Ինչո՞ւ է նախկինում օրինական համարված գործարքն այժմ ապօրինի գնահատվում․ Սաքապետոյանի գործով դատարանում վիճարկվեցին Դատախազության նոր հաշվարկները

Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 10-ին շարունակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործի նախնական դատական քննությունը, որով որպես պատասխանողներ ներգրավված են Արմեն Սաքապետոյանը և մի շարք այլ անձինք։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը, պատասխանող Արմեն Սաքապետոյանը, նրա և Ալեք Սաքապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև Արմեն Սաքապետոյանի, Մարիանա Մկրտչյանի և Հայկ Սաքապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Նիստին չէին ներկայացել պատշաճ ծանուցված երրորդ անձինք։

Դատարանը նիստի սկզբում նաև տեղեկացրեց, որ նախորդ նիստում քննարկված՝ ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդության վերաբերյալ առանձին դատական ակտ է կայացվել։ Դատարանի փոխանցմամբ՝ միջնորդությունը մերժվել է։ Նիստի հիմնական մասը վերաբերում էր նախորդ նիստերում ներկայացված հարցերի պարզաբանմանը և հատկապես՝ Դատախազության կողմից հայցի փոփոխության հիմքում դրված վերահաշվարկներին։

Պատասխանող կողմը նախ անդրադարձավ մոտ 300 մլն դրամի փոխառությանը և հարցրեց, թե ինչու է այն դիտարկվել որպես ապօրինի եկամուտ, այն դեպքում, երբ առկա է եղել փոխառության պայմանագիր, փոխանցման նպատակային դաշտում նշված է եղել համապատասխան տեղեկությունը, իսկ փոխանցումն իրականացվել է անկանխիկ եղանակով։

Դատախազության ներկայացուցիչ Դավիթ Մեյրոյանը նշեց, որ ներկայացված փոխառության պայմանագրերը մի շարք դեպքերում արժանահավատ չեն գնահատվել։ Նրա ներկայացմամբ՝ պատճառներից մեկը եղել է այն, որ առկա են եղել փոխառության պայմանագրեր, որոնք կնքվել են ավելի վաղ տարիներին, սակայն չեն հայտարարագրվել։ Մեկ այլ հանգամանք, ըստ Մեյրոյանի, եղել են կանխիկ եղանակով կատարված փոխանցումները՝ այն ժամանակահատվածում, երբ ուժի մեջ էին մտել անկանխիկ գործառնությունների վերաբերյալ սահմանափակումները։

Մեյրոյանը նշեց նաև, որ իրավասու մարմնի համար կարևոր է եղել ոչ միայն փոխառության պայմանագրի առկայությունը, այլև պարզելը, թե փոխատուն՝ տվյալ դեպքում Էդուարդ Մելիքյանը, արդյոք ունեցել է համապատասխան միջոցները այդ չափի փոխառություն տրամադրելու համար, ինչ հանգամանքներում են միջոցները տրամադրվել և ինչ նպատակով։

Պատասխանող կողմը պարզաբանում պահանջեց՝ եթե պայմանագրում նշված է փոխառության նպատակը և փոխանցումն իրականացվել է անկանխիկ եղանակով, ապա հատկապես ի՞նչն է անորոշ մնում։

Դատախազության ներկայացուցիչը պատասխանեց, որ իրավասու մարմնի համար միայն ներկայացված պայմանագիրը բավարար չի եղել։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է եղել նաև լրացուցիչ հանգամանքների պարզում, այդ թվում՝ փոխատուի մոտ համապատասխան միջոցների առկայությունը։ Արմեն Հարությունյանը հարցրեց, թե ինչ իրավական հիմքով է դատախազությունը համարում, որ փոխառության պայմանագրի առկայությունը բավարար չէ և պատասխանող կողմը պետք է հիմնավորի, թե փոխատուն ունեցել է համապատասխան միջոցներ։

Դավիթ Մեյրոյանը նշեց, որ հայցվոր կողմը կարող է որոշակի փաստ ընդունել կամ չընդունել և, իր խոսքով, տվյալ փաստը Դատախազությունը չի ընդունում։ Պատասխանող կողմը, սակայն, շեշտեց, որ հարցը ոչ թե այն է, թե Դատախազությունը տվյալ փաստը ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, այլ՝ ինչու է փոխվել նախկին դիրքորոշումը։ Կողմը պնդեց, որ նախկինում նույն տվյալները գնահատվել են որպես օրինական եկամուտ, իսկ այժմ նույն փաստաթղթերի և նույն գործարքների նկատմամբ տրվել է այլ գնահատական։

«Մեզ այս փուլում հետաքրքրում է՝ ինչո՞ւ Դուք նման եզրահանգման եք եկել, որ մենք վերջիվերջո կարողանանք առարկել այդ ձեր գործողության դեմ»,-նշեց կողմը։

Դատարանն իր հերթին ընդգծեց, որ հարցուպատասխանի այս փուլում կարևոր է ոչ միայն կողմի վերջնական դիրքորոշումը, այլև այն պատճառաբանությունը և իրավական հիմքը, որով տվյալ գործողությունը կատարվել է։ Դատարանը նշեց, որ պետք է պարզ լինի՝ կողմերի գործողություններն արդյոք համապատասխանել են օրենքին, և այդ պատճառով կարևոր են կողմերի մեկնաբանություններն ու իրավական հիմնավորումները։ Նաև արձանագրեց, որ եթե կողմը որոշակի փաստի վերաբերյալ իրավական հիմք չի ներկայացնում, այդ հանգամանքը ևս դատարանի գնահատման առարկա կարող է լինել։

Արմեն Հարությունյանը ներկայացրեց Դատախազության կողմից նախկինում մատնանշված երեք հանգամանքները, որոնք, ըստ Դատախազության, հիմք են հանդիսացել դիրքորոշման փոփոխության համար։ Դրանք, ըստ ներկայացրած ձևակերպման, եղել են՝ հայտարարագրման հետ կապված հանգամանքները, կանխիկ գործարքները և փոխանցման նպատակային դաշտում գործարքի էության չարտացոլված լինելը։

Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչը շեշտեց, որ 300 մլն դրամի փոխառության դեպքում այդ հանգամանքներից երկուսն ակնհայտորեն բացակայում են, իսկ նպատակային դաշտում նշված է՝ «համաձայն փոխառության պայմանագրի»։

Դավիթ Մեյրոյանը հաստատեց, որ այդ դեպքում նպատակային դաշտում նման գրառում առկա է։ Ներկայացուցիչ Արմեն Հարությւոնյանը հարցրեց՝ արդյոք դրանով փոխանցման նպատակը բացահայտվա՞ծ է։  Ի պատասխան Դավիթ Մեյրոյանը նշեց, որ նպատակային դաշտում գրված է «համաձայն փոխառության պայմանագրի»։

Դրանից հետո կրկին հարց բարձրացվեց՝ եթե Դատախազությունը հայցի փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ որոշ փոխանցումների դեպքում նպատակային դաշտից գործարքի էությունը չի երևում, ապա ինչու է 300 մլն դրամի դեպքում նույն չափանիշը կիրառվել, երբ նպատակային դաշտում փոխառության մասին նշում առկա է։ Դատախազության ներկայացուցիչը կրկնեց, որ այս դեպքում ներկայացված փոխառության պայմանագիրը իրավասու մարմնի համար արժանահավատ չի գնահատվել և լրացուցիչ ապացույցների անհրաժեշտություն է տեսել։

Քննարկման ընթացքում Արմեն Սաքապետոյանի և նրա ներկայացուցիչների կողմից բարձրացվեց նաև այն հարցը, թե ինչու Դատախազությունը երկու տարուց ավելի ժամանակի ընթացքում չի պարզել այն հանգամանքները, որոնց պարզումը հիմա նախատեսում է դատաքննության փուլում։ Մասնավորապես, կողմը հարցրեց՝ եթե Դատախազության համար էական է Էդուարդ Մելիքյանի մոտ համապատասխան դրամական միջոցների առկայությունը, ապա ինչու այդ հանգամանքը չի պարզվել նախքան հայցի փոփոխությունը։

Դավիթ Մեյրոյանը նշեց, որ ապագա դատավարական գործողությունների վերաբերյալ ենթադրություններն այս փուլում նշանակություն չունեն, քանի որ դատարանը ներկայում պարզում է հայցը։ Պատասխանող կողմը, սակայն, շարունակեց պնդել, որ անհրաժեշտ է հասկանալ Դատախազության գործողությունների տրամաբանությունը և դրանց հետագա դատավարական հետևանքը։

Քննարկումը որոշ պահերի ուղեկցվեց կողմերի միջև լարված հարցուպատասխանով։ Դատարանը կողմերին կոչ արեց չանցնել գործի քննության հետ չկապված անձնական օրինակների և պահպանել քննարկման շրջանակը։ Արմեն Հարությունյանը, խոսելով հայցապահանջի չափի մասին, նշեց, որ 300 մլն դրամի գործարքի վերագնահատումն իր պնդմամբ ազդեցություն է ունեցել պահանջի ընդհանուր չափի վրա՝ մոտ 700 մլն դրամի չափով։

Դատարանը արձանագրեց, որ հարցի վերաբերյալ պարզաբանումը տրվել է և նախազգուշացրեց կողմին՝ շարունակել հարցերը։ Հարությունյանը Դատախազության ներկայացուցչին հարցրեց՝ արդյոք փոխառության տրամադրումը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ազդեցություն ունի դրա գնահատման վրա։ Դավիթ Մեյրոյանը նշեց, որ իրավաբանական անձանցից ևս փոխառություններ են ստացվել և որոշ դեպքերում դրանք ներկայացված են եղել համապատասխան փաստաթղթերով։

Նիստի հաջորդ հատվածում Արմեն Հարությունյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրության հարուցման հիմքին։

Նա նշեց, որ կողմը բազմիցս անհամաձայնություն է հայտնել ուսումնասիրության հարուցման հիմքի վերաբերյալ և հարցերը վերաբերում են նաև ուսումնասիրություն սկսելու որոշման հիմքում դրված՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գրությանը։ Նա Դատախազության ներկայացուցիչներից պարզեց՝ ուսումնասիրության ընթացքում ստացված բոլոր տեղեկությունները պարտադի՞ր կերպով ներառվում են դատարանին ներկայացվող նյութերում, թե՞ հնարավոր է որոշ տեղեկություններ չներկայացվեն։

Դավիթ Մեյրոյանը պատասխանեց, որ նման աշխատակարգ, որի համաձայն որոշակի տեղեկություններ դիտավորյալ դուրս են մնում նյութերից, չկա, և ըստ պրակտիկայի՝ ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերը ներկայացվում են դատարան։

Պատասխանող կողմը ներկայացրեց ուսումնասիրության հարուցման որոշման մեջ նշված հանգամանքները։ Որոշման մեջ որպես հայտնի հանգամանք նշվել է, որ Արմեն Սաքապետոյանին և նրան փոխկապակցված անձանց Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանում են մեծաքանակ անշարժ և շարժական գույքեր, ինչպես նաև մի շարք ՍՊԸ-ներ, իսկ բանկային հաշիվներով շրջանառվել են 50 մլն դրամը գերազանցող գումարներ։

Կողմը նշեց, որ ոստիկանության գրության մեջ թվարկված են մի շարք անշարժ գույքեր, այդ թվում՝ Երևանում՝ Պապի՞, Մամիկոնյան, Շարուրի փողոցներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող գույք։ Իրենց պնդմամբ՝ դատարանին տրամադրված նյութերում այդ գույքերի մի մասի վերաբերյալ որևէ ուսումնասիրության կամ պարզման գործողություն չի հայտնաբերվել։ Կողմը Դատախազությունից պահանջեց պարզաբանել՝ այդ գույքերի վերաբերյալ կոնկրետ հարցումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ։

Դավիթ Մեյրոյանը պատասխանեց, որ Քաղաքաշինության կամ Կադաստրի կոմիտեից համապատասխան հարցումներ են իրականացվել՝ փոխկապակցված անձանց պատկանող անշարժ գույքը պարզելու նպատակով, և ստացված տվյալները ներառվել են գործի նյութերում ու ներկայացվել դատարանին։

Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ իրենց  հետագայում առարկություններում անդրադառնալու է նաև ոստիկանության գրության մեջ նշված գույքերին։ Նրա խոսքով՝ իրենք ինքնուրույն ստուգել են գրության մեջ նշված որոշ գույքեր և պնդում են, որ դրանցից մի քանիսը Արմեն Սաքապետոյանի հետ որևէ կապ չունեն, իսկ որոշ գույքեր, ըստ նրա, ընդհանրապես գոյություն չունեն կամ պետական գրանցում չեն ստացել։

Հարությունյանը նաև անդրադարձավ գրության մեջ նշված իրավաբանական անձանց։ Նրա խոսքով՝ որոշ ընկերությունների մասով ներկայացված տվյալներում չի նշվել դրանց հիմնադրման ժամանակահատվածը կամ մասնակցության չափը, ինչն, ըստ իրեն, կարող է նշանակություն ունենալ ուսումնասիրության հարուցման հիմքի գնահատման համար։

Դրանից հետո դատարանը սկսեց ուսումնասիրել Դատախազության կողմից ներկայացված համեմատական Excel աղյուսակը։ Արմեն Հարությունյանը նախ փորձեց ճշտել աղյուսակի տրամաբանությունը։ Նրա ներկայացմամբ՝ աղյուսակում առկա են երկու տեսակի տարբերություններ․ առաջինը՝ Դատախազության գնահատականների փոփոխության հետևանքով առաջացած տարբերությունները, և երկրորդը՝ այդ փոփոխությունների ազդեցության հետևանքով եկամուտների կամ ծախսերի հաշվարկներում առաջացած տարբերությունները։

Դատախազության ներկայացուցիչը համաձայնեց այդ տարբերակմանը։ Ֆայլի հետ կապված դիտարկումներից և հարցուպատասխանից հետո, առանձին քննարկվեց շահաբաժինների հետ կապված հաշվարկը։

Պատասխանող կողմը մատնանշեց, որ երկրորդ դիրքորոշման մեջ որոշ շահաբաժիններ դիտարկվել են օրինական, իսկ նոր հաշվարկում դրանց ապօրինի մասի չափը փոխվել է։ Մեյրոյանը  պարզաբանեց, որ փոփոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ փոխառությունների մասով հաշվարկը փոխվել է, և դրա հարաբերակցությունը շահաբաժինների հետ ևս ազդել է հաշվարկի վրա։

Քննարկման առարկա դարձավ նաև, թե արդյոք Դատախազությունը ուսումնասիրել է Universal Business Solutions ընկերության բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները և հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունները։ Դավիթ Մեյրոյանը պատասխանեց, որ դրանք ուսումնասիրվել են։

Թե այդ ուսումնասիրության արդյունքում կոնկրետ ո՞ր փաստական տվյալն է կասկած առաջացրել ընկերության կողմից շահաբաժինների վճարման վերաբերյալ եթե ընկերության վերաբերյալ պետական մարմիններին տարիների ընթացքում բազմաթիվ հաշվետվություններ են ներկայացվել, դրանցից ո՞րն է խնդիր առաջացրել։ Դատախազության ներկայացուցիչը նշեց, որ անհրաժեշտ են նաև հաշվապահական հաշվառման փաստաթղթեր։

Այսպիսով դատական նիստն ավարտվեց, գործով հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 12, ժամը 10։00-ին։Կողմերը հաջորդ նիստում ևս շարունակելու են հարցերի և պարզաբանումների քննարկումը։






Կարդացեք նաև՝

Leave a Comment