Ճամբար, որ պիտի փոխի գյուղի ամառը. «Խոյ» երիտասարդական տարածքում Գեղակերտի նոր օրակարգն է մշակվում

Ամառային արձակուրդն այս երիտասարդների համար հանգիստ չէ։ Վաղարշապատ համայնքի Գեղակերտի «Խոյ» երիտասարդական տարածքում նրանք քննարկում են ամառային ճամբարի վերջին մանրամասները՝ ծրագրից մինչև խաղեր։ Որոշել են ամառային ձանձրույթը փոխարինել ակտիվ շփումներով, կրթական ու սպորտային նախաձեռնություններով։

Գեղակերտի առօրյան փոխելուն միտված ծրագրի նախաձեռնողներից մեկը Միլենա Միքայելյանն է։

«Ճամբարը նախատեսվում է կազմակերպել 8-12 տարեկան երեխաների համար` կրթական ծրագրեր, սպորտլանդիա, ինչպես նաև ֆինանսական գրագիտության մասին դասընթացներ, որպեսզի երեխաների համար լինի և՛ կրթական, և՛ ժամանցային»։

Միլենան բանկային գործ է սովորում և որոշել է իր գիտելիքները փոխանցել փոքրերին։ Գոռը, որը զբաղվում է ֆուտբոլով, ճամբարի սպորտային հատվածի պատասխանատուներից է։

«Հիմա գալիս ենք ու պլանավորում, թե ի՞նչ պիտի անենք ճամբարի օրերին, օրինակ՝ ինտելեկտուալ խաղեր ենք կազմակերպելու, սպորտային խաղեր, կինոդիտում»։

Միլենան Շահումյանից է, Գոռը՝ Հայթաղից։ «Խոյ» երիտասարդական տարածքը բաց է Վաղարշապատ համայնքի բոլոր երիտասարդների համար, սակայն հեռավոր գյուղերից այստեղ հասնելը միշտ չէ, որ հեշտ է։ Ամբերտ գյուղից Սրբուհի Մանգասարյանը հաճախ ստիպված է բաց թողնել հանդիպումները՝ տրանսպորտի խնդրի պատճառով։

«Մենք տրանսպորտի խնդիր ունենք ու արդեն ներկայացրել ենք համայնքապետարան, որ ավելի հեշտ լինի այստեղ գալ: Շաբաթ կա, որ 3 օր եմ հաճախում, շաբաթ կա՝ ոչ մի օր, շաբաթ կա՝ մեկ օր»։

«Խոյ» երիտասարդական տարածքը ստեղծվել է ԵՄ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում՝ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի համագործակցությամբ, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը միտված է երիտասարդների կրթությանը, ինքնազարգացմանը, համայնքային նախաձեռնություններին ու համագործակցությանը, ասում է համակարգող Եվա Կարապետյանը։

«Երիտասարդներն այստեղ կարող են մշտապես կազմակերպել իրենց աշխատանքները, օգտվել համակարգիչներից, ինչպես նաև դիտել ֆիլմեր: Coworking-ները հաճախում են ուղղակի աշխատելու նպատակով: Գյուղական բնակավայրերում այդպիսի տարածք ունենալը բավականին մեծ հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր տնից են աշխատում»։

Մի քանի ամսվա ընթացքում արդեն անցկացվել են առաջնորդության ծրագրեր, դասընթացներ ու տարբեր նախաձեռնություններ։ Միլենան ասում է՝

«Այստեղ հաճախելով մոտիվացիա ենք ստանում ավելի լավ ծրագրեր անելու, նոր նախագծերով ու առաջարկներով հանդես գալու համար»։

Երիտասարդները նաև համայնքի երիտասարդական քաղաքականության տեղական փաստաթղթի մշակմանն են ներգրավված, որ ավելի նպատակային մշակվեն դրանք։

«Արդեն քննարկումներ են կազմակերպվում ոլորտի պատասխանատուների ու երիտասարդների հետ, որպեսզի կարողանանք կարիքահեն ու փաստահեն քաղաքականություն մշակել»։

Իսկ առաջիկայում «Խոյ»-ի երիտասարդներին նոր փորձություն է սպասվում․ պատրաստվում են Երիտասարդների օրվան՝ միջոցառումներ կազմակերպելով Դողս, Հայթաղ, Ծաղկունք գյուղերում և Էջմիածին քաղաքում։

Leave a Comment