ԱՄՆ-ն հարվածել է Իրանի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավին – armeniatoday.am

ԱՄՆ զինվորականները կրակ են բացել Պանամայի դրոշի ներքո ընթացող նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը, The Wall Street Journal-ին հայտնել է պաշտոնատար անձանցից մեկը։

Կրակը բացվել է ուղղաթիռից, երբ նավի անձնակազմն անտեսել է ամերիկյան կողմի նախազգուշացումները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հարձակումից հետո նավը փորձել է անձնակազմին տեղափոխել մեկ այլ քաղաքացիական նավ։

Ավելի վաղ Vanguard ծովային փոխադրումների ապահովման ընկերությունը հայտնել էր, որ Պանամայի դրոշի ներքո ընթացող Vela Nova կոնտեյներատարը Օմանի ծոցով դեպի արևմուտք շարժվելիս՝ Պակիստանի ափերից մոտ 71 ծովային մղոն (շուրջ 131,5 կմ) հեռավորության վրա, խոցվել է ուղղաթիռից արձակված հրթիռով։

«Հրթիռը դիպել է նավին՝ առաջացնելով հրդեհ, որն ավելի ուշ մարվել է»,– ասված է Vanguard-ի հաղորդագրությունում։ Ընկերությունը հստակեցրել է, որ անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են։

ԱՄՆ-ից հայտնել են, որ կհանեն իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը Հորմուզի նեղուցով անխափան նավարկությունն ապահովող համաձայնագրի կնքումից հետո։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գործողությունները կախված կլինեն Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից։ Պաշտոնյան նաև նշել է, որ Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կարող է ապահովել նավերի անվտանգ երթևեկությունը նեղուցով։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը օգոստոսի 9-ին միաձայն հավանություն էր տվել օրինագծին, որն արգելում է ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ «թշնամական երկրների» նավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Leave a Comment