Ոստիկանության ծառայողներին արտոնյալ հիփոթեք կտրամադրվի, ծրագիրը կգործի 2027-ից․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է առաջարկում

Iravaban.net-ը ուսումնասիրել է  Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրաին քննարկման դրված նախագիծը։ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված նախագծով ոստիկանության ծառայողների համար նախատեսվում է ներդնել բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագիր։ Կառավարության որոշման նախագծով ոստիկանները հնարավորություն կունենան բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել, ինչպես նաև բնակելի տուն կառուցել՝ մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման միջոցով։

Ծրագիրը, ըստ նախագծի, նախատեսվում է գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։

Կառավարության որոշման նախագիծը մշակել է Ներքին գործերի նախարարությունը՝ հիմնավորելով այն ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներով, ծառայության գրավչության բարձրացման և կադրերի համալրման ու պահպանման անհրաժեշտությամբ։

Որոշման նախագծով սահմանվելու է ոստիկանության ծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ոստիկանների համար բնակարանների ուղղակի տրամադրման, այլ պետական աջակցության միջոցով արտոնյալ հիպոթեքային վարկավորման համակարգի մասին է։

Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից

Նախագծով հստակ ամրագրված է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։ Միաժամանակ, որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ՆԳ նախարարն ու ֆինանսների նախարարը, համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, պետք է ապահովեն հիպոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը։

Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավվելու են երեք առանցքային պետական կառույցներ՝ Ներքին գործերի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը։

ՆԳՆ-ի և Ֆինանսների նախարարության կողմից ԿԲ-ի հետ համատեղ պայմանագրի օրինակելի ձևի մշակումը կարևոր է նաև այն պատճառով, որ ծրագիրը պետք է գործնականում կապվի հիպոթեքային վարկավորման գործող ֆինանսական համակարգի հետ։

Հետևաբար, ծրագրի վերջնական պայմանների գնահատման համար կարևոր կլինի նաև հասկանալ՝ ինչպիսի տոկոսադրույք, վարկի ժամկետ, կանխավճար և վարկի առավելագույն չափ է նախատեսվելու ոստիկանության ծառայողների համար։

Որքա՞ն է լինելու պետության ֆինանսական բեռը

Նախագծի հիմնավորման ամենաուշագրավ հատվածներից մեկը ծրագրի հնարավոր ֆինանսական ազդեցության հաշվարկն է։ Ըստ ներկայացված տվյալների՝ ոստիկանության բոլոր ծառայողների համար, եթե հաշվարկը կատարվի 35 մլն դրամ արժողությամբ բնակարանի և 20 տարվա վարկավորման հիմքով, հնարավոր տոկոսները կարող են կազմել 852.7 մլրդ դրամ, իսկ կանխավճարը՝ շուրջ 48 մլրդ դրամ։

Միաժամանակ, եթե ծրագիրը մեկնարկի Սյունիքի մարզից, ապա մարզի 435 ծառայողի համար նույն՝ 35 մլն դրամ արժողությամբ բնակարանի և 20 տարվա վարկավորման հաշվարկով հնարավոր տոկոսները կկազմեն 26.7 մլրդ դրամ, իսկ կանխավճարը՝ շուրջ 1.53 մլրդ դրամ։

ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ ոստիկանությունում իրականացվող ինստիտուցիոնալ և լայնամասշտաբ բարեփոխումների պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը։ Նախարարությունը բնակարանային ապահովության լրացուցիչ երաշխիքը դիտարկում է որպես ծառայողների սոցիալական պաշտպանվածության բարձրացման, կադրերի համալրման և պահպանման միջոց։ Նախագծում նշվում է նաև, որ ոստիկանության ծառայության առանձնահատուկ բնույթը և ոստիկաններին վերապահված հանրային նշանակության գործառույթները պայմանավորում են սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությունը։

Այսպիսով, պետության առաջարկած մեխանիզմը ոստիկանների համար ոչ միայն սոցիալական արտոնություն է, այլ նաև կադրային քաղաքականության գործիք։

Նախագծի հեղինակները հղում են կատարում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, որով ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում էր վերանայել ծառայողների վարձատրությունը և քննարկել սոցիալական ապահովության լրացուցիչ երաշխիքների սահմանման հարցը։ Այս տրամաբանության շարունակությամբ այժմ առաջարկվում է բնակարանային ապահովության մեխանիզմ։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ուշադրություն, վերոնշյալ կարգավորումը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այն ուժի մեջ չի մտել։

Leave a Comment