել է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառքի և սննդի ծառայությունների գծով տեղական տուրքերի վճարումները: Էջմիածին քաղաքում և 3 գյուղերում ցուցանիշները դրական են եղել: Մշտադիտարկող կազմակերպությունը արձանագրել է, որ այդ բնակավայրերում նշված ոլորտներում կանոնավոր վերահսկողություն է եղել։
«Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքով ավագանիներն են հաստատում համայնքի բյուջե մուտքագրվող տուրքերի չափերը: Բայց մինչև հաստատվելը, հարցը քննարկվում է համապատասխան հանձնաժողովներում՝ ասում է Վաղարշապատի ավագանու անդամ Լևոն Խաչատրյանը:
«Մինչև ավագանու նիստը, հարցերը քննարկվում են, առարկության դեպքում՝ առարկվում է, համաձայնության դեպքում՝ համաձայնվում: Գյուղական բնակավայրերում մի փոքր այլ տուրք ենք սահմանել՝ ավելի մատչելի են և քաղաքից տարբերվում են: Քաղաքում առևտրի շարժն ավելի մեծ է, քան գյուղերում»:
Օրինակ՝ տվյալ բնակավայրի տարածքում ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի թույլտվության համար մինչև 26 քմ մակերես ունեցող շինություններում դրույքաչափը քաղաքում՝ 10․000 դրամ է, իսկ գյուղերում՝ 5000:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Էջմիածին քաղաքում, Արշալույս, Գեղակերտ ու Մրգաստան գյուղերում տեղական 4 տուրքերի գծով մշտադիտարկում է իրականացրել: Ուշադրության կենտրոնում ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառքի կետերն են եղել, հանրային սննդի օբյեկտներն ու հանրային տարածքներում մատուցվող սննդի ծառայությունները:
Տեղական տուրքերը բյուջեի եկամուտների մի մասն են կազմում՝ ասում է ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Արձանագրված տվյալները համադրել են տեղական տուրքեր վճարողների ցուցակի հետ ու այսպիսի պատկեր ստացել․
«Այն, ինչը մենք արձանագրել ենք մեր դիտարկած տարածքներում, պարզվեց, որ համայնքապետարանի տուրք վճարողների ցուցակներում բոլորը կային: Իսկ 4-րդ տուրքի՝ հանրային տարածքներում սննդի գործունեության հետ կապված մի քանի չպարզաբանված հարցեր կան»:

Խոսքը հանրային սննդի օբյեկտներին կից տարածքների մասին է, որտեղ նույնպես սնունդ է մատուցվում:
«Դիտարկել ենք մայթի վրա սննդի ծառայության մատուցում: Դա վարձակալա՞ծ տարածք է, թե՞ համայնքինը, որի համար պետք է տուրք վճարվի: Սրանք տարբեր վճարներ են»:
Արդյունքն, այնուամենայնիվ, դրական է։ Վաղարշապատի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետի տեղակալ Ազատ Գրիգորյանը վստահեցնում է, որ բաժնի պատասխանատուները հետևողական են տնտեսվարողների գործունեության նկատմամբ:

«Տեսուչն իր տարածքում ցուցակագրում է, թե ովքեր են զբաղվում անհատ ձեռնարկատիրությամբ, ՍՊԸ-ներ են, կամ ինչ գործունեություն են ծավալում: Վարչական տարածքների բոլոր օբյեկտները, որոնք հարկեր են վճարում, հատիկ առ հատիկ հաշվառվում են»:
Սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի, նույնը չի կարելի ասել, օրինակ Գյումրիի մասին, որտեղ սննդի ծառայության 46 օբյեկտից, ալկոհոլի 21 վաճառքի կետերից տուրքեր չեն գանձվել, և տարեկան համայնքապետարանի բյուջե չի մուտքագրվել 80-120 մլն դրամ: Իսկ Վանաձորի համայնքապետարանը չի համագործակցել և տեղեկություններ չի տրամադրել: Էջմիածնում արձանագրել են 1, գյուղերում մեկ հանրային տարածքում գործող սննդի ծառայություն: Լևոն Բարսեղյանը Վաղարշապատի մշտադիտարկման արդյունքները քննարկել է համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Կարեն Սմբատյանի հետ: Վերջինս ասում է, որ չգրանցված տնտեսվարողների նկատմամբ վարչական գործիքակազմ է կիրառվում:

«Դրանից հետո տնտեսվարողն ունի երկու ճանապարհ՝ դիմի և ստանա համապատասխան թույլտվություն, իսկ եթե չի անում, օրենքը հնարավորություն է տալիս կրկնակի գործընթաց իրականացնել»:
Մշտադիտարկան արդյունքները ներկայացվել են համայնքապետարան՝ առկա բացթողումները շտկելու համար: