Իրանի զինված ուժերն ունեն բալիստիկ հրթիռներ, որոնց թռիչքի հետագիծը հնարավոր է փոխել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Մեր հրթիռների հնարավորություններն այլևս այնպիսին չեն, ինչպես նախկինում, երբ դրանք պարզապես արձակվում էին մի կետից և ընկնում մեկ այլ կետում։ Մեր հրթիռները կառավարվող են, իսկ դրանցից որոշներն անգամ կարող են փոխել իրենց հետագիծը՝ մանևրելով հակառակորդի ՀՕՊ համակարգերի առջև»,— նրա խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։
Մոհեբին պարզաբանել է, որ նույնիսկ եթե հրթիռի համար նախապես որոշված է կոնկրետ թիրախ, դրա թռիչքի ընթացքում հնարավոր է փոխել այն և նշանակել երկրորդական թիրախ։
ԻՀՊԿ ներկայացուցիչի խոսքով՝ ժամանակակից պատերազմը վերածվել է տեխնոլոգիաների պատերազմի, որտեղ հակառակորդները մրցում են գիտության և արհեստական բանականության ոլորտներում, և հաղթում է այն կողմը, որի տեխնոլոգիաներն ավելի զարգացած են։