«Կանիծեմ», «Առիթ չտան՝ չեմ հայհոյի»․ 9-րդ գումարման ԱԺ առաջին պայմանավորվածությունը բարեկիրթ համակեցության մասին է

9-րդ գումարման խորհրդարանի օրակարգային առաջին հարցերից մեկը էթիկայի հանձնաժողովի ձևավորումն է։ Որոշման նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում։ Այս մարմնի անհրաժեշտության մասին թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները խոսել են նախորդ երկու գումարումների ընթացքում, սակայն էթիկայի հանձնաժողովն այդպես էլ չի ձևավորվել ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջին ճեպազրույցի ժամանակ ի պատասխան «Ռադիոլուր»–ի հարցին, շեշտել էր՝ 9-րդ գումարման խորհրդարանը էթիկայի հանձնաժողով կունենա, և այն հանրային ճնշման լավ գործիք կդառնա։

9-րդ գումարման խորհրդարանը փորձելու է բանավիճել սուր, բայց առանց բարեկրթության սահմանները հատելու։ Այսպիսին է համենայն դեպս նորընտիր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի տեսլականը։ Կընդունեն արդյոք այդ առաջարկն ընդդիմադիրները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։

«Ես առաջարկում եմ և ընդհանրապես այս օրը համարում եմ զրոյական կետ իմ և ձեր հարաբերություններում և ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք»։

Դեռ նիստերի դահլիճ չմտած՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանից լրագրողները հետաքրքրվեցին․

«— Պարոն Քոչարյան, Դուք ամենահայտնի հայհոյողներից եք, ի՞նչ եք կարծում այս անգամ կզսպե՞ք Ձեզ։

— Տեսնենք։

— Չե՞ք հայհոյի։

— Հուսով եմ՝ դրա առիթը չի լինի, ավելի ճիշտ՝ առիթ չեն տա»։

Պատգամավորների վարքագիծն այս գումարման ընթացքում ոչ միայն բանավոր, այլև իրավական կարագավորումներով կչափվի։ Նախորդ գումարման վերջին նիստում խորհրդարանը փոփոխություն է արել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով ներդրվել է պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգ։ Հարցը, զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով, նախորդ երկու գումարումների ընթացքում անընդհատ քննարկվել է, բայց լուծում չի ստացել։ Խանգարել են նաև այն ընթացակարգերը, ըստ որոնց՝ ենթադրյալ ամեն խախտման համար պետք է առանձին ժամանակավոր մարմին ձևավորվի:

9-րդ գումարման խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան, մանրամասնեց՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կգործի երկու տարի ժամկետով, կունենա 10 անդամ․ 5-ը՝ մեծամասնությունից, 5–ը՝ ընդդիմությունից։ 6 ամիս հանձնաժողովը կղեկավարի իշխող ուժի ներկայացուցիչը, հաջորդ 6 ամիսներին նախագահը կլինի ընդդիմադիր խմբակցությունից․

«Միանգամից ասեմ․ կարող է այդ հարցը ծագել։ Եթե մի հարցով դիմեն, էթիկայի հանձնաժողովն էլ որոշի, որ էթիկայի խախտում է եղել, ի՞նչ է լինելու։ Սանկցիա, որպես այդպիսին, չի կարող լինել, բայց ինքնին այն փաստը, որ պատգամավորները իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն համապատասխան դիմում կլինի։ Ինձ թվում է` արդեն իսկ դա հանրային ճնշում է»։

Նոր գումարման առաջին նիստերից կոռեկտության և բարեվարքության առումով Ռուբեն Ռուբինյանը գոհ է։ Նրա կուսակիցները հաստատում են՝ կպահեն խոստացված կանոնները, բայց երբ անհրաժեշտ լինի, «հայելային» պատասխան կտան։ Սարիկ Մինասյանը, օրինակ, մտածել է՝ անհրաժեշտության դեպքում հայհոյանքը ինչով կփոխարինի․

«Կանիծեմ»։

Այնուաեմենայնիվ Մինասյանը չի հանդուրժի անհարգալից վերաբերմունքը․

«Կարող է ԱԺ շենքից ներս չհայհոյեմ, հանեմ դուրսը հայհոյեմ»։

Ի դեպ, էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծն արդեն ընդգրկված է 9-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգ։ Որոշումը դեռ չի ընդունվել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հետևում է բարեվարքության կանոններին․

«— Հիմա գայթակղությունը շատ մեծ է, որ պարոն Ղազարյանին ասեմ` ապրանքը դու ես, բայց քանի որ բարեկրթության կանոններով ենք առաջնորդվում, չեմ ասում։

— Չէ, մի՛ ասեք։

— Չեմ ասի»։

Ընդդիմադիրները թեև չեն անցնում կոռեկտության սահամանները, չեն էլ ողջունում Ռուբինյանի առաջարկը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյան․

«— Պարոն Ռուբինյան, երբ խոսում էիք նրա մասին, որ «Ребята, давайте жить дружно!», հիմա էնտեղ պետք է նստած լիներ Արթուր Սարգսյանը։ 

— Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно!», ես ասել եմ «давайте» լինենք բարեկիրթ։ Դրանք տարբեր բաներ են»։

Ռուբինյանը ԱԺ նախագահի թեկնածուի ելույթում շեշտել էր՝ ընդդիմադիրների հետ համերաշխ չէ ու չի լինի, բայց առաջարկում է հարգել անձնական սահմաններն ու քննադատել առանց վիրավորելու։

Leave a Comment