Սիսակյան 22 հասցեում վերելակով սովորական տեղաշարժը մի քանի վայրկյանում վերածվել է մղձավանջի։ Բնակիչների պատմելով՝ վերելակը 8-րդ հարկից կտրուկ արագություն է հավաքել և հայտնվել հորանում՝ նկուղում։ Չորս քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեբախտաբար, ծանր վնասվածքներ չեն ստացել։ Դեպքից ժամեր անց վերելակը կրկին շահագործվել է, սակայն բնակիչների մտահոգությունները չեն փարատվել։ Վստահ չեն՝ արդյոք անվտա՞նգ է դրանից օգտվելը։ Համատիրության նախագահը պնդում է՝ խնդիրը ոչ թե վերելակի տեխնիկական անսարքությունն էր, այլ ծանրաբեռնվածությունը։ «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել՝ ինչու շահագործման հանձնված նորակառույց շենքի վերելակը հայտնվեց նման իրավիճակում, և ո՞վ է պատասխանատու բնակիչների անվտանգության համար։