Ադրբեջանը լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Թուրքիայի շահերը Բաքվի համար միշտ առաջնահերթություն են եղել, իսկ այս հարցը «կարմիր գիծ» է։
Նրա խոսքով՝ նախաձեռնության ի հայտ գալուց անմիջապես հետո, պետության ղեկավարի հանձնարարությամբ, ակտիվ դիվանագիտական աշխատանք է իրականացվել։
Ադրբեջանն իր դիրքորոշումը փոխանցել է իսրայելական կողմին՝ նշելով, որ նման որոշումն անարդար կլինի և չի արտացոլի պատմական իրականությունը։ Հաջիևը հավելել է, որ Իսրայելի կողմը լրջորեն է ընդունել Բաքվի ուղերձները, և արդյունքում հնարավոր է եղել կանխել հարցի հետագա առաջխաղացումը։
Նա նաև նշել է․ «Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, ներկա է Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, ներկա է Թուրքիան»՝ ընդգծելով երկու երկրների սերտ համագործակցությունը։
«Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր պետությունների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի և այսուհետ ևս այդպես ենք վարվելու»,- հայտարարել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը դադարեցրել էր 1915 թվականի իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն» ճանաչելու նախաձեռնության առաջմղումը, և Ադրբեջանի ճնշումներից հետո հարցը դուրս էր բերվել Քնեսեթի օրակարգից։