Արևիկ Կիրակոսյան
«Ռադիոլուր»
Իլոն Մասկը ներկայացրել է իր ամենահամարձակ կանխատեսումներից մեկը․ առաջիկա տասնամյակում մարդկությունը կարող է կանգնել տեխնոլոգիական այնպիսի շրջադարձի առաջ, որը հիմնովին կփոխի տնտեսությունը, աշխատաշուկան և մարդկանց առօրյան։
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ աշխատանքն այլևս գոյատևելու պարտադիր պայման չէ։ Աշխատում են մեքենաները, արտադրում են ռոբոտները, փողը կորցնում է իր նախկին նշանակությունը, իսկ մարդն ինքն է ընտրում՝ ինչով զբաղվել։ Սա ապագայի այն պատկերն է, որը ներկայացնում է Իլոն Մասկը իր վերջին հարցազրույցներից մեկում։
Tesla-ի, SpaceX-ի և xAI-ի ղեկավարի՝ 21-րդ դարի ամենաազդեցիկ նորարարներից մեկի կանխատեսմամբ՝ արհեստական բանականությունը զարգանում է այնպիսի արագությամբ, որ շուտով կարող է գերազանցել մարդկային բանականության հանրագումարը։
«Դժվար է պատկերացնել ապագան, որտեղ արհեստական բանականությունը ճնշող մեծ ծավալի չէ։ Իրականում, կարծում եմ, որ արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկային բանականության հանրագումարը մոտ հինգ տարի հետո։ Հինգ տարի հետո սա է իմ կռահումը»։
Ամենաուշագրավը՝ Մասկի համար ԱԲ-ի ապագան միայն համակարգչի էկրանի սահմաններում չէ։ Նրա պատկերացմամբ՝ հաջորդ մեծ քայլը կլինի այն պահը, երբ թվային բանականությունը կստանա ֆիզիկական ներկայություն՝ միավորվելով մարդանման ռոբոտների հետ։ Այդ դեպքում մեքենաներն այլևս չեն սահմանափակվի միայն տվյալներ մշակելով։ Դրանք կարող են դառնալ արտադրության, շինարարության, փոխադրումների և ծառայությունների իրական մասնակիցներ։
«Այս պահին ամենաարագ զարգացող ուղղությունը թվային բանականությունն է։ Սակայն այն դեռ որոշ չափով սահմանափակված է թվային միջավայրով և դեռ չունի ֆիզիկական աշխարհում գործելու անհրաժեշտ «մեխանիզմներ»։ Այդ գործառույթը պետք է ապահովեն մարդանման ռոբոտները։ Մարդկությանը անհրաժեշտ են մեծ թվով մարդանման ռոբոտներ։ Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի անցնել այն փուլից, երբ բանականությունը դրսևորվում է միայն թվային միջավայրում, դեպի այն փուլը, երբ այն կկարողանա ձևափոխել ֆիզիկական աշխարհը՝ ազդելով նյութի վրա»։
Ապագայի այս սցենարը Մասկը պատկերացնում է ոչ թե որպես հեռավոր տեսլական, այլ որպես հնարավոր իրականություն արդեն առաջիկա տասնամյակում։ Նա ընդգծում է, որ խոսքը սեփական գնահատականի, այլ ոչ թե ճշգրիտ կանխատեսման մասին է։ Այս ամենի վերջնական արդյունքը նա նկարագրում է մեկ արտահայտությամբ՝ «զարմանալի առատության դարաշրջան»։
«Ամենահավանական սցենարը զարմանալի առատության դարաշրջանն է, երբ յուրաքանչյուրը կարող է ունենալ այն ամենը, ինչ կմտածի»։
Ըստ Իլոն Մասկի՝ այսօր փողն անհրաժեշտ է, որովհետև ռեսուրսները սահմանափակ են։ Բայց եթե ԱԲ-ն և ռոբոտները կարողանան ստեղծել ավելին, քան մարդիկ, ապա կփոխվի նաև փողի նշանակությունը։ Ապրանքների և ծառայությունների առատության պայմաններում փողը կարող է կորցնել իր նշանակությունը։
« 2036 թվականին փողն այլևս նշանակություն չի ունենա։ Փողը պետք է ապրանքների և ծառայությունների համար, չէ՞։ Եթե դրանք այնքան առատ լինեն, որ ռոբոտներն ու արհեստական բանականությունը ավելի շատ ապրանք ու ծառայություն մատուցեն, քան որևէ մարդ կարող է սպառել, այդ դեպքում ի՞նչ կարիք կա փողի»։
Նույն փոփոխությունը, ըստ Մասկի, սպասվում է նաև աշխատանքի ոլորտում։ Եթե այսօր աշխատանքը շատերի համար եկամուտ ապահովելու միջոց է, ապա ապագայում այն կարող է վերածվել ընտրության․ մարդիկ կաշխատեն ոչ թե անհրաժեշտությունից, այլ հետաքրքրությունից ելնելով։
Ձայն․ «Աշխատանքը, այսպես ասենք, կամավոր է դառնալու։ Լավ օրինակ է այգեգործությունը. պարտադիր չէ զբաղվել դրանով, պարտադիր չէ բանջարեղեն աճեցնել սեփական այգում։ Կարելի է գնալ խանութ և գնել կատարելագործված տեսքով բանջարեղեն կամ էլ աճեցնել սեփական այգում»։
Սակայն նույն տեխնոլոգիան, որը, Մասկի պատկերացմամբ, կարող է բերել առատություն, ունի նաև մյուս կողմը։ Արհեստական բանականության արագ զարգացումն ուղեկցվում է անվտանգության վերաբերյալ հարցերով՝ մարդը կկարողանա՞ վերահսկել այն համակարգերը, որոնք մի օր կարող են գերազանցել իրեն։
«Ես դեռ կարծում եմ, որ արհեստական բանականության և ռոբոտների հետ կապված ռիսկ կա։ Այն զրոյական չէ, չեմ տեսնում որևէ ճանապարհ արհեստական բանականության և ռոբոտների այս անհավանական թափը կանգնեցնելու համար։ Բայց նույնիսկ եթե ես ուզենայի կանգնեցնել դա, չէի կարողանա»։
Մասկի կանխատեսումները, սակայն, միանշանակ չեն ընդունվում։ Տնտեսագետների և արհեստական բանականության ոլորտի բազմաթիվ մասնագետներ կասկածում են, որ աշխատանքի և փողի դերը կարող է այդքան արագ փոխվել։ Նրանք նաև մտահոգվում են, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունները, եթե դրա արդյունքները հավասարաչափ հասանելի չլինեն։
Այս քննարկումներում գրեթե անվիճելի է մի բան․ արհեստական բանականությունն արդեն փոխում է աշխարհը։ Բայց գլխավոր հարցն այլևս միայն այն չէ, թե ինչ կարող են անել մեքենաները, այլ՝ ինչպիսին կլինի մարդու դերը մի աշխարհում, որտեղ մեքենաները կարող են ավելի արագ, ավելի արդյունավետ և երբեմն՝ ավելի լավ կատարել այն աշխատանքը, որը մինչև հիմա անում էր մարդը։