ԱԺ-ի առաջին  նստաշրջանը վեց օրում երկու օրակարգային հարց է սպառել

ԱԺ–ն շարունակում է քննարկել խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալի թեկնածությունը։ Առաջադրված միակ թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն է։ Այս օրերին, սակայն, նորընտիր պատգամավորները ծավալուն քաղաքական ելույթներ են ունենում նաև այլ հարցերի շուրջ․ ներքաղաքական զարգացումներ, ընտրությունների արդյունքներ ու արտաքին քաղաքականություն։ Պատգամավորների ելույթներից հետո խորհրդարանը քվեարկության կգնա։ Վարդևանյանի ընտրվելու համար անհրաժեշտ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առնվազն 13 անդամի ձայն։

9-րդ գումարման ԱԺ–ն առաջին նստաշրջանի 8 օրակարգային հարցերից սպառել է դեռ միայն երկուսը։ Խորհրդարանը ձևավորել է հաշվիչ հանձնախումբն ու ընտրել ԱԺ նախագահ։ Օրակարգային երրորդ հարցը ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությունն է, որն արդեն քննարկվում է 4 օր շարունակ։ Սակայն խորհրդարանը դեռ չի ընտրել երրորդ փոխնախագահին․

«Մենք շարունակում ենք մեր, արդեն՝ հավերժականության ձգտող նիստը»։

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ակնարկում է երրորդ փոխնախագահի ընտրության քվեարկությունից առաջ մտքերի փոխանակման համար գրանցված հինգ տասնյակից ավելի պատգամավորների ելույթները․

«Չէի ուզում էս նիստը ավելի երկարացնել և ելույթ ունենալ»։

Նորընտիր պատգամավորները, սակայն, իրար ասելու շատ բան ունեն։ Թունյանը իր ելույթի մեծ մասը նվիրում է ընդդիմության որոշ հայտարարություններին։ Իր միտքը ավելի կարճ ու դիպուկ ձևակերպելու համար նա միացնում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի դրվագներից մեկի ձայնագրությունը․

«․․մորթելուց հետո եկար, է սկզբից գայիր, գայիր, ասեիր՝ մի մորթեք, որտեղ էիք, գայիք, չթողնեիք։

-Հիմա, հարգելի գործընկերներ, էդ որ Հայաստանը արտագաղթում էր, որ կոռուպցիա էր, համատարած ընտրակեղծիքներ էր, որտե՞ղ էիք, բա չթողնեիք, թե՞ դրա մեջ էիք» ։

Ընդդիմադիր պատգամավորների ելույթները առավելապես ենթադրյալ քաղբանտարկյալների, ընտրությունների արդյունքների, Արդբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասին են։ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը որոշում է պատասխանել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ավելի վաղ տված հարցին․

«Արդյո՞ք Ռուսաստանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Ոչ, Ռուսաստանը սպառնալիք չէ մեր պետականությանը»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյան․

«Ոչ թե ես եմ ձևակերպել հարց, թե արդյո՞ք Ռուսաստանը սպառնալիք է, այլ տիկին Վարդանյանն է այդ հարցը տվել ինձ, ես էլ վերաուղղել եմ հարցը ձեր խմբակցությանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի ցանկանում բովանդակային քաղաքական բանավեճ կառուցել․  

«Ի՞նչ եք մտածում, օրինակ, ասում եք՝ ո՞րն է Հայաստանի սպառնալիքը։ Հատուկ ծառայություն ենք ստեղծել, որը ձեր օրոք չի եղել, հիմա ասենք՝ Ազգային ժողովի նախագահը, որ վեր կացավ, ասեց՝ այս պետությունից է սպառնալիքներ զգում եմ,  ձեզ ի՞նչ է տալիս այդ պատասխանը, որ ի՞նչ՝ գնաք այդ զապիսը ուղարկեք մեկին, մյուսին, ասեք՝ տես ի՞նչ ասեց Ազգային ժողովի նախագահը»։

Պատգամավորներն, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն անդրադառնում են նիստի օրակարգին։ Ընդդիիմադիր փոխնախագահի միակ թեկնածուն «Ոիժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն է։ Նույն ուժի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանի կարծիքով՝ Վարդևանյանը կարևոր դերակատարում կարող է ունենալ խորհրդրանաի վարկանիշը բարձրացնելու հարցում․

«Պարոն Վարդևանյանը, որպես օրենքի և իրավունքի իսկական պաշտպան, իրականացրել է իր առաքելությունը լուռ, հավատարիմ իր տված խոստմանը՝ ծառայել օրենքին։ Վստահ եմ, որ նրա ընտրությունը, որպես Ազգային ժողովի փոխնախագահի, միայն օգուտ է բերելու այս կարևոր ինստիտուտին, բարձրացնելու է նրա արդյունավետությունը և բարձրացնելու է նրա, ցավոք, ընկած վարկանիշը։ Ես դրանում վստահ եմ»։

Ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 44 քվե։ Վարդևանյանի ընտրվելու համար անհրաժեշտ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների առնվազն 13 քվե։

«Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է Վարդևանյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը։

Խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյան․

«Համենայնդեպս, պարոն Վարդևանյանը նաև իր խոսքում նշեց, որ շատ է ուզում այնտեղ լինի կամ կուզենար էնտեղ լիներ։ Ինձ թվում է, որ մինչև այս պահը, համենայնդեպս, անձամբ ես որևէ արտառոց բան չեմ տեսել, որ ասեմ չէ, պարոն Վարդևանյանին չեմ ուզում»։

Պատագամավորի խոսքով՝ քվեարկությունը կկայանա շաբաթ օրը։ 59 պատգամավոր է գրանցվել ելույթի համար։ Բացի այդ՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը հայտարարել էին, որ կիսատ կթողնեն նիստը և Վաղարշապատ կգնան՝ մասնակցելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով առաջին դատական նիստին։ Այդ թեման բուռն քննարկման առիթ դարձավ նաև նիստերի դահլիճում․

«Սկսեմ նրանից, որ եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի ղեկավարությամբ սկսել է խառնվել․․, սկսել է խառնվել․․․, մի՛ խանգարեք ինձ, լռություն»։

Ընդդիմադիր պատագամավորների աղմուկի պատճառը կաթողիկոսին ավազանի անունով կոչելն էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյան․

«Մեր խմբակցության համար, ամեն անգամ էստեղից ոչ անձնագրային տվյալներով անուն-ազգանուն հրապարակելը ես համարելու եմ պրովոկացիա»։

Բանավեճին միացավ ԱԺ նախագահը․

«Գուցե, չգիտեմ՝ ձեր նշած անձին, եթե դիմեք ավազանի անունով, ես էլ դա կհամարեմ պրովոկացիա, կներեք, նույն տրամաբանությամբ էլ կարող է պարոն Հովհաննիսյանի համար էլ հակառակն է կարմիր գիծ»։

ԱԺ երրորդ փոխնախագահի ընտրությունից հետո խորհրդարանը պետք է ձևավորի նաև մշտական հանձնաժողովներ ու էթիկայի հանձնաժողով։ Այնուհետև պետք է ընտրի մշտական հանձնաժողովների նախագահներին։ Այսքանով, սակայն առաջին նստաշրջանի օրակարգը չի սպառվում։ Խորհրդարանը պետք է քննարկի նաև նոր ձևավորված կառավարության ծրագիրը։

Leave a Comment