Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում նոր լարվածություն է առաջանում։ Ռուսաստանը չի բացառում, որ առաջիկայում կարող է քննարկվել Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելը։ Մոսկվան դա կապում է կազմակերպության ընթացակարգերի հետ, մինչդեռ փորձագետները թեման դիտարկում են նաև Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ընդհանուր լարվածության համատեքստում։ Ինչո՞ւ է հարցը կրկին հայտնվել օրակարգում, և ինչպիսի՞ քաղաքական հետևանքներ կարող են լինել։
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը, ըստ կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևի, կարող է ընդունվել միայն անդամ բոլոր երկրների համաձայնությամբ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է նոյեմբերի 11-ին Մոսկվայում։
Վիկտոր Վասիլև․ «Առաջնորդները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա մասին որոշումը, եթե պահանջվի, կկայացվի կոնսենսուսով»։
Վասիլևը հղում է արել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին, որը թույլ է տալիս սահմանափակել պետության մասնակցության որոշ ձևեր, այդ թվում՝ քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և քվեարկությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչը պնդում է, որ Հայաստանի դեպքում խնդիրը կապված է ոչ միայն ֆինանսական պարտավորությունների, այլև կազմակերպության աշխատանքային ձևաչափերում Երևանի մասնակցության նվազման հետ։
«Փաստացի, այս իրավիճակն է ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարության քվոտային պաշտոնների համար, նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբից»։
Ավելի վաղ սա հավանական էր համարել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքը։
Պետք է նշել, որ այս պահին խոսքը ոչ թե Հայաստանի անդամակցության դադարեցման, այլ կազմակերպության որոշ մարմիններում մասնակցության հնարավոր սահմանափակման մասին է։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Հայաստանը 2024-ին հայտարարել է կառույցի աշխատանքներին իր մասնակցության սառեցման մասին։ Հարաբերությունները սրվեցին հատկապես 2023 –ից, երբ Երևանը հայտարարեց, որ կազմակերպությունը համարժեք կերպով չի արձագանքել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։
Հայաստանի իշխանությունները նաև բարձրացրել էին հարցը, որ հստակ քաղաքական գնահատական չստացվեց, թե որն է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատասխանատվության գոտին։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը այս ընթացքը դիտարկում է Ռուսաստանի կողմից ավելի լայն քաղաքական ճնշումների համատեքստում։
«Քանի որ մենք նկատում ենք վերջին շրջանում Ռուսաստանի կողմից բազմակողմանի ճնշումներ Հայաստանի նկատմամբ, որոնք դրսևորվում են տնտեսական մակարդակում, քաղաքական, դիվանագիտական և նաև, իհարկե, քարոզչական մակարդակներում, կոնկրետ տվյալ քննարկվող թեման էլ նույն տրամաբանության մեջ է։ Մի քանի մակարդակում միաժամանակ Հայաստանի դեմ իրականացվում է համակողմանի ճնշման քաղաքականություն, և ներկայումս էլ նաև ՀԱՊԿ ձևաչափում Հայաստանի հետագա ներգրավվածության մասնակցության մասով նման խնդիր է առաջադրվում»։
Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում ակտիվացնել մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Վարչապետ Փաշինյանն ապրիլին նշել էր․
«Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ մենք ՀԱՊԿ-ում աշխատանքները ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկելու, այսինքն՝ ապասառեցում չի նախատեսվում։ Մենք դե յուրե և վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չեն գա, դա ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել, և հետևաբար կգործենք ըստ իրավիճակի»։
Քաղաքագիտական շրջանակներում կան տեսակետներ, որ Հայաստանն, այնուամենայնիվ, պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝եթե անգամ ՀԱՊԿ-ի առաջիկա նիստում քննարկվի Հայաստանի մասնակցության սահմանափակման հարցը, դա էական փոփոխություն չի առաջացնի Երևանի արդեն ձևավորված քաղաքական կուրսում։
«Եթե, դիցուք, նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում որոշում կայացվի Հայաստանին ՀԱՊԿ-ում մասնակցության սահմանափակման մասին, ես կարծում եմ, որ դա որևէ էական ազդեցություն Հայաստանի քաղաքականության վրա ունենալ չի կարող»։
Ավելին, ըստ նրա, նման զարգացումը կարող է անգամ որոշակիորեն ընդլայնել Հայաստանի հնարավորությունները՝ վարելու անվտանգային և պաշտպանական ոլորտներում ավելի ինքնուրույն քաղաքականություն։
Ամփոփելով՝ նկատենք, որ ՀԱՊԿ–Հայաստան հարաբերություններում հերթական լարվածությունը ձևավորվում է ոչ միայն իրավական կամ ընթացակարգային հարցերի շուրջ, այլ նաև ավելի լայն քաղաքական հակասությունների ֆոնին։ Արդյոք նոյեմբերյան գագաթնաժողովում հարցը կմտնի՞ օրակարգ, դեռ պարզ չէ։