1958 թ. Հայաստանի երկնքում խորհրդային ու ամերիկյան ռազմական օդանավերը բախվեցին երկու անգամ, առաջին միջադեպը տեղի ունեցավ հունիսի 27-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին:
Ինչպես արդեն գրել ենք, հունիսի 27-ին հայ-թուրքական սահմանը խախտած եւ խորհրդային «ՄիԳ-17» կործանիչների կողմից խոցված ամերիկյան C-118A Liftmaster տրանսպորտային օդանավը կարողացավ վթարային վայրէջք կատարել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում՝ Լեւոնարխ գյուղի մոտ, ու չնայած ինքնաթիռն այրվեց ամբողջությամբ, դրանում գտնվող 9 ամերիկացիները, որոնցից 6-ը ռազմաօդային ուժերի զինծառայողներ էին, իսկ մյուս 3-ը՝ ԿՀՎ գործակալներ, փրկվեցին: Անձնակազմի անդամները ձերբակալվեցին խորհրդային զինվորականների կողմից (տեղի բնակիչները ծեծեցին ամերիկացիներից մի քանիսին, իսկ ԿՀՎ գործակալներից մեկին ցանկանում էին կախաղան բարձրացնել, սակայն խորհրդային զինվորականները կանխեցին ինքնադատաստանը), բայց հարցաքննությունից հետո հանձնվեցին ամերիկյան կողմին:
Իսկ ահա սեպտեմբերի 2-ի միջադեպը ողբերգական ավարտ ունեցավ 17 ամերիկացիների համար:
C-130 հետախուզական ինքնաթիռն ու դրա առաքելությունը
1958 թ. սեպտեմբերի 2-ին ամերիկյան C-130A-II տիպի օդանավը, որը հայտնի C-130 Hercules ռազմատրանսպորտային օդանավի մոդիֆիկացիան էր՝ նախատեսված ռադիոէլեկտրոնային հետախուզության համար, թռավ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից: Ադանա քաղաքի հարեւանությամբ գտնվող այս բազան մինչ օրս համատեղ օգտագործվում է թուրքական ու ամերիկյան ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կողմից:
56-0528 գրանցման համարով C-130A-II ինքնաթիռն արտադրվել էր 1957-ին եւ շահագործվում էր Եվրոպայում ԱՄՆ օդուժի (USAFE), ավելի կոնկրետ՝ Արեւմտյան Գերմանիայի «Ռայն-Մայն» ավիաբազայում (Rhein-Main Air Base, գործել է 1945-2005 թթ. եւ զբաղեցրել Ֆրանկֆուրտի օդանավակայանի մի մասը) բազավորվող 7406-րդ աջակցող ավիաէսկադրիլիայի կողմից: Վերջինիս խնդիրն օդային հետախուզությունն էր: Ստորաբաժանումն զբաղվում էր նման հետախուզություն իրականացնող ռազմական ինքնաթիռների շահագործմամբ ու տեխսպասարկմամբ: Կար նաեւ առանձին ստորաբաժանում՝ ԱՄՆ օդուժի անվտանգության ծառայության (USAFSS) էսկադրիլիան, որի անձնակազմը զբաղվում էր օդանավերի վրա հետախուզական ինֆորմացիա հավաքելով: Այսինքն՝ 7406-րդ էսկադրիլիայի զինծառայողների խնդիրը օդանավերի շահագործումն ու սպասարկումն էր, իսկ USAFSS-ի էսկադրիլիայի զինվորականներինը՝ ռադիոէլեկտրոնային հետախուզությունն այդ օդանավերի վրա:
Սեպտեմբերի 2-ի թռիչքի ժամանակ C-130 օդանավում կար 17 մարդ, որոնցից 6-ը թռիչքային անձնակազմի անդամներ էին, իսկ 11-ը՝ USAFSS-ի ներկայացուցիչներ (6911-րդ մոբիլ ռադիոխմբի առաջին ջոկատ):
7406-րդ էսկադրիլիայի ինքնաթիռների հիմնական թռիչքային առաքելությունները եղել են երկուսը, որոնք կոդավորված էին իբրեւ «Թռիչք Ա» կամ Half Track եւ «Թռիչք Բ» կամ Dreamboat: Half Track թռիչքներն իրականացվել են 1956-ի հունիս-օգոստոս ամիսներին Արեւմտյան ու Արեւելյան Գերմանիաների սահմանին: Այս հետախուզական ծրագիրը ձախողվեց Aviation Week ամսագրի հրապարակումից հետո:
1957-ի հունվարից սկսվեցին Dreamboat թռիչքները: Ամերիկյան RB-50E եւ RB-50G տիպի օդանավերը ֆոտո- եւ ռադիոէլեկտրոնային հետախուզություն էին իրականացնում հիմնականում 7.300 մ բարձրության վրա, թռիչքը տեւում էր 12-14 ժամ: Կար 5 հիմնական ուղղություն՝ 1. «Ռայն-Մայն» (Մայնի Ֆրանկֆուրտ) ավիազաբազայից դեպի Բալթիկ ծով, 2. եռանկյունաձեւ երթուղի Գերմանիայի երկնքում, 3. «Ռայն-Մայն» ավիաբազայից դեպի Ադրիատիկ ծով, այնտեղից՝ թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա, ապա վերադարձ «Ռայն-Մայն», 4. Ադանայից Սեւ ծով՝ ափամերձ գծի երկայնքով պտտվելով, 5. Ադանայից դեպի Տրապիզոն, իսկ հետո պտույտներ Տրապիզոնի ու Վանա լճի միջեւ (այս պարագայում թիրախում ԽՍՀՄ-Թուրքիա, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանն էր):
1958-ին 7406-րդ էսկադրիլիայի RB-50-ները փոխարինվեցին ռադիոէլեկտրոնային հետախուզության համար հատուկ կահավորված C-130A II տիպի օդանավերով: Սրանց թռիչքներն իրականացվում էին 8.500 մ բարձրության վրա, բայց քանի որ ավելի ծանր էին, թռիչքի տեւողությունը 7 ժամ էր:
Ինչպես ասվեց, էսկադրիլիայի օդանավերը բազավորվում էին «Ռայն-Մայն» ավիաբազայում, սակայն դրանք մինչեւ 1965 թ. պարբերաբար գործուղվում էին Թուրքիա 2 շաբաթով: «Ինջիրլիքից» C-130A II-ները հետախուզական թռիչքներ էին իրականացնում սոցիալիստական երկրների ուղղությամբ՝ Ռումինիա եւ Բուլղարիա, Ղրիմ (ԽՍՀՄ), Սոչի (ԽՍՀՄ), Հայաստան (ԽՍՀՄ) եւ Կասպից ծով (1963-1965 թթ. հետախուզությունն իրականացվել է Իրանի տարածքից, որն այն ժամանակ աշխարհիկ երկիր էր շահի գլխավորությամբ եւ լավ հարաբերություններ ուներ Արեւմուտքի հետ):
Հայաստանի ուղղությամբ հետախուզական թռիչքներն իրականացվում էին այսպես՝ C-130-ն Ադանայից («Ինջիրլիք») թռչում էր հյուսիս՝ մինչեւ Կայսերի (Կեսարիա), այնտեղից թեքվում էր արեւելք՝ դեպի Վանա լիճ, որտեղից թեքվում էր հյուսիս ու պտույտներ գործում հայ-թուրքական սահմանի երկայնքով, ապա վերադառնում «Ինջիրլիք»:
Ճակատագրական թռիչքը
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հաղորդագրությունից (ԱԱԳ, NSA – սա ԱՄՆ պաշտպանության նախարարությանը ենթակա մարմին է, որը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային հետախուզության ոլորտում եւ հետախուզական ու հակահետախուզական նպատակներով հավաքում եւ մշակում է ինֆորմացիա ու տվյալներ, ինչպես նաեւ զբաղվում է ԱՄՆ պետական մարմինների էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի պաշտպանությամբ), 1958-ի սեպտեմբերի 2-ին ամերիկյան C-130-ը «Ինջիրլիքից» պետք է մեկներ Տրապիզոն, հետո թեքվեր աջ եւ պտույտներ կատարեր Տրապիզոնի ու Վանի միջեւ՝ Թուրքիա-ԽՍՀՄ սահմանին զուգահեռ: Սակայն ինքնաթիռը պետք է առնվազն 100 մղոն կամ 160 կմ հեռավորություն պահպաներ միջպետական սահմանից: Ամերիկյան աղբյուրների հավաստմամբ՝ C-130-ը զինված չէր, ինչը նկատելի էր նաեւ արտաքնապես:
Երեւանի ժամանակով 15:42-ին, լինելով 7.800 մ բարձրության վրա, C-130-ի անձնակազմը զեկուցեց, որ անցնում է Տրապիզոնի վրայով եւ ընդունեց այդտեղից եկած եղանակի տեսությունը: Դա վերջին հաղորդակցությունն էր օդանավի անձնակազմի հետ: Ինչպես ասվեց, օդանավում կար 17 մարդ, որոնցից 6-ը թռիչքային անձնակազմի անդամներ էին (7406-րդ էսկադրիլիայից), իսկ մյուս 11-ը՝ ռուսերենի մասնագետ-լեզվաբաններ ու տվյալների հավաքման օպերատորներ (6911-րդ մոբիլ ռադիոխմբից): Օդանավի հրամանատարը կապիտան Ռուդի Սվիեստրան էր (Rudy J. Swiestra):
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ, NSA) ներքին կիրառության եռամսյակային հանդեսից տեղեկանում ենք, որ խորհրդային ռադարները հայտնաբերել էին օդում գտնվող C-130-ը դրա խոցումից դեռ 32 րոպե առաջ:
Հետախուզական բորտի հայտնաբերումից հետո Լենինականի (Գյումրի) օդանավակայանից երկինք ուղարկվեց խորհրդային կործանիչների առաջին օղակը՝ բաղկացած 2 հատ ՄիԳ-17-երից, որոնց նպատակը հայ-թուրքական սահմանի պարեկություն իրականացնելն էր (օդաչուներ՝ ավագ լեյտենանտ Կուչերյաեւ, ազդականչը՝ «201», եւ ավագ լեյտենանտ Իվանով, ազդականչը՝ «218»): Սակայն որոշ աղբյուրների համաձայն՝ փոշու մրրիկի պատճառով այս կործանիչները չկարողացան անմիջապես օդ բարձրանալ, եւ նրանց թռիչքը 7 րոպե հետաձգվեց: Սրա պատճառով Երեւանի «Հարավային» (ներկայում՝ «Էրեբունի») օդանավակայանից օդ բարձրացավ «Միգ-17» կործանիչների երկրորդ օղակը (օդաչուներ՝ ավագ լեյտենանտ Լոպատկով, ազդականչը՝ «582», եւ ավագ լեյտենանտ Գավրիլով, ազդականչը՝ «583»): Կործանիչների գործողություններին Լենինականի օդանավակայանից աջակցում էր հաշվարկներ կատարող կապիտան Ռոմանյուտան իր թիմով:
Կապիտան Ռոմանյուտան՝ ձախից, «Սովետական ավիացիա» թերթից, 20.09.1958 թ.
Երեւանի ժամանակով 16:06-ին անհասկանալի պատճառներով C-130-ը հատեց հայ-թուրքական սահմանը: ԱԱԳ-ի հրապարակած քարտեզում երեւում է, որ սահմանի խախտումն արձանագրվել է ներկայիս Ախուրյանի ջրամբարի (այն ժամանակ դեռ չկար) երկնքում՝ Լենինականից մոտ 20 կմ հեռավորության վրա:
C-130-ի ու խորհրդային կործանիչների թռիչքների հետագծերը՝ ըստ ամերիկյան ԱԱԳ-ի հետախուզական տվյալների
Ամերիկյան ԱԱԳ-ի տվյալներով՝ հնարավոր է, որ C-130-ի անձնակազմին ապակողմնորոշել են Հայաստանի ու Վրաստանի տարածքում գտնվող աերոնավիգացիոն ռադիոփարոսները, որոնք աշխատում էին նույն հաճախականության վրա, ինչ Տրապիզոնի ու Վանի փարոսները. նշվում է նաեւ, որ Վրաստանից եկող ազդանշաններից մեկն ավելի ուժեղ էր, քան Տրապիզոնինը: Մյուս կողմից՝ խորհրդային կողմին գաղտնալսող ամերիկացիների ռադիոէլեկտրոնային հետախուզությունը ցույց է տվել, որ այն պահին, երբ C-130-ը հատել է հայ-թուրքական սահմանը, խորհրդային համակարգերում այս բորտի իդենտիֆիկացիան փոխվել է՝ «թշնամական/չբացահայտված»-ից դառնալով «ներխուժող»: Իսկ երբ «ՄիԳ-17»-երի երկրորդ օղակի թռիչքի հետագիծը համընկել է C-130-ի հետագծին, կործանիչները նշվել են իբրեւ «մարտում ներգրավված», իսկ C-130-ը՝ «թշնամական/չբացահայտված, մարտի մեջ»: Մարտից հետո օդային նախազգուշացման խորհրդային համակարգերը հաղորդագրություն են փոխանցել՝ «թիրախը ոչնչացված է»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ խորհրդային կործանիչները սահմանախախտ C-130-ը հայտնաբերել են Երեւանի ժամանակով 16:10-ին 9.000-10.000 մետր բարձրության վրա եւ փորձել նրան ստիպել, որ վայրէջքի գնա, սակայն ամերիկյան բորտը չի ենթարկվել:
16:13-ին կործանիչները զեկուցել են, որ C-130-ը 10.000 մետրի վրա է: Երեւանից թռած ավագ լեյտենանտ Լոպատկովն ու Գավրիլովը մեկական մոտեցում են արել դեպի թիրախը, եւ Գավրիլովը զեկուցել է, որ 3 կրակահերթ է արձակել: Հետո ամերիկյան բորտի վրա գրոհել են Լենինականից թռած Կուչերյաեւն ու Իվանովը:
C-130-ը՝ ավագ լեյտենանտ Կուչերյաեւի կործանիչի թիրախում. լուսանկարն արվել է «ՄիԳ-17»-ի գնդացրի ֆոտոխցիկով
Կուչերյաեւը հայտնել է, որ իր երրորդ կրակահերթից հետո C-130-ը բռնկվել է: Դրանից հետո Լոպատկով-Գավրիլով զույգը կրկին հարձակվել է սահմանախախտի վրա:
ԱԱԳ-ի հանդեսում ներկայացված է կործանիչների օդաչուների խոսակցությունը (ոչ ամբողջական) C-130-ի դեմ մարտում. «Տեսնում եմ թիրախը… Մեծ է… Հարձակվում եմ… Թիրախը տրանսպորտային է, չորս շարժիչով… Թիրախն այրվում է… Հարվածը կա… Թիրախը թեքվում է… Կրակ եմ բացում… Պոչամասը պոկվում է… Նայե՛ք, չի փախչի, արդեն ընկնում է… Ընկնում է… Թիրախը կորցրել է կառավարումը, ընկնում է… Թիրախը շուռ է եկել… Թիրախն ընկնում է…»:
C-130-ը՝ կրակի մեջ. լուսանկարն արվել է «ՄիԳ-17»-ի գնդացրի ֆոտոխցիկով
Ամերիկյան C-130-ը կործանվեց խորհրդային «ՄիԳ-17»-երի գնդացրային կրակահերթերից Երեւանի ժամանակով 16:14-ին եւ ընկավ մայրաքաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք՝ Թալինի շրջանի (ներկայում՝ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի) Ներքին Սասնաշեն գյուղի բնակելի հատվածի անմիջական հարեւանությամբ:
Օդանավում գտնվող 17 ամերիկացիները զոհվեցին: Բոլոր «ՄիԳ-17»-երը վայրէջք կատարեցին Լենինականում:
Աղետից հետո
C-130-ի եւ դրա 17-հոգանոց անձնակազմի ճակատագիրը ամերիկյան կողմին մի քանի օր անհայտ էր, չնայած ամերիկացիները, ինչպես ասվեց, գաղտնալսել էին խորհրդային զինվորականների խոսակցություններն ու մարտական գործողություններն իրենց բորտի դեմ օդում։ Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ն դիմեց ԽՍՀՄ եւ Իրանի կառավարություններին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջիններս որեւէ տեղեկություն ունեն C-130-ի ու անձնակազմի գտնվելու վայրի մասին։ Չնայած նախապես արված պնդումներին, թե ինքնաթիռի մասին ոչինչ չգիտի, խորհրդային կառավարությունը սեպտեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանությանը հայտնեց, որ «ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է հայտնաբերվել Խորհրդային Հայաստանում՝ Երեւանից 55 կմ հյուսիս-արեւմուտք (փաստացի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 48 կմ է – հեղ.)… հայտնաբերվել են մարմնի մնացորդներ, որոնցից կարելի է ենթադրել, որ անձնակազմի 6 անդամ զոհվել է»։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, ԽՍՀՄ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկություններ խնդրեց անձնակազմի մյուս 11 անդամների մասին՝ հավելելով, որ ԱՄՆ օդուժը տեղեկություններ ունի, որ C-130-ը որսացել են խորհրդային 3 կործանիչներ, եւ դրանից հետո «օդանավը շարժվել է դեպի արեւելք՝ խորհրդային ինքնաթիռների վերահսկողության ներքո, ինչից կարճ ժամանակ անց լսվել է պայթյուն, եւ խորհրդային տարածքի մի կետում նկատվել է ծխի մեծ սյուն»։
Խորհրդային կողմը հերքեց, որ C-130-ը խոցվել է, եւ պնդեց, որ պատահարի մասին որեւէ այլ տեղեկություն չունի։ Չնայած այս հերքմանը՝ սեպտեմբերի 19-ին եւ 20-ին «Սովետական ավիացիա» թերթը հրապարակեց նյութեր, որոնք ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ, NSA) վերլուծաբանները համարեցին C-130-ի խոցման իրական հաշվետվություն՝ քողարկված վարժանքի անվան տակ։
«Սովետական ավիացիա» թերթը C-130-ի խոցումը ներկայացրել էր իբրեւ վարժանք
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ, CIA) ԱԱԳ-ին փոխանցեց Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսված խոսակցությունների բառացի թարգմանությունները: Այլ կերպ ասած՝ թուրքական հետախուզությունը գերկարճալիք հաճախականության վրա որսացել էր «ՄիԳ-17»-երի օդաչուների եւ գետնի վրա աշխատող մասնագետների խոսակցությունները սեպտեմբերի 2-ին, ապա նյութերը փոխանցել էր ամերիկյան կողմին: ԱԱԳ-ն ձայնագրություններ ստացավ նաեւ բրիտանական գործընկերոջից՝ GCHQ-ից:
Սեպտեմբերի 24-ին ԽՍՀՄ-ն ԱՄՆ-ին հանձնեց 6 ամերիկացիների մասունքները: Դրանցից նույնականացվեցին 3-ը, իսկ մյուս 3-ի ինքնությունը հաջողվեց պարզել տարիներ անց՝ 1996-1997 թթ. (մեկ այլ աղբյուր նշում է, որ սկզբնապես հաջողվել էր նույնականացնել 4 հոգու մասունքները): Նույնականացված մասունքները հողին են հանձնվել 1959 թ. փետրվարի 6-ին: Նշված 6 հոգին էին՝ օդանավի հրամանատար, կապիտան Ռուդի Սվիեստրան (Rudy J. Swiestra), կապիտան Էդվարդ Ջերուսը (Edward J. Jeruss), կապիտան Ջոն Սիմփսոնը (John E. Simpson, Sr.), առաջին լեյտենանտ Ռիկարդո Վիլյառեալը (Ricardo M. Villareal), 2-րդ կարգի օդաչուներ Արչի Բուրգը (Archie T. Bourg, Jr.) եւ Ջերալդ Մեդեյրոսը (Gerald H. Medeiros):
Մնացած 11-ի ճակատագրի վերաբերյալ անորոշությունը ցրվեց աղետից միայն 35 տարի անց՝ 1993-ին՝ Հայաստանի անկախության օրոք: Դրանք էին՝ կապիտան Փոլ Դանքանը (Paul E. Duncan), մաստեր սերժանտ Ջորջ Պետրոխիլոսը (George P. Petrochilos), տեխնիկական սերժանտ Արթուր Մելոն (Arthur L. Mello), անձնակազմի սերժանտ Լերոյ Փրայսը (Laroy Price), 1-ին կարգի օդաչու Ռոբերտ Օշինսկին (Robert J. Oshinskie), 2-րդ կարգի օդաչուներ Ջեյմս Ֆերգյուսոնը (James E. Ferguson, Jr.), Ջոել Ֆիլդսը (Joel H. Fields), Հարոլդ Քեմփսը (Harold T. Kamps), Քլեմենթ Մենքինսը (Clement O. Mankins), Ռոբերտ Մուրը (Robert H. Moore) եւ Ջերալդ Մագիակոմոն (Gerald C. Maggiacomo):
Ավիապատահարից 43 օր անց ԱԱԳ-ն հրապարակեց համապարփակ զեկույց՝ ներկայացնելով մանրամասն ինֆորմացիա թռիչքային հետագծերի մասին, ձայնագրությունների քննարկումներ, տպագիր հոդվածի վերլուծություն եւ թռիչքային հետագծերի դիագրամ: Այդուհանդերձ, ձայնագրությունների սղագրության մասով որոշակի հակասություններ կային ամերիկյան ԱԱԳ-ի ու բրիտնական GCHQ-ի տարբերակների միջեւ: Այն բանից հետո, երբ տարաձայնությունները հարթվեցին, եւ ԽՍՀՄ-ին ու մամուլին ներկայացնելու համար կազմվեց սղագրության փոխհամաձայնեցված տարբերակ, ԱՄՆ պետդեպարտամենտը Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանին ապացույցներ ներկայացրեց առ այն, որ խորհրդային կործանիչներն ամերիկյան C-130-ը խոցել են՝ «քաղաքակիրթ միջազգային պրակտիկայի կանոնները հաշվի չառնելով»: Դեսպանը վերցրեց սղագրությունները, սակայն հրաժարվեց լսել ձայնագրությունները:
Խորհրդային իշխանություններին ուղղված լրացուցիչ դիմումներն անձնակազմի անհետ կորած 11 անդամների գտնվելու վայրի մասին ամեն անգամ մերժվում էին։ Անգամ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (այսինքն՝ առաջին փոխվարչապետ) Անաստաս Միկոյանը 1959 թ. հունվարի 16-ին հերքեց, որ C-130-ը խոցվել է, եւ պնդեց, որ իր կառավարությունը տեղյակ չէ անհետ կորած 11 հոգու մասին։
Դրանից շատ չանցած՝ փետրվարի 6-ին, ԱՄՆ-ն, ձգտելով ավիապատահարի մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալ ԽՍՀՄ-ից, ՄԱԿ-ի նստաշրջանում հրապարակեց C-130-ի վրա հարձակված խորհրդային օդաչուների գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները, սակայն ԽՍՀՄ-ը շարունակում էր հերքել իր մասնակությունն ամերիկյան օդանավի աղետի մեջ:
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի ներքին գործողություններին, ապա աղետից հետո՝ 1958-ի սեպտեմբերի 5-ից, ԱՄՆ օդուժի եվրոպական հրամանատարությունը (USAFE) բոլոր C-130-ները հանեց ռադիոէլեկտրոնային հետախուզության ծրագրից «մինչեւ հետագա ծանուցում», ինչպես նաեւ կրճատեց այս ծրագրով նախատեսված հետախուզական թռիչքների երթուղիները: ԱՄՆ օդուժի գլխավոր շտաբն էլ հրամայեց ծրագրի ամբողջական վերագնահատում իրականացնել: Այդուհանդերձ, հոկտեմբերի 15-ից հետո C-130-ները վերադարձան իրենց առաքելությանը:
Մյուս կողմից՝ ամերիկյան իշխանությունները տեղի ունեցածի մասին զոհերի ընտանիքներին իրազեկելիս չէին հայտնել, որ թռիչքի իրական նպատակը եղել է ԽՍՀՄ-ին լրտեսելը, փոխարենը տեղեկացրել էին, թե իբր դա եղել է սովորական առաքելություն, որը ձախողվել է:
Մարտինի ու Միտչելի բացահայտումը
1960 թ. սեպտեմբերին ամերիկյան ԱԱԳ-ի երկու կրիպտոլոգներ (կրիպտոլոգիան գիտություն է կոդավորման՝ գաղտնագրման, եւ ապակոդավորման՝ ծածկագրերը կոտրելու եւ դրանց տակ թաքցված ինֆորմացիան վերծանելու մասին)՝ Ուիլյամ Մարտինն ու Բերնոն Միտչելը, ԱՄՆ-ից փախան ԽՍՀՄ: Դա լրջագույն հարված էր ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը եւ, մասնավորապես, ԱԱԳ-ին: Սեպտեմբերի 6-ին Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսում ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակիցները հայտարարեցին, որ իրենք հիմնականում դժգոհ են եղել որոշ մեթոդներից, որոնք կիրառում է ԱՄՆ-ն հետախուզական ինֆորմացիա հավաքելիս, մասնավորապես՝ այլ պետությունների օդային տարածքի դիտավորյալ խախտում, սեփական դաշնակիցների գաղտնի հաղորդակցությունների որսում եւ վերծանում:
Ուիլյամ Մարտինն ու Բերնոն Միտչելը ասուլիս են տալիս Մոսկվայում, 06.09.1960 թ., commons.wikimedia.org
Ասուլիսի ժամանակ Մարտինն ու Միտչելը մանրամասն նկարագրել են C-130 ինքնաթիռի թռիչքը Խորհրդային Հայաստանի վրայով: Նրանք պնդել են, որ այս հետախուզական թռիչքը նախատեսված էր խորհրդային պաշտպանական համակարգի մասին պատկերացում կազմելու համար, հետեւաբար, ներկայացնում էր ԱՄՆ-ի շահագրգռվածությունը ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու, այլ ոչ թե նրանից պաշտպանվելու հարցում: Այսինքն՝ ըստ ամերիկացի կրիպտոլոգների՝ 1958-ի սեպտեմբերի 2-ին C-130-ը դիտավորյալ է մտել Հայաստանի օդային տարածք:
Ի՞նչ պարզվեց ԽՍՀՄ փլուզումից հետո
1992-ին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ձեւավորեցին անհետ կորածների եւ ռազմագերիների հարցերով զբաղվող հանձնաժողով: Սրա միջոցով ռուսական կողմը հրապարակեց 1958-ի սեպտեմբերի 2-ի ավիապատահարի մասին մի քանի գաղտնազերծված զեկույցներ: Այսպես՝ 1958-ի սեպտեմբերի 4-ին կազմված մանրամասն զեկույցում խորհրդային գեներալներից մեկը Հայաստանից Կրեմլին հայտնել էր, թե ինչպես են «ՄիԳ»-երը որսացել եւ խոցել C-130-ը: Խորհրդային զինվորականները խոցված օդանավը նույնականացրել էին դրա պոչի վրա եղած գրանցման համարով՝ 60528, իսկ բորտի վրա եղած վահանակի վրա նշված էր, որ այն կցագրված է 7406-րդ աջակցող էսկադրիլիային:
C-130-ի մնացորդները Ներքին Սասնաշենի մոտ
Զեկույցում ներկայացվել են օդային մարտն ու դրա մասնակից խորհրդային օդաչուների անունները: Փաստաթղթում ներառվել են նաեւ «ՄիԳ»-ի գնդացրի ֆոտոխցիկով արված լուսանկարներ, որոնցում երեւում է կործանիչի թիրախում գտնվող ամերիկյան բորտի 60528 համարը, իսկ շարժիցներից ծուխ է դուրս գալիս: Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ մարդկային մնացորդները պատկանում են 6 հոգու, ինչպես նաեւ նշել է, որ կարող են լինել այլ մասունքներ, սակայն ինտենսիվ հրդեհը հնարավորություն չի տվել նույնականացնել դրանք: C-130-ից պարաշյուտով ցատկող մարդ չի նկատվել: Ըստ եզրակացության՝ օդանավում գտնվողներից ոչ ոք չէր կարող ողջ մնալ: Խորհրդային զինվորականները աղետի վայրում հայտնաբերել են 7406-րդ էսկադրիլիայի թռիչքային անձնակազմի գործուղման հրամանները, ատրճանակ, անձը հաստատող մի քանի փաստաթուղթ, ժետոններ եւ թղթադրամ (գերմանական մարկ, նիդերլանդական գուլդեն, թուրքական լիրա ու ամերիկյան դոլար):
Որոնումներ 35 տարի անց
ԱՄՆ բանակի՝ պեղումներով զբաղվող թիմը 1993 թ. այցելել է անկախացած Հայաստան: Թիմը հանդիպել է C-130-ի վրա հարձակված «ՄիԳ»-երից մեկի օդաչուին. վերջինս հայտնել է, որ խոցված օդանավը լքող պարաշյուտիստ չի տեսել: Այլ ականատեսներ եւս նշել են, որ նման բան չեն տեսել: Ամերիկացիները հարցազրույց են վերցրել նաեւ գեներալ Սոզինովից, որը դեպքից րոպեներ անց եղել էր աղետի վայրում: Գեներալը նշել է, որ C-130-ն այրվել է 8 ժամ, եւ քիչ հավանական էր, որ ողջ մնացածներ լինեն:
Ամերիկացիներն այցելել են Ներքին Սասնաշեն՝ աղետի վայր, որտեղ հայտնաբերել են ավելի քան 2000 ոսկրային ու ատամների մնացորդներ, կենսաապահովման սարքավորումներ, անձնական իրեր ու ինքնաթիռի մնացորդներ. մարդկային մասունքների միջոցով նրանք կարողացել են նույնականացնել անձնակազմի եւս երկու անդամի: Թիմը եզրակացրել է, որ մյուսները նույնպես այդ վայրում են մահացել:
«Հաշվի առնելով վթարի վայրում հայտնաբերված մնացորդների եւ նախկինում նույնականացված 6 հոգու մնացորդների ոչ ամբողջական բնույթը՝ ամբողջ անձնակազմի համար կատարվել է խմբային նույնականացում: Մասունքները խմբով կթաղվեն Արլինգտոնում»,- հայտարարել էր ԱՄՆ օդուժը։
ԱՄՆ տեղափոխված մասունքները 1998 թ. սեպտեմբերի 2-ին զինվորական պատվով հուղարկավորվել են Վիրջինիա նահանգի Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:
C-130-ի անձնակազմի մասունքների հուղարկավորությունն Արլինգտոնում, 02.09.1998 թ.
Ըստ ամերիկյան Smithsonian ամսագրի՝ 1958 թ. սեպտեմբերի 2-ի ավիապատահարը անսովոր է ոչ թե այն պատճառով, որ ԱՄՆ կառավարությունը գրեթե 40 տարի թաքցրել է հետախուզական-լրտեսական թռիչքի նպատակի մասին ճշմարտությունը, այլ այն պատճառով, որ դրա անձնակազմի անդամների մասունքները, ի վերջո, հայտնաբերվել եւ վերադարձվել են, ու նրանց հիշատակը հարգվել է։ Ամսագրի տեղեկացմամբ՝ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ին լրտեսելիս կորած առնվազն 30 այլ հետախուզական ինքնաթիռների անձնակազմերի մնացորդները չեն հայտնաբերվել, դրանց վերադարձ եւ թաղման արարողություն չի եղել։
Այս հուղարկավորությունից ուղիղ մեկ տարի առաջ՝ 1997-ի սեպտեմբերի 2-ին, ԱՄՆ Մերիլենդ նահանգի «Ֆորտ Միդ» (Fort Meade) ռազմաբազայի հարեւանությամբ, որտեղ տեղակայված է Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ, NSA), բացվեց «Վիջիլենս» ազգային պարկը (National Vigilance Park, vigilance – թարգմանաբար՝ զգոնություն): Այստեղ կանգնեցված էին ամերիկացի օդային հետախույզներին նվիրված 3 ինքնաթիռ-հուշակոթողներ, որոնցից մեկը նմանակում էր 1958-ի սեպտեմբերի 2-ին խոցված C-130 օդանավը (տես ստորեւ):
2017-ի փետրվարին այս ազգային պարկը փակվեց՝ տարածքում ԱԱԳ-ի կարիքների համար շինարարություն կատարելու նպատակով: 2018-ին ԱԱԳ-ն հայտարարեց, որ պարկը կվերաբացվի այդտեղից ոչ հեռու գտնվող Ազգային կրպիտոլոգիական թանգարանի (NCM) հարեւանությամբ:
Ի՞նչ կապ ունի ազատությունը լրտեսական գործունեության հետ
Քանդակագործ Մարտին Կակոսյանը, որն, ըստ տեղեկությունների, ականատես էր եղել C-130-ի կործանմանը, մի խաչքար քանդակեց, որը սասնաշենցիների հետ համագործակցությամբ 1993-ի օգոստոսին կանգնեցվեց գյուղի հյուսիսային մասում՝ աղետի վայրում: Ավելի ուշ ԱՄՆ տեղափոխված Կակոսյանը 1997-ի հուլիսին թարգմանիչ-ուղեկցող է եղել ԱՄՆ օդուժի կողմից հովանավորվող հետազոտական թիմի համար, որն այցելել է Ներքին Սասնաշեն: Ամերիկյան խումբը Կակոսյանի քանդակած խաչքարը տեսել է ընկած ու ջարդված:
Լուսանկարը՝ Լարի Թարթի, mirrorspectator.com
Ըստ Լարի Թարթի (Larry Tart), որը 21 տարի ծառայել է ԱՄՆ օդուժի անվտանգության ծառայությունում (USAFSS. այս ծառայության ներկայացուցիչներ էին 1958-ի սեպտեմբերի 2-ին զոհվածներից 11-ը) եւ Ներքին Սասնաշեն այցելած թիմի կազմում էր, Կակոսյանը խոստացել է նոր հուշակոթող կանգնեցնել C-130-ի զոհերի հիշատակին:
Լարի Թարթը՝ C-130-ի մնացորդների մոտ, 12.07.1997 թ., mirrorspectator.com
ԱՄՆ օդուժին փոխկապակցված ասոցիացիայի ֆինանսավորմամբ քանդակագործը 1998-ին նոր հուշաքար է պատրաստել:
Աղբյուրը՝ commons.wikimedia.org
Դրա վրա գրված է. «Սասնաշեն գյուղի բնակիչները եւ Մարտին Կակոսյանը (անունը հետագայում արտաքին միջամտությամբ ջնջվել է քարի վրայից – հեղ.) պատրաստեցին այս խաչքարը 1993-ին՝ ի հիշատակ ամերիկացի 17 օդաչուների, որոնք զոհվեցին այստեղ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ 1958 թ. սեպտեմբերի 2-ին»:
Հուշաքարի պատվանդանին էլ վահանակ է փակցված, որի վրա գրված է. «Ազատությունը ամենաթանկ բանն է աշխարհում, եւ չպետք է մոռանալ, որ այն երբեք ձրի չէ: Ազատությունը չի վճարվում միանվագ՝ յուրաքանչյուր սերունդ ունի իր ներդրումը: Առավելը, որ կարող ենք ժառանգել գալիք սերունդներին, ազատություն ունենալու հնարավորությունն է»:
Դժվար է ասել, թե ընդհանրապես ինչ կապ ունեն այս տողերը հայերի եւ Հայաստանի հետ, որոնց Թուրքիայի տարածքից, իսկ ապա սահմանը խախտելով լրտեսում էր ամերիկյան ինքնաթիռը 1958-ի սեպտեմբերին: Դժվար է նաեւ ասել, թե ինչ կլիներ սեպտեմբերի 2-ին, եթե «ՄիԳ-17»-երը չկասեցնեին սահմանախախտ C-130-ի ոչ բարեկամական թռիչքը Հայաստանի տարածքում:
Մյուս կողմից՝ փաստն այն է, որ ամերիկացիները լավ աչքով են նայում սասնաշենցիներին: Մասնավորապես՝ 2011-ի սեպտեմբերի 2-ին՝ աղետի 53-րդ տարելիցի օրը, հայ եւ ամերիկացի պաշտոնյաները վերաբացեցին Ներքին Սասնաշենի վերանորոգված մանկապարտեզը, ինչի համար ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը (EUCOM) 425.000 դոլար էր հատկացրել:
Ներքին Սասնաշենի մանկապարտեզի վերաբացումը, 02.09.2011 թ., army.mil
Ամերիկացի գնդապետ Հելմլինգերը հայտարարել էր, որ երբ 3 տարի առաջ գյուղապետից հետաքրքրվել էին, թե ինչ հարցով կարող են աջակցել, նա բարձրացրել էր մանկապարտեզի վերանորոգման թեման: Մանկապարտեզի գույքն էլ հատկացրել էր World Vision International-ը:
Առաջին լուսանկարում՝ 60528 գրանցումով C-130 օդանավը Տեխասում՝ մինչեւ գերմանական «Ռայն-Մայն» ավիաբազա ժամանելը, 1958 թ. ամառ, աղբյուրը՝ Լարի Թարթ, commons.wikimedia.org
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter