Նոր գումարման Ազգային ժողովի նախագահության ձևավորումը հեշտ ու արագ ընթացք չունեցավ։ Պաշտոնների շուրջ քննարկումները մի քանի օր շարունակ ուղեկցվեցին քաղաքական բանավեճերով, փոխադարձ կշտամբանքներով, երբեմն էլ՝ սուր քննադատությամբ։ Վերջապես, խորհրդարանն ընտրեց նաև վերջին փոխնախագահին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով դարձավ ԱԺ նախագահի երրորդ տեղակաը։
Ազգային ժողովը վերջապես ամբողջացրեց իր նախագահության կազմը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանը ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց 53 կողմ ձայնով, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աջակցությամբ։
Մինչև քվեարկությունը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Արամ Վարդևանյանը ևս մեկ անգամ հստակեցրին փոխխոսնակի պարտականությունները։
—Համարեք՝ ես HR-ն եմ, հիմա դուք եկել եք ինտերվյուի։ Աշխատանքի հստակ նկարագրությունը հետևյալն է՝ ԱԺ նախագահի հանձնարարությամբ, փոխարինում է ԱԺ նախագահին կամ իրականացնում է ԱԺ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ։ Նիստի մասին խոսք չկա։
—Պարոն Ռուբինյա՛ն, կարծում եմ՝ ձեր մասնագիտացումը իրավունքի ոլորտում չէ։ Երբ ես ընդգծում եմ, որ նշված դրույթը վերաբերում է նիստը նախագահելու կառուցակարգին, հավատացած եղեք՝ այդ պնդումը կատարում եմ ոչ թե պարզապես երկու ընդդիմադիր խմբակցությունների, այսինքն՝ հարյուր հազարավոր մեր քաղաքացիների քվեի տեսանկյունից կամ իրացվող սահմանադրական պաշտոնի տեսանկյունից, այլև մասնագիտական գիտելիքների։ Մեր հայրենակիցները ԱԺ ինստիտուտը պատկերացնում են ոչ թե HR-ի և այլ կոնտեքստում, այլ իսկապես պառլամենտարիզմի կոնտեքստում։
Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում նկատեց՝ այս օրերին շատ է խոսվել իր զսպվածության և պինդ նյարդերի մասին․
«Այլ կերպ չի կարող լինել․ անկախ նրանից՝ ես կլինեի ԱԺ-ի՝ որպես ինստիտուտի նախագահի տեղակալի թեկնածու, թե որպես պատգամավոր, կարծում եմ՝ հանրային հաշվետվողականությունը պահանջում է զսպվածություն, ինքնատիրապետում և պինդ նյարդեր»։
Վարդևանյանի ելույթից հետո, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք միաձայն աջակցելու են Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
«Պարոն Վարդևանյանը լավ ընկեր է, լավ գործընկեր։ Ես անձամբ եմ տեսել, թե ինչպես է պարոն Վարդևանյանը ոչ միայն քաղհալածյալների իրավունքները պաշտպանում, այլև ինչպես է ներկայացնում ՀՀ շահը միջազգային տարբեր հարթակներում։ Մենք անձամբ բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել միջազգային մեր գործընկերների հետ, որտեղ, աներկբայորեն, ես կարող եմ պնդել, որ լավագույնս մեր պետական և ազգային շահը ներկայացվել է պարոն Վարդևանյանի կողմից։ Ես ցավում եմ՝ երկրորդ Ազգային ժողովն է, որ նախագահությունում կին ներկայացուցիչ չի ունենա, սա շատ ցավալի արձանագրում է»։
Դիմելով Արամ Վարդևանյանին, Աննա Գրիգորյանը նշեց, որ ակնկալում է, որ նա, որպես ԱԺ փոխնախագահ, իր խոսքով և կեցվածքով ներկայացնի ոչ միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կամ խորհրդարանական ընդդիմությունը, այլև յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքացու։ Աննա Գրիգորյանը Վարդևանյանին առաջարկեց նախաձեռնել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի իրավունքների վերականգնման գործընթաց՝ ընդգծելով, որ Սարգսյանը խորհրդարանի նիստերից բացակայում է ոչ իր կամքով։
Քանի որ ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չէին Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալ ընտրելու համար, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ներկայացրեց իշխանական խմբակցության դիրքորոշումը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել, այսինքն՝ բավարար ձայներ տալ այս ընտրության համար։ Այդ թվում՝ նաև հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի բացակայությունը՝ տնային կալանքով պայմանավորված»։
Չնայած՝ ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահության կազմը ձևավորելու նախորդ երեք քվեարկություններին կամ դեմ էին քվեարկել, կամ չէին մասնակցել, ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ այս անգամ իրենք կապահովեն Արամ Վարդևանյանին ընտրելու անհրաժեշտ ձայները։
Այսպիսով՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը ՔՊ խմբակցությունից։ ԱԺ նախագահի տեղակալներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը՝ նույն խմբակցությունից և Արամ Վարդևանյանը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից։