2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրումից մեկ տարի անց խաղաղության գործընթացին արձագանքել է ավելի քան երկու տասնյակ երկիր և միջազգային կառույց։ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները, Թուրքիան և այլ գործընկերներ առավելապես ընդգծել են երեք ուղղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրում և վավերացում, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում և տնտեսական կապերի ընդլայնում։ Միջազգային հայտարարություններում շեշտվում է՝ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ է պահպանել։
Եթե մեկ տարի առաջ հիմնական քննարկումը խաղաղության պայմանավորվածության ձեռքբերումն էր, ապա այսօր օրակարգում դրա իրավական ամրագրումն ու իրացումն է։ Օգոստոսի 8-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի և զգալի է, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ Խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի և վավերացվի, շարունակվի սահմանազատումը, իսկ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը շարունակում է մնալ Հայաստանի օրակարգում։ Փաշինյանն անդրադարձել է նաև հայտարարություններին, որոնք կարող են նոր հակասությունների պատճառ դառնալ։
«Ուզում եմ ասել առանց սեթևեթանքի՝ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը։ Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա՝ հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի»։
Վաշինգտոնում ձեռքսեղմումից մեկ տարի անց Փաշինյանը զանգահարել էր Ալիևին։ Պաշտոնական հաղորդագրությունը հակիրճ էր․ օգոստոսի 8-ի հեռախոսազրույցում առանձնացվել են երկու կոնկրետ ուղղություններ՝ ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և Ադրբեջանի տարածքով տարանցիկ բեռների փոխադրումը․
Քննարկումների մյուս առանցքային ուղղությունը TRIPP-ն է։ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցում կողմերը վերահաստատել են նախագծի կառուցման աշխատանքները մոտ ապագայում սկսելու պատրաստակամությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի պայմանավորվածությունների մեկամյակի առիթով հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ, իսկ TRIPP-ը աստիճանաբար վերածվում է իրականության։ Մեջբերում․
«Խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համար, որը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ, այն նաև օրինակ է, թե ինչպես տնտեսական գործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը»։
Վաշինգտոնից մեկ տարի անց հաղորդակցությունների թեման այլևս միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարց չէ։ Այն նաև ԱՄՆ-ի հետ եռակողմ տնտեսական գործակցության օրակարգում է։ Եվրոպական երկրներն ու Եվրամիությունը ևս վերջին մեկ տարվա գնահատականներում առավելապես շեշտել են նույն ուղղությունները՝ խաղաղության պայմանագրի ստորագրում և վավերացում, սահմանների ու հաղորդակցությունների բացում և տարածաշրջանային տնտեսական գործակցության զարգացում։
Ֆրանսիան հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլեր են արել խաղաղության ուղղությամբ և հույս է հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի ու կվավերացվի, սահմանները կբացվեն։ Փարիզից փոխանցել են․
«Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի ակտիվորեն աջակցել այս գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի պայմանավորվածությունները գնահատել է որպես կարևոր հանգրվան և խրախուսել շարունակել։
Անկարան ևս աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սատարում է ոչ միայն խաղաղությանը, այլև տարածաշրջանում նոր անվտանգային ու տնտեսական ճարտարապետության ձևավորմանը։ Այս ձևակերպումը կարևոր է հատկապես հաղորդակցությունների տեսանկյունից․ Թուրքիայի համար Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կապված է տարածաշրջանային տրանսպորտային կապերի, տնտեսական փոխկապակցվածության և իր տարածաշրջանային դերակատարության ընդլայնման հետ։
Եվրամիության և ավելի քան երկու տասնյակ պետությունների արձագանքները ցույց են տալիս միջազգային սպասումների հիմնական շրջանակը։
Առաջին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրում և վավերացում։ Երկրորդ՝ սահմանազատման գործընթացի շարունակություն և սահմանների բացման հեռանկար։ Երրորդ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների գործարկում, այդ թվում՝ TRIPP-ի իրականացում։ Եվ չորրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի աստիճանական ընդլայնում։
Վաշինգտոնից մեկ տարի անց խաղաղության գործընթացի գնահատականը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվում։ Միաժամանակ դեռ լուծված չեն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման և վավերացման, սահմանազատման ու հաղորդակցությունների գործարկման հարցերը։
Միջազգային արձագանքների հիմնական ուղերձն այս փուլում նույնն է՝ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանք վերածել գործնական քայլերի։